Տեառնընդառաջ. Հիսուս՝ աշխարհի լույսը

Տեառնընդառաջ. Հիսուս՝ աշխարհի լույսը | Tearnyndaraj Hisus Ashkharhi Luysy

«Լույս, որը կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի ժողովրդի համար» (Ղուկ. Բ 32)

 

Հիսուսի ծնունդից անցել էր քառասուն օր: Մովսիսական օրենքի համաձայն, Մարիամը և Հովսեփը Նրան Տիրոջը ներկայացնելու համար Երուսաղեմի տաճար տարան և այս առիթով, տաճարին նվիրելու մեկ զույգ տատրակ կամ աղավնի տարան, քանի որ աղքատ էին: Այնտեղ բարեպաշտ և աստվածավախ մի մարդ կար՝ անունը Սիմեոն. սա սպասում էր Իսրայելի մխիթարությանը և քանի որ Աստծո ճանապարհով էր քայլում՝ Ս. Հոգին նրա վրա էր: Նրան հայտնված էր, որ մահ չպիտի ճանաչի մինչև չտեսնի Տիրոջ օծյալին:

Այն օրը Մարիամն ու Հովսեփը քառասնօրյա Հիսուս մանկանը տաճար էին բերել. Սիմեոնն էլ, Ս. Հոգով առաջնորդված, այնտեղ էր եկել, և երբ մանկանը տեսավ, իր գիրկն առավ, օրհնեց և ասաց. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային՝ ըստ քո խոսքի, քանզի աչքերս տեսան Քո փրկությունը, որը պատրաստեցիր բոլոր ժողովրդների առաջ»: Եվ մի խոսք էլ ավելացրեց, որ որպես բնաբան ընտեցինք մեր քարոզի համար. «Լույս, որը կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի քո ժողովրդի համար»:

Սիմեոն ծերունու աստվածային ներշնչմամբ ասված այս վերջին խոսքը բարեպաշտ հրեաների համոզմունքն էլ էր: Անկասկած [հրեաները] ուշադրությամբ կարդացել էին մարգարեությունները, և սովորել էին, որ Մեսիական թագավորության օրհնությունները պիտի սփռվեին ոչ միայն իրենց ազգի, այլ նաև հեթանոսների վրա (Ես. ԽԹ 6): Սակայն ավա՜ղ, ինչպես որ իրենց գործերն են վկայում, նրանք խավարն ավելի սիրեցին:

Հրեաների ընդհանուր կարծիքն էր, թե հեթանոսները Մեսիական թագավորության օրհնություններին և լույսին մասնակից պիտի լինեին միայն Հրեությունը ընդունելուց հետո:

Սիմեոն ծերունու ասած այդ վերջին մարգարեական խոսքից մինչ այսօր քսան դար է անցել, և այսօր, արդարև, իրականացել է այդ մարգարեությունը: Մի պահ ամբողջությամբ պատկերացրեք աշխարհը, ոչ թե քրիստոնեական բարեպաշտ ոգով, այլ անկողմանակալությամբ, և կհամոզվեք, որ այդ խոսքը, որը նախապես անիմաստ էր թվում, այսօր, պատմական իրողությունների ճառագայթների ներքո, ակնհայտորեն երևում է իր ամբողջ վեհությամբ:

Հիսուսը՝ ճշմարտապես, մարդկության ճշմարիտ լույսն է, Նրա լույսի սահմաններից դուրս եղողները հանդերձյալ կյանքի ճշմարիտ հավատ չունեն, Աստծո մասին գաղափար չունեն, առաջադիմություն չունեն:

Այսօր, թե՛ հին և թե՛ նոր աշխարհներում, միլիոնավոր հոգիներ [մարդիկ], որպես հոգիների Արև, ողջունում են այս մեծ լուսաշող Հոգուն: Մեր եկեղեցին նույնպես, իր սուրբ մթնոլորտի մեջ մեկտեղում է աղքատին և հարուստին, տգետին և գիտակին, որոնք թեև եկեղեցուց դուրս միմյանցից անջատ են, սակայն այնտեղ, այդ սուրբ կամարների ներքո, միացած, միասիրտ և միահոգի երգում և փառաբանում են Տիրոջը, Փրկչին, աշխարհի Լույսին:

Նրա անունն ենք երգում ուրախության և վսեմ հիացմունքի արցունքներով. կրկնում ենք ոչ միայն խանդավառ օրերի և երջանկության արբեցման մեջ, այլ ավելի հաճախ թերևս այն ժամերին, երբ մարդկային ամեն ինչ դժգույն և նսեմ կյանքի տեսք ունի, այն ժամանակ, երբ նույնիսկ հասել ենք մահվան ցրտասառսուռ ստվերներին, բայց Քրիստոսից արձակվում է կյանքի լույսը, հավատի լույսը, հույսի լույսը: Թեև իրենց խրախճանքներում շատերն են ուրացել այդ երկնային Լույսը, սակայն ողջունել են իրենց տառապանքների մեջ, թեև իրենց զորության գոռոզության մեջ շատերն են հայհոյել, սակայն օրհնել են իրենց անձկության մեջ, և այնտեղ գտել են իրենց հոգեվարքի անձկության հանդարտությունը և մեղմացումը:

«Լո՜ւյս՝ մարդկությունը լուսավորելու». Հիսուսը Իր հասարակական կյանքի ընթացքում, երբ տաճար էր եկել (Հովհ Ը 2), Ինքն Իր մասին ասաց. «Ես եմ աշխարհի Լույսը»: Այս խոսքը Հիսուսը այնքան սքանչելի անվեհերությամբ ասաց, որ այնտեղ գտնվող փարիսեցիները նրան ասացին. «Դու Քո անձի մասին ես վկայում, Քո վկայությունը Ճշմարիտ չէ»: Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Թեև Ես Իմ անձի մասին եմ վկայում, բայց իմ վկայությունը ճշմարիտ է, քանի որ գիտեմ որտեղից եկա և ուր եմ գնում, բայց դուք չգիտեք, թե որտեղից եմ գալիս և ուր եմ գնում»:

Այո՝, Ինքն էր ճշմարիտ լույսը, որ ոսկեզոծ ճառագայթներով տարածվում է ամբողջ մարդկության մեջ, այնպես որ ոչ ոք չի կարող Նրա ջերմությունից և լույսից խուսափել, ո՛չ այն չար մարդիկ, ովքեր փախչում են ճշմարիտ լույսից, ո՛չ այն սկեպտիկները, որոնք ոչնչի հավատ չեն ընծայում, ո՛չ այն անհավատները, որոնք Քրիստոսի մասին ասում են, որ Նրա փառքը մահն է, և Նրա թագավորությունը վերջացած է, ո՛չ էլ նրանք, ովքեր խավարը լույսից ավելի սիրեցին: Ինչո՞ւ. քանզի նրանք ուր էլ որ գնան Քրիստոս Իր ճառագայթներով նրանց է հետևում, և իրենց խղճմտանքն էլ վկայում է, որ չեն կարող Քրիստոսի լույսից բոլորովին հեռանալ:

Հիսուսի լույսը [իր] արտաքին փայլով մարդկանց աչքերը չի շլացնում, այլ տևականորեն ճառագայթում է մարդկանց սրտերում. աղքատի սրտի և հոգու լույսն է լինում, դժբախտի մթին և կորստյան վիճակն է լուսավորուրմ և առաջնորդում: Ընդհակառակը, այն լույսը, որ սիրո ջերմությունից զուրկ է, չի կարող մարդկանց սրտերը լուսավորել, տաքացնել և միմյանց մոտեցնել, այն կեղծ մուրված և արհեստական լույս է:

Եվ այդ իսկ պատճառով է, որ մեր Փրկչին եկեղեցական մաղթանքներում ջերմագին սրտով միշտ ասում ենք. «Դու Ես գովելի Լույսը, սուրբ և առաջին Լույսը, Քեզնից փախնում է խավարը և Քո կենդանի լույսը, Տեր, ծագեցրու մեր սրտերում»: Եվ արդարև այս աղոթք-մաղթանքը միայն Հիսուսին է վայել ուղղել:

Այսպիսով երկու լույսեր կան, որ ներկա են մեր կյանքի ընթացքում. մեկը գիտության լույսն է՝ գիտական աշխարհից աձակված լույսը, որը սահմանափակվում է իրերի սահմաններով և չի կարող լուսավորել հոգու խավարը, չի կարող սրբել սրտի աղտեղությունները և չի կարող սեր ներշնչել, հույս տալ:

Ընդհակառակը՝ Քրիստոսից արձակված շողշողուն և կենսատու լույսը մեր կյանքի գիշերն է լուսավորում. այնտեղ ճառագում է Նրա լույսը՝ հետևյալ հաղթական խոսքերով. «Ես եմ աշխարհի լույսը»: Այս լույսն է, որ սփռվում է մեր կյանքի վրա, մեր վշտերի, նեղությունների վրա և Իր աստվածային սքանչելի ներգործությամբ հայտնի է դարձնում, որ Ինքն է մեր հոգու լույսը:

Ի՜նչ մեծ տարբերություն այս երկու լույսերի միջև՝ Ավետարանի լույսի և գիտության լույսի: Ավետարանի լույսը հոգու և սրտի համար է, իսկ գիտության լույսը՝ մտքի: Ավետարանի սկզբունքները բարոյական և կրոնական են, իսկ գիտությանը՝ միայն դրական, ի՜նչ մեծանուն են եղել նրանք, ովքեր ընդունել են ոչ միայն գիտության լույսը այլ նաև Ավետարանի լույսը:

Գիտական աշխարհում ապրող մեծ անձնավորություններից Կոպեռնիկոսը, Գալիլեոսը, Նյուտոնը, Կեպլերը, Կելվինը և այլոք թեև միայն գիտական աշխարհի ներկայացուցիչներ են, սակայն մեծ հավատքով ընդունել են Ավետարանի՝ Քրիստոսի լույսը:

Ավետարանը երբեք հակառակ չէ գիտության սկզբունքներին. Քրիստոսնեությունը երբեք իր նզովքները չի արձակում գիտության ճակատին, ընդհակառակը՝ իր աստվածային օրհնությամբ արգասավոր է դարձնում մտքի այդ տենչանքը: Մենք նույնպես չենք արգելում կամ բանադրում գիտության առաջադիմությունները, այլ դրանք ուրախությամբ ընդունում, սիրով ողջունում ենք, փույթ չէ, որ այն միայն նյութի կույր զորությունն է հնազանդեցնում, թող նա հեռավոր աշխարհները իրար մոտեցնելով և անապատներում քաղաքակրթություն սերմանելով՝ իր երկաթե ուղիները տարածի ընդարձակ վայրերում: Ի՞նչ փույթ, որ այն, մարդկային միտքը կայծակի արագությամբ տեղափոխելու համար, իր խորհրդավոր լարերը ձգի օվկիանոսի խորություններում: Ինչ էլ որ լինի, արդի գիտությունը երեք կնճռոտ խնդիրների առջև անզոր և աններդաշնակ է մնում: Դրանք կոչվում են տառապանք, մեղք և մահ:

Միայն Խաչից արձակված և Քրիստոսից ցոլացված լույսն է, որ լուսավորում է այս եռյակ զարհուրելի խորհուրդները՝ մեղքը, վիշտը, մահը: Ավետարանի լույսն է, որ ցույց է տալիս մեղքի մեծությունն ու ահռելի հետևանքները, և միևնույն ժամանակ ցույց է տալիս, թե մարդը ինչպես կարող է քավել այն: Ո՛չ փիլիսոփայությունը և ո՛չ էլ գիտությունը կարող են դարման կամ սպեղանի լինել նրա համար: Միայն Խաչից արձակված լույսն է նրա դարմանը: Նույնն է նաև վշտի համար. արդյոք կա՞ փիլիսոփայական որևէ վարդապետություն, որ խռովյալ սրտի համար խաղաղություն լինի: Մի՞թե կա գիտական որևէ բանաձևում, որ կարողանա վշտացած սրտի համար մխիթարություն լինել, ո՞ր գիտությունը պիտի կարողանա հնազանդեցնել խռովատանջ գիտակցությունը, ո՞ր փիլիսոփայությունը պիտի կարողանա բժշկել սրտի վերքերը: Միայն խաչից արձակված Քրիստոսի լույսն է, որ իր ջերմությամբ բուժում է սրտի վերքերը, մեղմացնում է հոգեվարքի երկյուղները:

«Լո՜ւյս՝ մարդկությունը լուսավորելու»: Ուրեմն ճշմարիտ է այս խոսքը, քանզի մարդկային կյանքը այսօր լուսավորում է Քրիստոսի փրկարար ու ճշմարիտ լույսով, և այդ լույսը որքան որ պատկանում է ամբողջ մարդկությանը, նույնքան էլ՝ այն բոլոր անհատներին, ովքեր այն ամբողջացնում են: Տեսանելի լույսի՝ արեգակի նման, որը լուսավորում է տիեզերքը, միևնույն ժամանակ ծաղկեցնելով դաշտի ամենաանփայլ և աննշան ծաղիկը և լուսավորելով թռչունների բոցանշույլ փետուրները, նույնպես և Հիսուսը մի նոր զորավոր լույս է արձակում ամբողջ մարդկության համար, լուսավորում է բոլորից փոքրերին, բոլորից տգետներին, խոնարհներին և խեղճերին, այնպես որ ամեն ոք պետք է ընդունի, որ այդ շնորհի արևն է միայն, որ իր համար կենդանություն է եղել: Մեր գոյության գործվածքը հյուսող ուրախությունները, գաղտնի վշտերը, մորմոքները, մեղքերը, այս բոլորը լուսավորվում են այդ ճշմարիտ լույսով և միանգամայն ընդունում են դեղն ու դարմանը: Հիսուսի լույսն է, որ լուսավորում է հոգին, այն ողողում է մի անծանոթ ուրախությամբ և ոսկեզոծում է բարությամբ:

Ո՜վ հավատացյալներ, դուք որ ձեր կյանքի ուղին լուսավորելու համար լույս եք փնտրում, դիմեք այդ անշիջանելի կենդանարար լույսին, քանզի միայն այդ լույսն է, որ պիտի ճեղքի հոգու թանձր քողերը, պիտի հանի այն թմրությունից, որում թաղված ենք: Դիմեցե՜ք,  դիմեցե՜ք,  այդ անշիջանելի Լույսին, ճշմարիտ և հոգեկան լույսին, բացելով ձեր հոգու լուսամուտները՝  ընդունելու երկնային լույսի բեղուն շողերը:

 

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ» Ա հատոր, Կ. Պոլիս, 1907թ.

Արևելահայերենի վերածեց Վաչագան սրկ. Դոխոլյանը

12.05.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․