13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Մեծ ուրախությամբ շնորհավորում եմ ամենքիս Ծաղկազարդի գարնանաբույր, հրաշալի տոնի կապակցությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այս տոնը հայտարարվել է երեխաների օրհնության օր, ուստի խոսքս առավելապես ուղղում եմ այն մարդկանց, ովքեր Աստծո օրհնությամբ ծնող կոչվելու բարձր շնորհին են արժանացել և այսօր իրենց զավակների հետ միասին շտապել են եկեղեցի՝ իրենց խոնարհումն ու օրհնաբանությունները բերելու Երուսաղեմ մուտք գործող Փառապանծ Արքային:
Սիրասո՛ւն մայրեր և բարեպա՛շտ հայրեր, մեր Տեր Հիսուս Քրիստոս անգին գանձեր է ուղարկել ձեզ՝ ի դեմս ձեր զավակների: Նա ձեզ է վստահել այդ անաղարտ հոգիների դաստիարակությունը՝ մեծ պատասխանատվություն դնելով ձեզ վրա: Սակայն Բարեգութ Հայրը երբեք միայնակ չի թողնում Իր արարածներին, քանզի արարումից առաջ իսկ սիրեց մարդկանց և մինչ ձեր զավակների ծնունդ առնելն արդեն հոգացել է նրանց ճիշտ և աստվածահաճո դաստիարակության մասին՝ որպես ուղեցույց տալով Սուրբ Գիրքը, սրբերի վարքերն ու եկեղեցու հայրերի աշխատությունները: Մայր Եկեղեցին էլ, հիմնվելով այդ ամենի վրա, չի դադարում օրնիբուն աղոթել, խրատել և ուսուցանել ձեր և ձեր զավակների աստվածադիր անմահ հոգիների փրկության համար:
Այո՛, սիրելինե՛ր, դուք ծնել եք ձեր զավակներին մարմնապես, սակայն մարդուն մարդ դարձնող անմահ հոգու ծնողն Աստված է, ուստի բոլորի հոգիները պետք է ուղղված լինեն դեպի իրենց կենդանություն պարգևող Լույսը: Եվ ծնողներն են, որ պետք է գիտակցեն, որ հոգատարության առաջնահերթությունը պետք է իրենց զավակների ոչ թե մարմնի կարիքներին տան, այլ՝ հոգու: Օրնիբուն չմտահոգվեն իրենց երեխաներին նյութական հարստությամբ ապահովելու մասին և մոռացության մատնեն հոգևոր հարստությունները, որպեսզի չպատահի թե զավակները հասունանալով միայն նյութական ժամանակավոր բարիքներով ապահովված մարմիններ ունենան, և կորցրած լինեն ամենաթանկարժեքը՝ սիրտն ու հոգին: «Այն հայրերը, որոնք հոգ չեն տանում իրենց զավակների պարկեշտության ու համեստության մասին, մանկասպաններ են և ավելի դաժան, քան մանկասպանները, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է հոգու կործանմանն ու մահվանը»,- ասել է սուրբ Հովհան Ոսկեբերանը:
Երկարաշունչ ճառերով մի՛ հոգնեցրեք ձեր զավակներին, սիրելի՛ ծնողներ, այլ բարեպաշտության կենդանի օրինակ եղեք նրանց համար: Թող քրիստոնեավայել ձեր կյանքը դեպի աստվածահաճո ընթացք ուղղի ձեր զավակների քայլերը: Աստծո և մերձավորի հանդեպ ցուցաբերած ձեր սերը թող սովորեցնի նրանց սիրել, ձեր աղոթքներն՝ աղոթել, ողորմության ու ներողամտության գործերը՝ բարեգութ լինել: Ես էլ աղոթում եմ Երկնավոր Հորը, որպեսզի խոնարհությունը, եղբայրասիրությունը, հեզությունը, աշխատասիրությունը, ողորմածությունը, ժուժկալությունն ու ողջախոհությունն այսուհետ ձեր զավակների անկողոպտելի գանձերը դառնան և ուղղեն նրանց դեպի հավիտենական փրկություն: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ