13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ և նորապսակ զավակներ,
Սրտի ցնծությամբ շնորհավորում եմ բոլորիս Հայ Եկեղեցու լուսապայծառ տոներից մեկի՝ Տեառնընդառաջի կապակցությամբ: Մոտ երկու հազարամյակ առաջ այս օրը, երբ ընդունված կարգի համաձայն Հովսեփ Արդարն ու Սրբուհի Աստվածամայրը քառասնօրյա աստվածամանուկ Քրիստոսին Տաճար բերեցին՝ ի նշան ընծայության Աստծուն, արդար և աստվածավախ ծերունի Սիմեոնը, որին Աստված խոստացել էր, որ մահ չի տեսնելու մինչև Տիրոջ Օծյալին չտեսնի, ընդառաջ ելավ մանուկ Փրկչին, իր գիրկն առավ Նրան և գոհություն հայտնեց Ամենակալին այն բանի համար, որ արժանի եղավ տեսնելու Տիրոջ խոստումն ի կատար ածված: Համայն մարդկության Փրկիչը ծնունդ առավ Սուրբ Կույսից և փրկության լույսը պարգևեց ամենքիս: Աստվածային կատարյալ սիրո անեղ լույսը հաղթեց մահաշունչ խավարին, մաքրեց տառապած հոգիների մեղավոր ախտերը, ջերմացրեց և փրկչական լույսով լցրեց դատարկ ու մութ սրտերը: Ահա այս աստվածային սքանչելի լույսն է, որ այսօր վերցնում ենք եկեղեցիներից և մեր սրտերի կանթեղներում վառած, մեր տներն ենք շտապում, որպեսզի դրա պարգևած կենարար շունչն ու զորեղ ոգին րոպե առաջ մեր հարազատներին ու մերձավորներին փոխանցենք: Եվ քանի որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս օրը հռչակել է նաև նորապսակների օրհնության օր, ապա ջերմագին շնորհավորանքներս եմ հղում բոլոր նորապսակ զույգերին և աղոթում առ Երկնավոր Բարեգութ Հայր, որպեսզի Իր օրհնաբեր սիրո ճաճանչներն իրենց շողերն արձակեն ձեր նորաթուխ ընտանիքներից ներս և բարեբեր ծիլեր տան ապագա միասնական կյանքի համար: Թող Հիսուս Քրիստոսի անձնազոհ սերն անմար օրինակ լինի ձեզ համար՝ համբերություն և խոնարհություն պարգևելով դժվարության պահին, օգնի հաստատուն մնալու ձեր տված խոստումներին և պատվով տանելու համատեղ կյանքի քաղցրություններն ու դառնությունները: Թող ձեր սրտերում աճեցրած աստվածային սերը միշտ գերիշխող լինի մնացյալ զգացումների վրա և ձեր հայացքներն ուղղի դեպի գերագույն նպատակ ու փրկություն՝ Տեր Հիսուս Քրիստոս: Ապրե՛ք Քրիստոսով, սիրե՛ք Քրիստոսով և թող Բարձրյալի Ամենախնամ Աջը պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու Հոգևոր Հովիվ