11 Նոյեմբեր, Բշ
Պատմեցին ոմանք Կոստանդնուպոլսի պատրիարք սուրբ Հովհան Ոսկեբերանի երեց աշակերտ հայր Եվլոգիոսի մասին, թե խիստ ճգնում էր` երկուական օրով պահեցողություն անելով. երբեմն էլ շաբաթը մեկ անգամ էր ուտում: Ո՛չ գինի էր ճաշակում, ո՛չ ձեթ, այլ միայն աղ ու հաց, և մարդկանց մեջ մեծ փառք ուներ: Սա, լսելով սկյութացիների մասին, թե մեծ վարք ունեն, եկավ նրանց մոտ` ակնկալելով, թե ինքը նրանցից շատ ավելի բան գիտե: Եվ գնալով Պիլուզ` հարցուփորձ արեց, թե ինչ վիճակում է Սկյութիան: Եվ պատմեցին, թե ավերվեց մազքիթների կողմից, և այս լսելով` սաստիկ տրտմեց: Ոմանք էլ ասացին. «Այստեղ` Պանեփոսում, մի ծեր սկյութացի կա` հայր Հովսեփը, գնա՛ նրա մոտ»: Եվ գնալով հայր Հովսեփի մոտ` ակնկալում էր առավելագույն խստակրոնություն տեսնել նրանից: Ընդունեց նրան ծերը խնդությամբ և ասաց իր սպասավորին. «Մխիթարական ի՞նչ ունես, պատրաստի՛ր այսօր մեզ համար` հանուն մեր օտարականների»: Եվ երբ նստեցին ճաշակելու, նրա հետ եկողներն ասացին. «Հայր Եվլոգիոսի համար մի քիչ աղ բերեք, որովհետև նա այստեղ չի ճաշակի»: Իսկ հայր Հովսեփը լուռ կերավ և ըմպեց: Երեք օր մնացին նրա մոտ և ո՛չ սաղմոսելիս լսեցին Հովսեփի աշակերտներին, ո՛չ էլ աղոթելիս տեսան, որովհետև ինչ անում էին, ծածուկ էին անում: Եվ նրանց մոտից գնացին` առանց դույզնինչ օգուտ քաղելու: Աստծո նախախնամությամբ այդ օրը նրանք մոլորվեցին և երեկոյան կողմ դարձյալ եկան այնտեղ` ծերի խուղի մոտ: Եվ նախքան կբախեին դուռը՝ լսեցին, որ նրանք սաղմոսում են, և կանգնած մնալով շատ ժամեր` նրանք ի վերջո բախեցին, իսկ ներսինները դադարեցին սաղմոսել: Երբ ներս մտան, ծերը խնդությամբ ընդունեց նրանց, և քանի որ նրանք խիստ խորշակահարվել էին, բերեցին կուժը և ջուր տվեցին նրանց, իսկ ջուրը ծովի և գետի ջրերի խառնուրդ էր: Եվ առանձին միտք անելով` Եվլոգիոսը մտավ ծերի մոտ, ընկավ նրա առաջ և աղաչում էր նրան` կամենալով հասկանալ նրանց վարքը. «Ինչպե՞ս եղավ, որ առաջին անգամ չէիք սաղմոսում, իսկ երբ գնացինք, բազում ժամեր սաղմոսում էիք, իսկ երբ կամեցա ջուր ըմպել` պարզեցի, որ ջուրն աղի է»: Ասաց նրան ծերը. «Եղբայրդ անմիտ է, և չիմանալով՝ խառնեց ծովի ջրի հետ»: Իսկ նա աղաչում էր` կամենալով ճշմարիտն իմանալ: Ասաց նրան հայր Հովսեփը. «Այն գինու փոքրիկ բաժակը, որ մենք ըմպեցինք, Քրիստոսի սիրո համար էր, իսկ այս ջուրը եղբայրներն ըմպում են ամեն օր, և աղոթում են անդադար և մշտապես»: Սովորեցրեց նրան նաև իմաստությամբ քննել խորհուրդները և ծածուկ կատարել առաքինության գործերը, այլ ոչ թե՝ մարդկանց առաջ, և հեռացրեց նրանից մարդկային հպարտությունը: Ընտիր կրոնավոր դարձավ նա և հավասար՝ բոլորին, ճաշակում էր այն ամենը` ինչ դնում էին նրան առաջ, և սովորեց ծածուկ կատարել առաքինության գործերը: Եվ ասաց ծերին. «Ճշմարիտ են ձեր գործերը»: Եվ խնդությամբ հեռացավ` գոհանալով Աստծուց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016