Աստված սեր է և Նրա սիրառատ բնությունը սիրով արարեց Իր արարածներին՝ պարգևելով նրանց հոգևոր շնորհներ ու պարգևներ: Մարդն ապրում է նորովի, երբ միավորված է սիրո և կյանքի Աղբյուրին, երբ սիրով գործածում է Աստծո պարգևածը՝ վստահ լինելով, որ հակառակ պարագայում կկորցնի սիրո պարգևները: Նա նաև վստահ է, որ առանց Արարչին սիրելու՝ արարածին սիրելն անկատար է: Այդ պատճառով յուրաքանչյուր օրը Աստծո ներկայության մեջ ապրելը, Նրան և մարդկանց ծառայելը իրական երջանկություն է մարդ արարածի համար: «Տիրոջով թող ուրախանան մեր սրտերը, և մենք Նրա սուրբ անվան վրա հույս դնենք»,- ասում է սաղմոսերգուն (Սաղմոս 32:21):
Իրական երջանկությանը հասնելու լավագույն նախադրյալներից են այն սոցիալական ծրագրերը, որ իրագործվում են եկեղեցական համայնքների կյանքից ներս: Եվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և արտերկրում բնակվող հավատավոր մեր հայրենակիցները, սոցիալական ծրագրերի շրջանակներում, այդ երջանկությունն ապրելու առիթներ են ունենում: Նոյեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Խազալ Շաբաբյանին (36 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի ընտանիքը: Շաբաբյան ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց 12/45 հասցեում: Մեկ տարի է, ինչ մահացել է Խազալի ամուսինը, և նա իր երկու անչափահաս զավակների հետ ավելի դժվար կացության մեջ է հայտնվել: «Այս վերջին շրջանում վեցամյա տղաս երկու անգամ վիրահատվեց, երկու ամիս առաջ ես վիրահատվեցի և առայժմ չեմ կարող աշխատել, իսկ մեզ հատկացվող ընտանեկան նպաստը չի բավարարում, որ հոգանք մեր նվազագույն կարիքները: Շատ անգամ երեխայիս դասարանի ծնողներն են օգնության ձեռք մեկնում: Այժմ էլ վառելիք տրամադրելու խնդրանքով դիմել եմ քաղաքապետարան, որովհետև ներկա պահին ինչ-ինչ խնդիրների պատճառով մեր բնակարանի գազն անջատել են, բացի այդ նաև ջուր չունենք և ստիպված եմ լինում հարևանի տանից ջուր բերել»,- ասաց Խազալը: Շաբաբյան ընտանիքի մայրը զգացված էր այն ուշադության և հոգածության համար, որ ցուցաբերեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին և աջակից անձիք իր ընտանիքի հանդեպ:
Կարինե Սուգիկյան