Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Հարության տոնի պատգամը

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի Սուրբ Հարության տոնի պատգամը | Ter Grigor Qhn Grigoryani Surb Harutyan Toni Patgamy

Իմ շատ սիրելի հավատացյալներ,
«Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»։ Մեծ սիրով և ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ ամենակարևոր տոնի՝ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության առթիվ, առանց որի աշխարհում անիմաստ կլիներ ամեն ինչ։ Օրհնյալ, օրհնյալ ու հավետ փառավորյալ է մեր Տերը՝ «Անսկիզբը և Անվախճանը, որ մեռավ և կենդանացավ» (Հայտ․ 2։8)։ Նա՝ «ննջեցյալների առաջին պտուղը» (Ա Կորնթ․ 15։20) երկու հազար տարի առաջ այս օրերին թափուր թողեց Իր պատանքն ու գերեզմանը՝ խոստանալով, որ վերջին օրը նույնին արժանանալու ենք նաև մենք ու մեր սիրելիները։
Ողորմած Աստված չի անտեսում Իր արարածներից և ոչ մեկին և բոլորին կանչում է Իր տոնին մասնակցելու։ Ինչպես որ Իր մահից հետո Նա չխորշեց դժոխքից ու իջավ դրա խորխորատներն՝ այնտեղից դուրս բերելու բոլոր արդար հոգիներին, ովքեր հավատացին, այնպես էլ յուրաքանչյուր օր Նա չի խորշում մեր սրտերի, մեր հոգիների մութ ու մեղավոր խորխորատները իջնելուց՝ արդարության ու սրբության գեթ մի նշույլ այնտեղ գտնելու և Իր աստվածային ուժով վեր բարձրացնելու համար։
Այսօր մենք տոնում ենք Քրիստոսի հաղթանակը մահվան դեմ՝ ողջունելով միմյանց «Քրիստոս հարյավ ի մեռելոց» սքանչելի հաղթական ավետիսով, ուստի այլևս չենք վախենում ոչնչից, քանի որ մեր ընդհանուր՝ համամարդկային անցյալը մաքրված ու սրբագործված է Նրա փրկչական արյամբ։ Այսօր մենք իրապես ուրախանում ենք Սուրբ Հարության անստվեր ուրախությամբ, և ես մաղթում եմ, որպեսզի այդ սրբագործ ու լուսավոր ուրախությունը հարատև ուղեկցի ձեզ, սիրելինե՛ր, ողջ տարվա ընթացքում։ Ուրախանանք ոչ թե պահքի ավարտի համար կամ մեր տների ու եկեղեցիների տոնական զարդարանքի, այլ Սուրբ Հարության ճշմարիտ ուրախությունը ապրենք, քանի որ մահը հաղթված է այլևս, որդիական պատիվը՝ վերականգնված, և բաց են հայրական տան դռները դարձի եկած յուրաքանչյուր զավակի համար։ Ուրախանանք մեր կյանքի վերածնունդով, մեր հոգու ապաքինությամբ ու նոր գարունով։ Թող հարուցյալ Քրիստոսով ու Նրա կենդանարար զորությամբ լցվեն մեր հոգիներն ու դառնան Աստծուն փառավորող փթթող այգիներ։ Եվ ամեն անգամ, երբ վիշտն ու վհատությունը կփորձեն կոտրել մեզ, հիշենք, որ Քրիստոս հարյավ ի մեռելոց, և միշտ ապրենք այնպես, որ «մեծարվի Քրիստոս մեր մարմնի մեջ թե՛ մեր ապրելով և թե՛ մեռնելով» (հմմտ․ Փիլիպ․ 1։20)։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

 

16.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․