13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Հեզահամբույր մայրեր, քույրեր և դուստրեր,
Սրտաբուխ շնորհավորանքներս եմ հղում ամենքիդ՝ Սուրբ Աստվածածնի ավետման աստվածապարգև տոնի կապակցությամբ, որն էլ հիմք է հանդիսացել մայրության և գեղեցկության արևաբույր տոնի:
Ամեն տարի գարնանային այս լուսաշող օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ նշում է Սուրբ Աստվածամոր երկրային կյանքում կատարված կարևորագույն իրադարձություններից մեկը, որը նույնպիսի կարևորություն ունի նաև յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում: Այս օրն Ամենայնի Արարարիչ Տերն իր մեծագույն շնորհի՝ մարդկության Փրկչի ծննդյան ավետիսն ուղարկեց դեռատի Կույսին, ով չնայած այն հանգամանքին, որ չպատկերացրեց անգամ, թե ինչպես է հնարավոր այն, ինչ Տիրոջ պատգամաբերն իրեն հայտնեց, բայց իր սուրբ սրտում ունեցած խոնարհությամբ առաջնորդվելով՝ ընդունեց Ամենակալի կամքն ու ենթարկվեց դրան:
Հայոց Աշխարհի տիկնայք միշտ էլ զարդարված են եղել հայ կնոջը վայել խոնարհությամբ, քնքշությամբ ու հեզությամբ, և միշտ վեհությամբ են կրել աստվածապատգամ այդ զարդերը: Հայ մայրերը դաստիարակել են ազնիվ, քաջ ու հայրենանվեր որդիներ: Հայ կանայք ու քույրերը միշտ էլ անվեհերությամբ կանգնած են եղել իրենց այրերի ու եղբայրների կողքին՝ որպես հավատարիմ օգնականներ: Հայ դուստրերն իրենց հնազանդությամբ, անաղարտությամբ և բարի վարքով միշտ բարձր են պահել իրենց հայրերի գլուխները: Եվ ես այսօր մաղթում եմ, որպեսզի ազգային այս գեղեցիկ գծերը, քրիստոնեական սուրբ հավատով տոգորված, շարունակեն ապրել և ծլարձակել հայ կանանց ու աղջիկների սրտերում, քանզի նրանց փխրուն ուսերն են կրում արժանապատիվ սերունդներ դաստիարակելու քաղցր բեռը:
Թող Աստծո Անթառամ Ծաղկի աստվածահաճո սուրբ կյանքի օրինակն օգնի ձեզ հաղթահարելու ձեր ընտրած ուղու վրա հանդիպող բոլոր դժվարությունները, սիրելինե՛ր: Նրա բարեխոսությունն իր Միածնի առջև ուժ և տոկունություն պարգևի ձեր նուրբ հոգիներին՝ համբերելու ձեր առջև ծառացած փորձություններին: Թող Անարատ Կույսի լուսապայծառ կերպարը միշտ ջերմացնի ձեր սրտերը և ուղղորդի փրկության ճանապարհին: Ես էլ աղաչում եմ Սրբուհի Մարիամ Աստվածածնին, որպեսզի բարեխոսի Տեր Հիսուս Քրիստոսի առջև պահապան և զորավիգ լինելու ձեզ և ձեր զավակներին: Թող Աստծո ամենազոր խաչի նշանի, խաղաղ և անամպ երկնքի ներքո ծաղկեն ձեր ընտանիքները, արմատավորվեն հայրենի բարեբեր հողում և բարի պտուղներ տան ի փառս Աստծո և հայրենիքի: Ամեն:
«Թող ձեր արտաքի՛նը զարդարված չլինի հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ» (Ա Պետ. 3:3, 4)
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ