25 Նոյեմբեր, Բշ
Գիտակները պնդում են, որ մահվանից հետո առաջին երեք օրը կարելի է ճանապարհորդել․ թռիր, ուր ուզում ես։ Ասենք, երազել եք լինել Փարիզում, սակայն այդպես էլ չի հաջողվել, կարող եք համարձակորեն պլանավորել մահվանից հետո, որպեսզի չշեղվենք առօրյա հոգսերից։
Թեև հանգուցյալ Պլատոնն այնքանն էլ լավատես չէր։ Նա համարում էր, որ որքան ուժգին է հոգին կապվում մարմնին, այնքան ավելի է ավելանում նրա քաշը, ծանրանում է, դառնում դանդաղաշարժ, և այդ պարագայում արդեն հեռու ես հոգևոր թռիչքներից։ Ոգին խտանում է, պարարտանում մարմնի հետ շփումից և մահվան միջոցով մարմնից դուրս ելնելով, ոչ թե թռչում է, այլև դժվարությամբ է շարժվում և ստիպված է լինում խոժոռ շրջել գերեզմանների ու տապանաքարերի միջև։
Որ գերեզմանները լի են ուրվականներով, անգամ երեխային է հայտնի, սակայն նրանցից վախենալ պետք չէ․ այդ ուրվականները չեն հասնի ձեր հետևից, նրանք իրենք էլ են հևում։
Ուրվականների ճարպակալության խնդիրը մինչ օրս լուծված չէ։
Ակամայից մտածում ես՝ իսկ ես ինչպիսի՞ ուրվական կլինեմ։
Պարզվում է՝ անգամ ամենասլացիկ մարմնում կարող է բնակվել ցելյուլիտով հոգի, իսկ բարեսիրտ գիրուկի մեջ՝ բարձր ցնդականությամբ հոգի։ Մի մարմնից հոգին հեշտորեն կսլանա երկինք, իսկ մյուսից ցած կընկնի խուլ դղրդյունով, ինչպես կարտոֆիլի պարկը։
Հոգիները գիրանում են ոչ միայն մարմնավոր հաճույքների հակումից։ Ավելորդ քաշի մեղավորը կարկանդակներն ու լոռաբլիթները չեն։ Դրանք իրենք էլ առաջին զոհերն են։ Դրանք անմեղ են, ինչպես գարնանային ծաղիկները։ Հավանաբար, մարդու կառուցվածքն է այդպիսին, որ մարմինը երբեմն իր վրա է վերցնում ավելցուկն այն ամենի, ինչով բերնեբերան լցված է հոգին։
Բժիշկը մի օր հարցրեց հիվանդին․
- Դուք ինչո՞վ եք լի։
Աղջիկն իր համար անսպասելիորեն պատասխանեց․
- Վիրավորանքով և չարությամբ։
Պատասխան, որը մտածելու տեղիք է տալիս։ Եվ միտքը տանում է անձնական պատմության խորքերը, որտեղ վախենում ես ինքնուրույն հասնել և անհրաժեշտ է փորձառու ու նրբանկատ ուղեկցորդ, որը կօգնի թեթևացնել հոգիդ։
Իսկ ես ի՞նչ կպատասխանեի։
Ե՛ս ինչո՞վ եմ լի։
Մենք և՛ զոհ ենք, և՛ դահիճ
Ես վերջերս սկսել եմ մի անսովոր, սակայն չափազանց օգտակար հոգևոր վարժություն անել․ նստում եմ բազկաթոռին և մնում, ուղղակի նստում եմ։ Եթե երեկո է, ապա անգամ լույսը չեմ վառում։ Գիրք չեմ կարդում, երաժշտություն չեմ լսում, տերողորմյայով չեմ աղոթում, չեմ մտածում պլանների մասին, չեմ խորհում, ուղղակի նստում եմ լռության ու մթության մեջ։ Որովհետև ինքս էլ լցված եմ և անգամ լեփ-լեցուն եմ։ Չէ, վիրավորանքով ու չարությամբ չէ, ես չափազանց ծույլ եմ դրա համար։ Տպավորություններ։ Ահա թե ինչով է լի իմ հոգին, ահա թե ինչից է գիրանում իմ գերսնված ուրվականը։
Ինձ թվում է, որ 21-րդ դարի քրիստոնյաները բախվել են մի հոգևոր խնդրի, որի մասին չէին կասկածում անցյալ դարի ճգնավորները։ Սուրբ Արսենին խանգարում էր աղոթել եղեգի աղմուկը, սուրբ Անտոնը տանել չէր կարողանում երևացող-անցնող դեմքերը, օպտինյան ծերերը խորհուրդ էին տալիս չտարվել թերթերով ու ամսագրերով։
«Ոճիր և պատիժ» վեպում մեծն կատակասեր Դոստոևսկին ներկայացնում է երկու աշխատավորների զրույցը, որոնք վերանորոգում էին վաշխառուի բնակարանը։ Ավագը պատմում է պատանուն իր սիրեցյալի մասին․ «Ու այնպե՜ս է զուգված-զարդարված․ ժուռնալ է, հենց ժուռնալ է, որ կա։
- Ժուռնալը ի՞նչ է, ապեր,- հարցրեց ջահելը։ Ակներևաբար նա շատ բան էր սովորում «ապորից»։
- Ժուռնալը, աղբորս ասեմ, դա գրքի պես բան է, մեջը լավ, լավ պատկերներ են լինում, այստեղի դերձակները ամեն շաբաթ օր փոստով ստանում են արտասահմանից, դրա մեջ նկարված է լինում, թե ով ինչ տեսակ շոր է հագնում, այսինքն՝ թե տղամարդկանց և թե կանանց սեռը։ Ուրեմն նկարներ են, էլի՜։ Տղամարդկանց սեռը ավելի շատ վրայի շորերով է նկարվում, իսկ կանանց բաժանմունքում, աղբորս ասեմ, այնպիս բաներ են լինում, որ եթե այդ բոլորն էլ ինձ տաս, էլի քիչ կլինի»։
Թե որքան տարբեր էին 19-րդ դարի մարդիկ, կարելի է պատկերացնել, նկատելով, որ նրանք երբեք կինո չէին տեսել, լուսանկարներ հազվադեպ էին տեսնում, և անգամ գունավոր ամսագրերը, իրենց ողջ պարզությամբ, շատ հազվադեպ երևույթ էին։ Ի՜նչ տարբեր էին ընկալում աշխարհը այդ մարդիկ, և որքա՜ն եմ նրանցից տարբերվում ես, որ մի տասնյակ անգամ տեսել եմ Նյու-Յորքի կործանումը և մեկ անգամ չէ, որ հետևել եմ զոմբի-ապոկալիպսիսի ընթացքին։
Բայց ես աշխարհ եմ եկել, որում արդեն գունավոր ֆիլմեր կային, հեռուստատեսություն, իսկ հետո հայտնվեցին համացանցն ու բջջային հեռախոսները։ Եվ դա շատ լավ աշխարհ է, լավագույն ժամանակն ինձ համար, որը գերազանց համապատասխանում է ինձ, և մեր բոլոր տեխնիկական նվաճումները սրտովս են։ Թե՞ ավելի լավ է հենց հոգուն հարցնենք այդ մասին։
Իվան Բունինը «Նզովյալ օրերում» պատմում է 1918 թ․-ին արվեստի գործիչների պատվին կազմակերպված մի ճաշկերույթի մասին։ Հեղափոխության գինովությունն այնպես էր ազդում մարդկանց վրա, որ անգամ նման բարեկիրթ շրջանակում իրենց թույլ էին տալիս կրթյալ հասարակության համար ամենաանհավանական բաներ։ Այդ անզուսպ խրախճանքի ամենաթեժ պահին մի ծեր ֆինն նկարիչ, մինչև հոգու խորքը ցնցված տեղի ունեցող խոզության աստիճանից, բոլորի համար անսպասելիորեն արցունքն աչքերին սկսում է բղավել այն եզակի բառերից մեկը, որ գիտեր ռուսերեն․ «Շա՜տ է։ Շա՜տ է։ Շա՜աաատ է»։
Եթե հարցնենք իմ հոգուն, ապա հնարավոր է, որ նա ճիշտ նույն կերպ բղավի՝ փորձելով պաշտպանվել պատկերների, տեղեկությունների և ձայների առատությունից։ Եվ նույն վայրկյանին ուրախությամբ ու տառապանքով նետվի դեպի համացանցի նոր հոլովակը, զվարճալի պատմությունը, թարմ բամբասանքը, շտապ լուրը, որը «ցնցել է ողջ աշխարհը»։
Մենք և՛ զոհ ենք, և՛ դահիճ։ Մենք մեր կամքով ինքնասպանվում ենք։ Հոգին ու միտքը կերակրի կարիք ունեն, բայց «համի ու հոտի ուժեղացուցիչները» շարքից հանել են բնական բոլոր կարգավորումները։ Այդ կերակրի ավելցուկից հոգին ոչ թե ուղղակի ուռչում է, այլ՝ ծերանում է։ Հնարավոր է, որ նաև սրա հետ է կապված երիտասարդ ու պինդ մարդկանց վաղաժամ հոգնածությունն ու պասսիվությունը, որոնք տպավորությունների առատության պատճառով կորցնում են ցանկանալու հնարավորությունը։
Տեղեկատվության ավելցուկը, հատկապես տեսողական, ինչպես ինձ է թվում, մարդու մեջ ինչ-որ բան է խիստ փոխել։ Միգուցե տարիներ անց գիտնականները հայտնաբերեն որոշ պրոցեսների անդառնալիությունը և պատմեն, վերջապես, թե դա ինչ էր։ Սակայն ես ուղղակի հոգևորական եմ և ինձ համար կարևոր է հասկանալ, թե ինչպես է հնարավոր նման էմոցիոնալ ծանրաբեռնվածության և ինֆորմացիոն ավելցուկի պարագայում աղոթել և աստվածային խորհուրդներ ունենալ։
Փնտրում ես Քրիստոսին, ուրեմն տե՛ղ ազատիր Նրա համար
Սուրբծննդյան պահքը հոգևոր վարժանքների, հարցեր տալու ժամանակ է։
Ո՞վ է Քրիստոս։
Ո՞վ է Նա ինձ համար։
Ո՞վ եմ ես Նրա համար։
Այս հարցերը կարող են հնչել միայն աղոթքի ու լռության խորքում, բայց արդյո՞ք պատահում է, որ ես լուռ աղոթքի անդորրության մեջ հայտնվեմ։ Ի՞նչ աղոթքի ու լռության մասին է խոսքը, եթե հոգիս այնպես է գերսնվել տպավորություններով, որ նրանում արդեն ոչինչ չի տեղավորվում։ Դուք տեղ եք փնտրում Աստծու համար, իսկ տեղ չկա նույնիսկ ամենամտերիմ մարդու համար։ Այն բերնեբերան լցված է անվերջ սյուժեներով ու վառվռուն պատկերներով, որոնք երևի թե անհնար է յուրացնել։
Բայց եթե անգամ ձեզ թույլ եք տալիս մտահայեցության նման ակնթարթներ, ապա օրերով, շաբաթներով, ողջ կյանքում կուտակված տպավորությունները՝ ագահորեն հավաքված ու չյուրացված, կրկին հայտնվում են հիշողության մեջ և, ըստ երևույթին, տեսողական պատկերները երբևէ չեն մոռացվում, իսկ դա նշանակում է, որ մի օր ստիպված ես լինելու ստանձնել այդ «յուղալի սննդի» հոսքի հսկողությունը և սովորել խույս տալ ոչ միայն վիրավորանքից, չարությունից ու նախանձից, այլև թվացյալ անվնաս բաներից՝ ֆիլմերից, վառվռուն նկարներից, նորություններից։ Չհրաժարվել, այլ դառնալ խտրաբարո ու չմահավան։
Խելամիտ մարդիկ հետևում են, թե ինչով են սնում իրենց մարմինը։ Սնունդը պետք է առողջ ու բավարար լինի։ Տարիների փորձը ցույց է տալիս, որ կան մթերքներ, որ կտրականապես արգելված են հենց ինձ, թեև բոլորովին անվնաս են մեկ այլ մարդու համար։
Էմոցիաների և տպավորությունների պարագայում էլ նույնն է։ Հոգին ևս անհատական սննդակարգի կարիք ունի։ Ինչպիսի՞։ Դրան կարող է պատասխանել միայն մարդն ինքը, եթե նա բավականաչափ ազնիվ է և ուշադիր։ Եվ այլևս չենք կարող առանց այդ սննդակարգի։
Փնտրո՞ւմ ես Քրիստոսին, տե՛ղ ազատիր Նրա համար։
Ինչո՞վ եմ ես լցված։ Ինչո՞վ է հագեցած հիշողությունս։ Ո՞րն է կյանքիս միջուկը։
Չորրորդ սաղմոսում կարդում եմ դառն ու ճշմարտացի տողեր․ «Մարդկա՛նց որդիներ, մինչև ե՞րբ պիտի խստասիրտ լինեք. ինչո՞ւ եք ունայնություն սիրում և ստություն փնտրում»:
«Խստասիրտ» հունարեն տեքստում՝ βαρυκάρδιοι, կարդացվում է ասես հիվանդության անվանում՝ «վարիկարդիա», «խստասրտություն»։ Իսկ ունայնության հանդեպ սերը փոխանցվում է սրբազան բայով՝ ἀγαπάω՝ ոչ թե ուղղակի սեր, այլ ամենանվիրյալ ու վսեմ, որ ավելի ցավալի է, քանի որ սեր է փուչի, ունայնի հանդեպ՝ ματαιότης, այս բառն այնքան արտահայտիչ է հնչում, ասես տպավորությունների հանդեպ կիրքը մարդուն այս ու այն կողմ է նետում, պտտում է, հիասթափեցնում, որովհետև դատարկությունը դատարկությամբ չես լցնի, ունայնությամբ երբեք կուշտ չես լինի։
Հոգևոր պատերազմի դաշտը փոքր-ինչ փոխվել է ժամանակակից քրիստոնյայի համար․ պատերազմ մղելու այլ տեխնիկաներ են, ի հայտ են եկել նոր զինատեսակներ։ Եվ թեև այս ամենը հնացած է թվում, իսկ մենք վաղուց «գիտակից ու առաջադեմ» ենք, սակայն հոգին առաջվա պես թանկ է, իսկ դա նշանակում է, որ կորցնելու բան կա և արժե պայքարել դրա համար։
Ծայրագույն վարդապետ Սավվա (Մաժուկո)
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը