28 Նոյեմբեր, Եշ
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության կողմից նախաձեռնած «Նվիրիր հույս» խորագրով բարեգործական համերգը նվիրված հատուկ խնամքի կարիք ունեցողներին կայացավ դեկտեմբերի 19-ին:
Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի առաջնորդությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և երիտասարդաց միության անդամները դեկտեմբերի 20-ին այցելեցին Գևորգ Եղիազարյանին: Համերգի ողջ հասույթը Սրբազան Հոր օրհնությամբ հանձնվեց վիրավոր զինվորին:
«Դու միայնակ չես, բոլորս աղոթում ենք քեզ համար՝ հոգով և սրտով քեզ հետ լինելով: Քո տկարությունն ու դժվարությունները հայրենիքի ծառայության սուրբ գործի ճանապարհին է եղել, հուսանք, որ Տերը կզորացնի, կդարմանի քո ցավերը՝ լիարժեք կյանքի վերադարձնելով»,- ասաց Սրբազան Հայրը և Քրիստոսի հետ կենդանի հաղորդակցություն ունենալու նպատակով՝ Գևորգին նվիրեց Նոր Կտակարան:
Գևորգ Եղիազարյանի ծնողներն իրենց գոհունակությունն ու երախտագիտությունը հայտնեցին Սրբազան Հորը: Մեծ ուրախությամբ նշեցին, որ արդեն չորս ամիս է, ինչ ձեռք են բերել նոր բարեկամներ և ընկերներ, հանձինս՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, համայնքի և երիտասարդաց միության անդամների:
Իսկ Գևորգի և իր ընտանիքի հետ ծանոթանալու, բարեկամանալու, ծառայությամբ հարստանալու հնարավորությունը Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքը ունեցել էր այս տարի, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպված «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի շնորհիվ:
Կարինե Սուգիկյան