Իր հոգևոր ուղին որոնող մի երիտասարդ այցելեց վանահորը:
- Մի տարվա ընթացքում մեկ մետաղադրամ տո՛ւր յուրաքանչյուրին, ով կվիրավորի քեզ,- ասաց Սուրբ Հայրը:
Եվ տասներկու ամիս այդ երիտասարդն, առանց տրտնջալու, մեկ մետաղադրամ տվեց բոլոր իրեն նեղացնողներին: Մեկ տարի անց կրկին վանահոր մոտ եկավ, որպեսզի իմանա իր հետագա անելիքը:
- Քաղաք գնա՛ և ուտելիք գնի՛ր ինձ համար,- ասաց վանահայրը:
Իսկ ինքը մուրացկանի հագուստ հագավ ու կարճ ճանապարհով ավելի շուտ հասավ քաղաքի դարպասների մոտ, քան՝ երիտասարդը: Երբ վերջինս հայտնվեց, մուրացկանի կերպարանք առած վանահայրն սկսեց վիրավորել նրան:
- Փա՜ռք Աստծո,- բացականչեց երիտասարդը,- մի ամբողջ տարի ստիպված էի վճարել բոլոր ինձ վիրավորողներին, իսկ այժմ վերջապես կարող եմ այս ամբողջ ծաղրն ու վիրավորանքն անվճար լսել:
Այս լսելով՝ վանահայրը բացահայտեց իր ով լինելը.
- Դու սովորել ես սեփական դժվարությունների վրա ծիծաղել, իսկ դա նշանակում է, որ պատրաստ ես հաջորդ քայլը կատարել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի