Տնտեսի կիրակի

Տնտեսի կիրակի | Tntesi Kiraki

Արարեք ձեզ բարեկամս ի մամոնայէ անիրաւութեան, զի յորժամ պակասիցէ այն, ընկալցին զձեզ ի յարկսն յաւիտենականս։

Անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ արեք, որպեսզի, երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ (Ղուկաս 16։9)։

Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ.

Այսօր Տնտեսի կիրակին է։ Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս պատմեց անիրավ տնտեսի առակը, որպեսզի մեզ սովորեցնի ոչ թե դառնալ անիրավ, անարդար ու անօրեն, այլ որպեսզի սովորեցնի նախանձախնդրություն ունենալ և ջանադրություն գործադրել հանուն սեփական փրկության և Երկնային Արքայության։

Մարդ միշտ իր առջև նպատակներ է դնում՝ փոքր հասակից մինչև ծերություն։ Ունենում է փոքր ու մեծ երազանքներ, ձգտումներ, նպատակներ, որոնց ցանկանում է ամեն գնով հասնել՝ կրթություն, մասնագիտություն, տուն-ընտանիք, երեխաներ, աշխատանք, հանգիստ, ճամփորդություն և տարբեր բաներ՝ կապված այս աշխարհի ու երջանկության պատկերացումների հետ։ Սակայն Տերը ցանկանում է, որ մարդը քայլեր ձեռնարկի, պայքարի, ջանքեր գործադրի նաև իր փրկության ու Երկնային Արքայության համար։ Այս առակի նպատակը բնավ անիրավության ուսուցանումը չէ։ Երբ մենք տեսնում ենք, որ մեկը իր ճարպկության, ճկունության, խորագիտության շնորհիվ հաղթում է մրցասպարեզում, գովում ենք նրա այդ հատկանիշները, որոնք նրան հաղթանակի դափնին բերեցին։ Այդպես էլ Տերը, ցանկանում է մեր մեջ տեսնել այն ջանքն ու եռանդը, խորագիտությունը, որ մենք կգործադրենք Երկնային Արքայության հասնելու համար։ Խոսքը ո՛չ խորամանկության, ո՛չ խարդախության, ո՛չ էլ խաբեբայության մասին է։ Տիրոջ ոչ մի պատվիրան անիրավության, անարդարության կամ անօրենության հետ որևէ առնչություն չունի։ Հետևաբար այս դեպքում էլ Տերը նման պատվիրան չի տալիս, այլ դրվատում է ջանքը։ Պողոս եպիսկոպոս Ադրիանապոլսեցին անիրավ տնտեսի մասին գրում է. «Թեպետ հիշյալ անձն այս պարագայում անհավատարմություն գործեց, բայց հեռատեսությամբ իր ապագան ապահովելու համար գովեստի արժանացավ, որովհետև իմանալով, որ պաշտոնից պետք է զրկվի, քանի դեռ հնարավորություն ուներ իր ձեռքում, անձնական շահի մասին մտածելով՝ իր տիրոջ ունեցվածքից ուրիշներին բարիք արեց և այդ պատճառով առաքինի մարդկանցից, նույնիսկ հրեշտակներից ավելի իմաստուն համարվեց։ Արդարև, որքան որ եռանդ ու զգոնություն ցուցաբերեց տնտեսն իր մարմնավոր շահերի հարցում, մարդիկ իրենց հոգևոր շավղում նույնքան եռանդ ու հոգածություն չեն դրսևորում իրենց հոգիների փրկության համար» («Հինգ դարերի զանազանությունը», հ. Գ, էջ 201)։

«Անիրավ տնտեսի առակը» կարելի է հակադրել «Անխիղճ պարտատեր ծառայի առակին» (Մատթեոս 18։23-35), որտեղ ծառան իր պարտքի համար տիրոջը խնդրում է, և պարտքը շնորհվում է նրան, մինչդեռ ինքը իր ծառայակցի պարտքը չի ներում և տիրոջ կողմից պատժվում է դրա համար։ Իսկ անիրավ տնտեսը իր ապագայի համար փորձեց բարիք անել իր տիրոջ պարտապաններին և գովասանքի արժանացավ։ Ճիշտ է, «Անխիղճ պարտատեր ծառայի առակը» ուրիշների հանցանքները ներելու մասին է, սակայն հիշենք, որ հանցանքը ներելը նույնպես բարիք է և ողորմածության դրսևորում։   

Գովասանքի է արժանի առաջին հերթին մարդու հարաբերությունները, տուրևառը այլ մարդկանց հետ։ Ի վերջո, ի՞նչ է Աստծու դատաստանը։ Մարդու հաշվետվությունը Աստծուն ուրիշներին արած մեր բարի ու չար գործերի, ուրիշների հետ կառուցած մեր հարաբերությունների մասին։ Աստծուն պետք է ասենք, թե ինչ ենք արել այլ մարդկանց համար, ինչպես ենք վարվել, ինչ հարաբերություններ ենք ստեղծել։

Քրիստոնեության գլխավոր պատվիրանը սերն է, իսկ սերը ինքն իրեն չի սնուցում, այլ դուրս է գալիս մարդու սրտից ու հեղվում այլ մարդկանց սրտի մեջ։ Սերը միշտ ուղղորդված է դեպի այլ մարդիկ, մտածում է ուրիշների համար բարիք ստեղծելու մասին, պտուղներ է տալիս։ Այդ պտուղներից օգտվում են այն մարդիկ, որոնք մոտենում են քաղելու դրանք՝ իրենց քաղցը հագեցնելու համար։ Աստծու նկատմամբ սերը նույնպես չափվում է այլոց նկատմամբ ունեցած սիրով։ Հնարավոր չէ Աստծուն հավատալ և սիրել՝ առանց սիրելու մարդկանց։ Սուրբ Հովհաննես առաքյալն ասում է. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել։ Եվ նրանից ունենք այս պատվիրանը՝ ով սիրում է Աստծուն, նա պետք է սիրի նաև իր եղբորը» (Ա Հովհաննես 4։20, 21)։ Հաճախ մարդիկ հայտարարում են, որ իրենք հավատում և սիրում են Աստծուն և բավարարվում այդքանով։ Այնինչ Աստծու նկատմամբ սերը ինքնաբավ չէ։ Եթե իսկապես սիրում ես Աստծուն, պիտի նաև ցանկանաս իմանալ Նրա պատվիրանները և ցանկանաս գործադրել դրանք, որոնց նպատակը հենց մարդկանց հարաբերությունների միջից թշնամանքն ու հիշաչարությունը վերացնելն է, սիրով մարդկանց միմյանց կապելն է։ Մարդը, որը սիրում է ինչ-որ մեկին, լինի իր ծնողը, զավակը, ամուսինը, ընկերը, քույրը, եղբայրը, փորձում է գոհացնել նրան, իմանալ նրա սիրելի կերակուրը, խաղալիքը, իրը, ժամանցի վայրը և ձգտում է դրանք ձեռք բերել և երջանկացնել իր սիրելիներին։ Այդպես և, եթե մարդ իսկապես հոգով և ճշմարտությամբ երկրպագում ու սիրում է Աստծուն, կցանկանա իմանալ և կատարել Նրա կամքը։ Իսկ Աստծու կամքը միշտ բարի է և կամենում է, որ մենք բարին արարենք։ Ծառը, հողի մեջ ձգելով իր արմատները և սնունդ ստանալով հողից, իր ճյուղերն է տարածում, կանաչում ու պտուղներ է տալիս, իր պտուղները պարզում է մարդկանց։ Մարդու համար այդ սննդատու հենարան-հողը Իր Արարիչ Աստվածն է, Որից էլ սնվելով՝ մարդ պիտի իր պտուղները տարածի ուրիշներին, իր հովանու ներքո հանգիստ ու մխիթարություն տա հոգնածներին։ Սակայն մի նրբություն կա։ Քրիստոնյան ոչինչ չպիտի անի մարդահաճության համար։ Նրա քայլերի և արարքների հիմքում միմիայն Աստծու և մարդկանց հանդեպ սերը պիտի լինի։ Նրա ջանքերի ետևում բացառվում է շողոքորթությունը։ Նրա խորագիտությունը խորամանկություն չէ, նրա արդարությունը հաստատուն է և հեղհեղուկ չէ, առատաձեռնությունը փառասիրությունից չի բխում, նրա անհիշաչարությունը և վերջին շապիկի հանձնումը կարիքավորին կարող է անհասկանալի թվալ ուրիշներին և նույնիսկ ծաղրվել։ Սակայն քրիստոնյան պիտի աներեր լինի իր համոզմունքների և քայլերի մեջ։ 

Սիրելինե՛ր, այսօրվա կիրակիի խորհուրդն այն է, որ տնտեսի նման «հեռատեսությամբ մեր ապագան ապահովենք»։ Ինչպես սուրբ Հակոբոս առաքյալն է ասում. «Ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբոս 2։13)։ Ուրեմն սիրենք և ողորմած լինենք իրար նկատմամբ։ Գովասանքի կարժանանանք Աստծու կողմից, եթե ջանք ու եռանդ գործադրենք մեր իսկ հոգիների փրկության և Երկնային Արքայության արժանանալու համար։        

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։  

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

 

20.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․