13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրասո՛ւն եղբայրներ և քույրեր ի Տեր Հիսուս Քրիստոս,
«Այսօր տօն է սուրբ ծննդեան… Տեառն մերոյ եւ յայտնութեան». Սուրբ Ծննդյան այս քաղցրալուր ու հոգեզմայլ շարականն է այսօր հնչում յուրաքանչյուրիս հոգում, և ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլորիս այս լույսի, հույսի, հրաշքի ու սիրո տոնի կապակցությամբ: Այսօր մեր Երկանավոր Հայրը, Մայր եկեղեցու շուրթերով, մեզ մեծ ավետիս ու հրավեր է ուղարկում՝ այցելելու բեթղեհեմյան քարայր ու սեփական աչքերով տեսնելու սքանչելի Մանկանը: Այսօր Տեր Աստված մեզ հանդիպման է կանչում, սիրելի՛ հավատացյալներ: Կանչում է՝ մասնակիցը լինելու զարմանահրաշ ու հոգեցունց մի հանդիպման՝ մարդ-արարածի կյանքի կարևորագույն ու որոշիչ հանդիպմանը:
Քարայրի մուտքը լուսաշող ու բաց է, շուրջը հնչող հրեշտակների օրհներգությունը՝ քաղցր ու հոգեհարազատ, վերում փայլող բեթղեհեմյան աստղը՝ պայծառ ու ոգևորող: Բայց ես ուզում եմ, որպեսզի մի պահ երկյուղածորեն կանգ առնենք այրի մուտքի մոտ՝ խորապես գիտակցելու այն մեծագույն խորհուրդը, որի անմիջական մասնակիցն ենք դառնալու բոլորս: Ուզում եմ լռենք, որպեսզի կարողանանք ունկնդրել աստվածային խաղաղությունը, որ մեզ է սպասում քարայրի ներսում: Ուզում եմ փակենք մեր աչքերն ու հոգևոր հայացքով տեսնենք փրկչական լույսը, որ մեզ է սպասում անձավի շեմից անդին: Ուզում եմ ներս մտնելուց առաջ մեզնից թոթափենք հին մարդուն՝ իր վախերով ու թերահավատությամբ, կրքերով ու մոլորությամբ և բաղձալի հանդիպմանը ներկայանանք ապաշխարությամբ լվացված ու մաքրված հոգևոր նոր հանդերձներով:
Բարձրյալն Աստված մեծագույն պատիվ ու ողորմություն է արել մեզ՝ Իր Միածնին մեր փրկության համար աշխարհ ուղարկելով, ուստի հուշիկ քայլերո՛վ մոտենանք կատարյալ Սրբությանը և ծո՛ւնկ խոնարհենք Աստվածորդի մանուկ Քրիստոսի ու Նրա չքնաղագեղ սուրբ Մոր առջև: Թո՛ւյլ տանք, որպեսզի «անհաս ու անսկիզբ խորին Խորհուրդը» մեր սրտում էլ ծնունդ առնի, որպեսզի մանուկ Էմմանուել ևս մեկ անգամ վստահեցնի ինձ ու քեզ, որ «Աստված մեզ հետ է» (հմմտ. Մտթ. 1:23):
Այսօր Հայրը ժպտում է մեզ, սիրելի՛ հավատացյալներ և հրավիրում ոտքի կանգնելու: Այսօր մեր Փրկիչը հույսի, հավատի ու սիրո անմար կանթեղ է վառում Իր մսուրին ուխտավորաբար այցելած յուրաքանչյուրի հոգում՝ այն աշխարհին տանելու մեծագույն պատվիրանով: Ուստի, զորացե՛ք, քաջալերվեցե՛ք ու մխիթարվեցե՛ք սուրբծննդյան ավետիսով. հազարամյակների բաժանումից հետո Ամենակալ Արքան, Երկնային Հայրը հաշտության ձեռք է մեկնում անհատապես յուրաքանչյուրիս, փրկության կանչում և հրավիրում՝ Իրեն միավորվելու՝ սիրելի Որդու միջոցով: Արդ, համարձակորեն ընդառա՛ջ գնանք Բարեգութ Տիրոջը՝ աղերսելով, որպեսզի Փրկչի Ծննդյան աննվազ լույսը տարածվի ողջ աշխարհում և Հայոց երկնակամարում՝ հալածելով ու չքացնելով չարն ու խավարը, և բաղձալի խաղաղությունը հաստատելով յուրաքանչյուրիս հոգում, օջախում ու մեր երկրում: Եվ թող որ բոլորիս շուրթերն այսօր օրհնեն Փրկչին ու հռչակեն երկնային ավետիսն ի լուր համայն աշխարհի. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս»:
Աղոթքով և օրհնությամբ՝
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ