«Տիրոջ Հոգին Ինձ վրա է, դրա համար իսկ օծեց Ինձ, Ինձ ուղարկեց աղքատներին ավետարանելու» (Ղուկ. 4.18)։
Հիսուս եկավ Նազարեթ, որտեղ Նա մեծացել էր, և ըստ Իր սովորության՝ գնաց ժողովարան: Եվ երբ Նրա ձեռքը տվեցին Եսայի մարգարեի գիրքը, որ կարդա, բացվեց ճիշտ այն գլուխը, որտեղ գրված է. «Տիրոջ Հոգին Ինձ վրա է, և օծեց Ինձ, որ աղքատներին ավետարանեմ» (Եսայի 61.1):
Եսայի մարգարեի այս ակնարկությունը խոստացյալ Մեսիայի գալստյան մասին էր, և Հիսուս Իր քարոզությունը սկսում է Եսայու՝ Իր գալստյան վերաբերյալ այս մարգարեությամբ:
Հիսուս Ինքն էլ է ասում. «Այսօր կատարվեց այս գրվածքը»: Արդարև, անհնար կլինի բացատրել Հիսուսի ավետարանական հաղթանակը, եթե չընդունենք, որ Տիրոջ Հոգին Նրա վրա էր:
Հիսուսից շատ դարեր առաջ շատ փիլիսոփաներ են ապրել՝ Սոկրատեսը, Պլատոնը, Արիստոտելը, Կիկերոնը և ուրիշներ, որոնք մտքի վսեմագույն հանճարներ էին և որոնք կամեցան գտնել ու ճանաչել անծանոթ Աստծուն, սակայն մեռան՝ առանց գտնելու: Ինչո՞ւ, որովհետև թեպետ մարդկային մտքի հսկաներ էին, սակայն զուրկ էին Տիրոջ Հոգուց:
Հիսուս ստուգապես աստվածային Հոգով լցված լինելու շնորհիվ էր, որ հաջողեց Իր աստվածային առաքելությունը և դարձավ մարդկության Փրկիչը: Նույնը կարող ենք ասել նաև Նրա ձկնորս, տգետ առաքյալների մասին: Եթե Սուրբ Հոգու գալուստը չլիներ, ապա անհնար կլիներ գիտակցել առաքելական այն բարձր կոչումը, որի ընտրյալներն էին նրանք: Առանց Տիրոջ Հոգու՝ անհնար էր, որ երեկվա ձկնորսները հանկարծ քրիստոնեական կրոնի անձնազոհ առաքյալները դառնային:
Տիրոջ Հոգին ինչպե՞ս է հայտնվում: Տիրոջ Հոգին անսահման զոհաբերության այն բարձրագույն գիտակցությունն է, որը Հիսուս ցույց տվեց Գողգոթայի խաչի վրա, իսկ Նրա բոլոր առաքյալներն ու աշակերտներն այն մատնացույց արեցին իրենց չարչարալից մահերով:
Հիսուս ատվածային Սուրբ Հոգին փոխանցեց Իր առաքյալներին ու աշակերտներին, նրանք էլ իրենց հաջորդներին և անդրանիկ հավատացյալներին, որով նրանք հանձն առան ամեն հալածանք, նախատինք ու չարչարանք, և արհամարհեցին մահը:
Առանց զոհաբերության այս անսահման Հոգու՝ անկարելի կլիներ ապահովել քրիստոնեական կրոնի հաղթանակը: Առանց Տիրոջ Հոգու՝ անհնար կլիներ, որ սուրբ Գրիգոր Լուսավորիչը կարողանար ցույց տալ զոհաբերության այն անընկճելի ոգին, որի շնորհիվ նա իր առաջ ծնկի բերեց հայոց գոռոզ արքա Տրդատին և լուսավորեց Հայաստան աշխարհը:
Նույնպես և առանց Տիրոջ Հոգու անհնար էր, որ սուրբ Սահակը և սուրբ Մեսրոպը կարողանային կատարել բարոյական ու մտավոր այն հսկա դերակատարությունը, որի շնորհիվ հայ ազգը կարողացավ ելնել ձուլման դարավոր վտանգի դեմ, մի բան, որ հայազգի հզորագույն թագավորներից և ոչ մեկը չկարողացավ անել:
Չէ՞ որ նյութի հաղթանակը առժամանակյա է, իսկ հոգու կամ գաղափարի հաղթանակն անանց ու հավիտենական է, ինչի ապացույցն էին մինչ այժմ մեր հիշատակած օրինակները։
Թեպետ շատ դժվար է առավելապես նյութապաշտ այս դարում հոգու բարոյական անսահման ուժի մասին հավաստիք ընծայել, սակայն քրիստոնեական կրոնի պատմությանը մի հպանցիկ ակնարկը ամենահամառներին անգամ կհամոզի, որ, անտարակույս, մարդկության պատմության մեջ անմոռանալի, մեծ անուն են թողել միայն նրանք, ոքվեր լցված են եղել Տիրոջ Հոգով և տոգորված՝ անսահման զոհաբերության բարձր գիտակցությամբ․ այդպիսիք են հաջողացրել բարոյական հաղթանակներ ձեռք բերել։ Ամեն մարդ իր բարոյական կյանքում կարիք ունի բարոյական ուժի, որի աղբյուրը միայն Տիրոջ Հոգին կարող է լինել։
Եթե մեր հայ ազգի անցյալ ու անցնող սերունդները ապրեցին, տոկացին և ապահովեցին «ցեղ»-ի գոյությունն ու հարատևությունը, ապա դա միայն իրենց բարոյական ու հոգեկան ուժի շնորհիվ էր։ Իսկ եթե այսօր հայազգի նորաթուխ սերունդներն ի վիճակի չեն ապահովելու հայության հարատևությունը, ապա դա այն պատճառով է, որ կարևորություն չեն տալիս բարոյական ու հոգեկան ուժերին և կարծում են, որ նյութական կամ դրամական ուժն ինքնին բավարար է ամեն հաջողության հասնելու համար։
Բայց նախքան ժողովուրդը մենք՝ հոգևորականներս այդ Հոգու կարիքն ունենք։ Եվ քանի որ Տիրոջ Հոգին չունենք մեր մեջ, ուստի չենք կարողանում հոգևոր և բարոյական նոր կյանք ներշնչել ձուլման անմիջական վտանգին ենթակա մեր անտեր, անճար ու թափառական հայրենակիցներին։ Չէ՞ որ մարդ իր չունեցածը չի կարող տալ ուրիշին։
Եթե այսօր Հայ Եկեղեցին աննախընթաց, վերահաս վտանգի տակ է, ապա պատճառն այն է, որ հայ հոգևորականությունը զուրկ է բարոյական արժեքից։ Եթե բարոյական արժեք ունենար, կկարողանար հրաշքներ գործել, և փույթ չէ, թե այդպիսի հոգևորականները չնչին թիվ կկազմեին։ Չէ՞ որ հայ ազգի 1600 տարվա պատմության մեջ սուրբ Սահակն ու սուրբ Մեսրոպը հսկայական բարոյական և մտավոր այնպիսի առաքելություն կատարեցին, որի նմանը հայոց բոլոր թագավորները միասին չկարողացան գործադրել։ Առանց բարոյական ներքին արժեքի՝ մարդ ոչ մի արժեք չունի, այլ միայն մի ուրվական է։
Հայոց նորաթուխ սերունդների համար փրկության միակ ճանապարհն այս ճշմարտության գիտակցումն է և խորապես համոզումն առ այն, որ առանց բարոյական արժեքի՝ մարդը ոչնչություն է, և կապ չունի, որ նա ուսյալ է, շատ լեզուներ գիտի կամ շատ հարուստ է։
Մարդկային մեծագույն հաղթանակները, որ երբևէ արձանագրել է մարդկային պատմությունը, բարոյական հաղթանակներն են, և ոչ թե նյութական կամ զինվորական հաղթությունները։ Հին Հռոմը կործանվեց ոչ թե այն պատճառով, որ զորություն, հարստություն, գիտություն և մտքի աշխարհահռչակ տիտաններ չուներ, այլ այդ մեծն Հռոմը կործանվեց, քանի որ բարոյական արժե՛ք չուներ։
Կյանքի մեծագույն հաղթանակը բարոյականության ու գաղափարի, և ոչ թե նյութի հաղթանակն է։ Քրիստոնեական կրոնն ասվածի լավագույն ապացույցն է։ Մեր ամենքի ջանքերը պետք է ուղղվեն հայոց նորընծա սերունդներին դաստիարակելու բարոյական առողջ սկզբունքներով ու գաղափարներով և արմատախիլ անելու այն թյուր պատկերացումները, թե իբր կյանքում հաջողության հասնելու համար բարոյական արժանիքները բոլորովին երկրորդական դեր ունեն և թե ամեն պատիվ պետք է ընծայել դրամին ու նյութին։
Եթե ուսումնասիրենք Ամերիկայի միլիարդատերերի կենսագրությունը, կտեսնենք, որ ամենքն էլ հասարակ աշխատավորի կարգավիճակից հասել են հասարակական կյանքի բարձրագույն աստիճաններին միայն իրենց բարոյական արժանիքների շնորհիվ։ Քանի որ առանց բարոյական արժանիքի ու արժեքի ձևավորված համբավն ու փառքը նմանվում են ավազի վրա կառուցված տան, որը մի թեթև ցնցումից անպայմանորեն փուլ կգա։
Իսկ բարոյական արժանիքների վրա հիմնված դիրքը նմանվում է մի տան, որը կառուցված է ապառաժի վրա և որն անզոր են կործանել և՛ փոթորիկները, և՛ հեղեղները։
Ինչպես անհատներն են, այդպես էլ ազգերն են։ Ազգը, որքան էլ հզոր լինի, եթե բարոյական արժանիքներ չունի, դատապարտված է ջնջվելու ազգերի պատմության էջերից, ինչպես ջնջվեց մեծն Հռոմը, որի մասին խոսեցինք վերևում։
Եթե գրագետը, բանաստեղծը, քարոզիչը, երաժիշտը, բժիշկը, փաստաբանը, արվեստագետն ու արհեստավորը մեր քարոզած այս բարոյական Հոգին չունեն, նրանց «տաղանդը» ոչինչ չարժե։ Մեր թվարկած դասակարգերի ներկայացուցիչներից պատվի են արժանացել ու հաջողել միայն նրանք, ովքեր բարոյականության Հոգի են դրել իրենց գրչի, խոսքի, գործի մեջ։
Եթե քարոզիչը զուրկ է ավետարանաշունչ Հոգուց, ապա որքան էլ պերճախոս լինի՝ անհնար է, որ ազդի հավատացյալի վրա, քանի որ հավատք չունեցողը չի կարող հավատք ներշնչել և սպասված խորը ազդեցությունն առաջ բերել։ Ուստի անհրաժեշտ է, որ աքսորի քարավաններում ու անապատներում մեծացած մեր նոր սերունդներին ներշնչենք բարոյականության այս Հոգին, առանց որի անհնար է, որ ազգը կարողանա պահել իր գոյությունը։
Իսկ եթե Մայր Հայրենիքում, չնայած այն բանին, որ շինարար աշխատանքը Հայաստանը մեղվի փեթակ դարձնի, միևնույն է, կրոնի, եկեղեցու, հոգևորականների դեմ անգութ հալածանքների շարունակականության դեպքում նոր սերունդը կլողա անբարոյականության տիղմում։
Եվ կստեղծվի մի կացություն, նման այն կացությանը, որի մասին Հայաստանի խորհրդային կառավարության ներքին կոմիսարն ինքն էր հայտարարում՝ խոսելով այժմ Հայաստանում տիրող անսահման սրիկայության մասին, որը մինչ այս պահը, դժբախտաբար, չեն կարողացել մաքրագործել։
Առանց կրոնի բարերար ազդեցության՝ անհնար է բարոյական կյանք ստեղծել, քանի որ բարոյականություն ծնող ու սնող մայրն անհիշելի ժամանակներից ի վեր մշտապես կրոնն է եղել։
Ով չի հավատում մեր այս ասածին, թող ընթերցի մարդկության պատմությունը և իսկույն կհամոզվի մեր խոսքերում, եթե իհարկե «կամավոր» կույր չէ մտքով և մանավանդ հոգով։
Եթե մենք իբրև անհատ ու ազգ կամենում ենք ապրել, պատվով ապրել ու չմեռնել, ուրեմն պետք է բարձր պահենք բարոյականության դրոշը, առանց որի կյանքն անասնական կլինի, և «կյանքի օրերը կնմանվեն խոտի»։
Գրիգորիս եպս. Պալաքյան, «Դպրեվանքյան քարոզներ», Փարիզ, 1929 թ.
Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը