Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը՝ այցելելով կարիքավոր ընտանիքների: Սեպտեմբերի 23-ին համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, այցելեց Մանուկյան ընտանքին: 31-ամյա Մանուկյան Ալլան, իր տատիկի և երկու զավակների՝ Հրաչյայի (13 տ.) ու Մերիի (11 տ.) հետ միասին բնակվում է Նորաշեն թաղամասի 47/7շ., բն. 2 հասցեում: Սոցիալապես անապահով ընտանիքն ապրում է երեք հարկանի շենքի առաջին հարկի մեկ սենյականոց խոնավ բնակարանում, որ նախկինում ավտոտնակ է եղել և ուր շատ հաճախ առնետներ են ներթափանցում: Ընտանիքի մոր՝ Ալլայի համար ամենամեծ ցավը և մտահոգությունն իր դստեր առողջական խնդիրն է: Մերին ծնվել է Վեստի համախտանիշով, որը երեխայի մոտ արտահայտվել է շատ հազվադեպ հանդիպող կերպով՝ գոյացությունն ուղեղի երկու կիսագնդերի միջև է գտնվում: Երեխայի մոտ հիվանդությունը բացահայտել են երեք ամսականում: Մերին երկար տարիներ է, ինչ գամված է սայլակին և չի խոսում: Ալլան նշեց, որ Մերիի վիրահատությունն ու բուժումը հնարավոր է միայն արտերկրում, ինչի գումարն իրենք ի վիճակի չեն վճարելու: Երեխայի հիվանդության պատճառով հայրն ութ տարի առաջ լքել է ընտանիքը և միայն դատարանի միջամտությամբ է սկսել երեխաների համար նվազագույն ալիմենտը վճարել: Մերիին հատկացվող թոշակի և ալիմենտի գումարները չեն բավարարում նրա դեղորյաքի, տակդիրների և ընտանիքի կարիքները հոգալուն:
Ալլան հուզմունքով ասաց, որ այս տարիների ընթացքում չի նվազել իր հավատն ու հույսն առ Աստված, որ Տերը միշտ պահպանում է իր դստերը, ով ծնվել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը՝ հունվարի 6-ին:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց համայնքի անդամ Անահիտ Խաչատրյանի (50 000 դրամ) և ամերիկաբնակ Ալեքսանդր Խոջա-Էյնատյանի (100 ԱՄՆ դոլար) կողմից տրամադրած դրամական օգնությունները:
Միքիա մարգարեն Սբ. Հոգու ներշնչումով ասել է. «Տերը քեզանից ի՞նչ է պահանջում՝ ողորմություն սիրել» (6:8): Ճշմարիտ քրիստոնյան մերձավորի թե՛ ուրախությունը և թե՛ ցավը փորձում է իրենը համարել՝ ուրախակից լինելով նրա ուրախությանը և կարեկից՝ վշտին: Եկեղեցու հայրերից մեկը, ողորմության հետ կապված, կարևորում է մի հանգամանք՝ ասելով, որ եթե քեզ տարօրինակ է թվում սիրել օտարին, անծանոթին՝ քեզ ոչ մի բարիք չբերող, ապա հիշիր, որ քանի անգամներ է Տերը քեզ՝ անարժանիդ, բարիքներ տվել՝ այդ ամենի դիմաց չսպասելով քեզանից ոչինչ, այլ միայն սեր՝ մերձավորի հանդեպ:
Կարինե Սուգիկյան