Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի Սուրբ Ծննդյան շնորհավորական խոսքը | Ter Grigor Qahana Grigoryani Surb Tsnndyan Shnorhavorakan Khosqy

«Ծնաւ նոր արքայ ի Բեթղեհեմ քաղաքի,

Որդիք մարդկան, օրհնեցէ´ք, զի վասն մեր մարմնացաւ» (Շարական):            

 

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Աստվածապարգև, արևաբույր ուրախությամբ շնորհավորում եմ բոլորիս քրիստոնեա­կան կարևորագույն տոներից մեկի՝ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

Ճշմարիտ քրիստոնյաների համար այս տոնը մի առանձնահատուկ քաղցրություն և ջերմություն ունի, քանզի այսօր նշում ենք Նրա ծննդյան տոնը, ով հատուկ մեզ համար ծնվեց: Նա թողեց մարդկային աչքին աներևույթ անհուն երկնային բարձունքները, որպեսզի այն մեզ համար երևութականացնի երկրի վրա: Նա մեծագույն շնորհ արեց մեզ՝ մահկանացուներիս` Իր աստվածային էությունը մարդկային մարմնի մեջ պարփակելով, քանզի դրանով անգին հնարավորություն պարգևեց մարդկությանը՝ անմիջականորեն հանդիպելու Աստծու մարդացյալ Որդուն: Հիսուս Քրիստոս երկիր եկավ և ծնունդ առավ Սուրբ Աստվածածնից մարդու կյանքն ու նրա հաղորդակցությունը Երկնային Հոր հետ վերստին նորոգելու համար: Երկու հազար տարի առաջ բեթղեհեմյան երկնակամարում վառ փայլատակող աստղը մոգերին ցույց տվեց այն մսուրը, որտեղ շնորհընկալ սուրբ Կույս Մարիամից ծնվեց Աստծու խոստացած Փրկիչը: Այսօր մեր սուրբ եկեղեցիների երկինք խոյացող գմբեթներից նայող խաչերն էլ համայն մարդկությանը ցույց են տալիս այն վայրը, որտեղ Իրեն հավատացողների մաքուր ու խոնարհ սրտերում կրկին ծնունդ է առնում Փրկիչ Մանուկը: «Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կո­րածին»,- ասում է Տեր Հիսուս Քրիստոս (Ղուկ. 19:10) և հավելում. «Ես եկա, որպեսզի կյանք ունենաք» (Հով. 10։10)։ Եվ այս բարի ավետիսն է, որ այսօր միլիոնավոր բուխարիների կրակից էլ առավել ջերմացնում է մեր հոգիները, և սուրբծննդյան տոնից ծնված աննկարագրելի պայծառ ուրախությունն է, որ գալիս է հալեցնելու նույնիսկ ամենասառն ու խիստ սրտերը:

Արդ, թող եկեղեցիների սուրբ հարկի ներքո հնչող սուրբծննդյան աղոթքներն ու շարականները խնկի ծխի թևերով թռչեն դեպի յուրաքանչյուրիդ սրտերը և այնտեղ բացվեն անթառամ ծաղիկների պես՝ Քրիստոսաբույր անուշահամ նեկտարով լցնելով դրանց դատարկությունը: Թող Մանուկ Քրիստոսի լուսապսակ կերպարն անասելի ուրա­խությամբ ու հույսով լցնի բոլոր նրանց հոգիները, որոնք այդ պատկերը մեծ սիրով ու երկյուղածությամբ են կրում իրենց սրտերում: Թող Բարձրյալն Աստծու անհատնում ողորմածությամբ այս սքանչելի տոնի անհուն խորհուրդը բացվի այն մոլորյալ զավակների հոգիներում, որոնք դեռևս ճշմարտության փնտրտուքի մեջ են, և Քրիստոսակիր լույսը թող առաջնորդի նրանց դեպի միակ և իրական Ճշմար­տություն (Հովհ. 14:6): Մենք էլ մեր օրհնաբանությունները միացնենք քերովբեների, սերովբեների և երկնային մյուս բնակիչների փառաբանությանը և մեծ ցնծությամբ ավետենք ի լուր համայն աշխարհի.

 

«Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս»:

 

Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ

05.01.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․