Ծաղկազարդ

Ծաղկազարդ | Tsaghkazard

Ուրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագավորը (Զաք 9։9)։

Մարգարեական այս գեղեցիկ տողերը, սիրելի՛ հավատացյալներ, գրվել են նկարագրված իրադարձությունից ավելի քան հինգ դար առաջ։ Ամենակարող Աստված, Որի տնօրինության ներքո են բնության տարերքներն ու օրենքները, ողջ տիեզերքն ու ժամանակը, Իր Միածնի երկրային ամենաօրհնյալ ծնունդից դեռևս հինգ հարյուր տարի առաջ մի կողմ է տանում ժամանակի քողը Զաքարիա մարգարեի հոգևոր հայացքի առջևից ու ցույց տալիս այն զարմանահրաշ, բուռն հույզերով ու ապրումներով լեցուն իրողությունը, որ լինելու էր գալիքում։ Մարգարեի աչքի առջև տոնական Երուսաղեմի դարպասներն էին, որ ներս էին կանչում բոլոր հրեաներին՝ Իսրայելի սրտում նշելու Զատիկը և համտեսելու զատկական գառնուկին։ Ոչ շատ հեռվում էլ նշմարվում էր Բեթանիան, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ Քրիստոս հարություն էր տվել չորսօրյա ննջեցյալ Ղազարոսին։ Եվ ոչ թե ուղղակի կենդանացել էր Ղազարոսը՝ պահպանելով չորսօրյա քայքայումի ոչ ակնահաճո հետքերը, այլ հարություն էր առել բոլորովին նորացած՝ ի նշան մեռելների այն մեծահրաշ հարության, որ պիտի տեղի ունենա Քրիստոսի փառահեղ երկրորդ գալստյան օրը։ Թվում է՝ միայն այս մեծասքանչ հրաշքը բավարար պիտի լիներ մարդկանց համար՝ տեսնելու, որ իրենց առջև ոչ թե ուղղակի մի շատ իմաստուն վարդապետ է, կամ տաղանդավոր բժիշկ, կամ անգամ զորեղ արքա, այլ ճշմարիտ Աստված, որովհետև թվարկածս և ոչ մեկը, որքան էլ խելացի, բանիմաց կամ ուժեղ մարդ լինի, ի զորու չէ հարություն տալու չորս օր մահացած և արդեն քայքայվել սկսող մարմինը։ Բայց ոչ․ միայն անցյալից նայող մարգարեի հոգևոր աչքերն էին, որ այդ եռուզեռի մեջ տեսնում էին ոչ թե ուղղակի արքայի, որ եկել էր օտարի լծի տակ կեղեքվող ժողովրդին երկրային ուժով փրկելու, այլ զատկական զոհաբերության ճշմարիտ Գառնուկին՝ Աստծու Գառին, որն Իր սրբազան արյունն էր բերել համայն մարդկության փրկության զոհասեղանին դնելու։

Ծաղկազարդ, Քրիստոսի մուտքը Երուսաղեմ․ մտորելու ու սովորելու որքա՜ն բան կա ավետարանական այս խորիմաստ դրվագում։ Մի կողմից տոնականորեն զարդարված Երուսաղեմն է՝ իր երկրային Մեսիային դիմավորող խանդավառ բազմությամբ, մյուս կողմից՝ ավանակին նստած խոնարհ ու մտախոհ Քրիստոս, որ Երկնքի բանալիներն է բերել բոլոր կամեցողներին։ Մի կողմից կեղեքիչների լծից ազատվելու մոտալուտ հեռանկարի ցնծությունն է, մյուս կողմից՝ չարչարաքներն ու խաչի մահը։ Տոնական քաղաք ու Գողգոթայի ահազդու բարձունք․․․ Այս երկուսը կարծես թե մշտապես ներկա են մարդու կյանքում, և ընտրությունը կատարվում է մերթ հօգուտ մեկի, մերթ՝ մյուսի։ Մեր արարքները երբեմն դառնում են արմավենու ճյուղեր և ուռենու ոստեր, որոնցով ուրախությամբ դիմավորում ենք Քրիստոսին և օրհնություններ գոչում։ Սակայն, ցավոք, ավելի հաճախ դրանք չքանում են մեր մեղքերի ի հայտ գալուն պես՝ օդում թողնելով Աստծու Որդուն խաչել պահանջող մեր բռունցքները։ Հեղհեղուկ ու անկայուն է մեղավոր մարդը, և այնքա՜ն չնչին, փոփոխական ու ողորմելի՝ մարդկային փառքը, որն այսօր քեզ արքայի գահին է բարձրացնում, իսկ վաղը ավազակի խաչին։ Այսօր կարևորագույն մի դաս է տալիս մեզ Քրիստոս՝ եղի՛ր հավատարիմ մինչ ի մահ, սիրելի՛ զավակ, և այնժամ միայն կճաշակես Իմ հավատարմության ողջ քաղցրությունը։ Այն ժամանակ միայն, երբ փորձության կենթարկվի հավատարմությունդ, այդժամ կբացահայտվի մարդկային իրական տեսակդ ու արժեքդ։ Չէ՞ որ այնքա՜ն դյուրին է հավատարիմ լինել կողակցիդ, երբ չկա նեղություն կամ գայթակղություն։ Այնքա՜ն դյուրին է հավատարիմ լինել հայրենիքիդ, երբ կյանքիդ ու ունեցվածքիդ վտանգ չի սպառնում։ Եվ որքա՜ն դյուրին է հավատարիմ լինել Աստծուն, երբ դեռ փորձությունն ու վիշտը չեն թակել հոգուդ դուռը։

Քրիստոս Հիսուս աշխարհ եկավ՝ կատարելու Հոր կամքը՝ իրագործելու մարդու փրկության աստվածային ծրագիրը և հավատարիմ մնաց Իր առաքելությանը։ Նա աշխարհ եկավ՝ քաջ գիտենալով, որ այդ առաքելությունը պսակվելու էր անարգ մահվամբ և հավատարիմ մնաց այդ ուղուն։ Ճշմարտության լույսն ու փրկության հույսը պարգևելով, բժշկելով ու հրաշագործելով մարդկանց՝ Նա հրաշալի տեսնում էր, որ մահվան ժամին անգամ հարազատ աշակերտներն էին Իրեն մենակ թողնելու, սակայն մինչև վերջ հավատարիմ մնաց Իր մարդասիրությանը։ Ամենևին էլ հեշտ չէր այդ ուղին Քրիստոսի համար, և Ձիթենյաց լեռան աղոթքը հենց դա էր վկայում, սակայն հավատարմությունն ու հնազանդությունը Հոր կամքին վեր էին ամեն ինչից։

Այո՛, ավարտվում է ևս մեկ հոգեշահ Մեծ պահք, սիրելինե՛ր, և նրա ընթացքից ու Ծաղկազարդի տոնի խորհրդից մենք շատ բան ունենք սովորելու և մեր կյանքում կիրառելու։ Ավարտվում է աղոթքով, ապաշխարությամբ ու ողորմության գործերով հարուստ Մեծ պահքի շրջանը, սակայն շարունակվում է մեր պայքարը հոգևոր ասպարեզում, և ես հուսով եմ, որ դուք, սիրելի՛ եղբայրներ և քույրեր, պահոց շրջանից դուրս եք գալու կրքերից առավել մաքրված, երկնային լույսով իմաստնացած ու աստվածային հոգևոր սպառազինությամբ զորացած։ Եվ շարունակելով ձեր աստվածահաճո ընթացքը՝ ամեն ինչ անելու եք, որպեսզի ձեր ողջ կյանքը նմանվի առաքինության քաղցրահամ պտուղներով զարդարված ծառի ճյուղի՝ նվիրաբերված սիրելի Քրիստոսին ու մերձավորին։ Այս առթիվ բյուզանդական հայրերից մեկն ասում է․ «Արմավենու ճյուղերի փոխարեն առաքինի կյա՛նքդ բեր։ Ձիթենու ճյուղերի՛ վերածիր ձեռքերդ՝ մեկնված ողորմության գործերի։ Եթե հարկավոր է՝ քուռա՛կ եղիր՝ ցուցաբերելով քուռակին հատուկ պատանեկան կայտառություն ծերունական մտքի պարագայում․ տա՛ր Երուսաղեմ մտնող Քրիստոսին։ Նմանվի՛ր հրեա մանուկներին՝ մանո՛ւկ եղիր չարի հարցում։ Մազերի ճերմակությունը փոխարինի՛ր նորածին մանկան հեզությամբ․ ալևորությունն անօգուտ է, եթե չկա պարզություն․․․ Սիրտդ վերածի՛ր Վերնատան, որպեսզի ընդունես Քրիստոսին՝ ընթրիքը քեզ մոտ ճաշակելու։ Սակայն ընթրելով Քրիստոսի հետ, մի՛ ընդօրինակիր Հուդային․ խորհրդավոր ընթրիքը ճաշակելիս, ձեռքդ Քրիստոսի հետ պնակի մեջ մի՛ մտցրու․․․»։

Այս հրաշալի խորհուրդներն այսօր վերցրե՛ք ձեզ հետ, սիրելի՛ հավատացյալներ, և թող դրանք, ի թիվս այլոց, ուղեկից լինեն ձեզ ձեր խաչի ու ձեր հարության ճանապարհին։ Աստված ձեզ հեռու պահի հպարտ ու խստասիրտ փարիսեցիներին նմանվելուց, որոնք չկարողացան ձերբազատվել իրենց հոգևոր կուրությունից և ընդունել ճշմարիտ Երկնային Արքային։ Այլ դուք մշտապես հիշեք, որ Քրիստոսի փառապանծ մուտքը Երուսաղեմ խաչի ճանապարհի վերջնահատվածն է, և որ Նրա Արքայությունը սկսվում է խաչից։ Այդ փրկարար խաչին թող գամվեն ձեր մեղքերն ու կրքերը, հոգևոր ծուլությունն ու կուրությունը, որպեսզի աստվածային լույսով պայծառացած հայացքով կարողանաք տեսնել ու վերապրել Սուրբ Հարության տոնի անճառելի ուրախությունը։ Եվ թող ամենուր և ամեն ժամ մեր Փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին հավատարմորեն հետևելու պատրաստակամությունը միայն աճի ու ամրանա ձեր հոգում․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն Գրիգորյան

10.04.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․