Մի վանական աշխարհական եղբայր ուներ և ինչ-որ աշխատում էր՝ տալիս էր նրան: Սակայն որքան վանականը շատ էր տալիս նրան, այնքան նա ավելի էր աղքատանում: Այս տեսնելով՝ վանականը մի ծերի մոտ գնաց ու պատմեց, թե ինչ է կատարվում: Ծերը խորհուրդ տվեց.
- Եթե ուզում ես կարծիքս իմանալ, ապա այլևս ոչինչ մի տուր նրան, այլ ասա. «Եղբա՛յր, երբ ունեի՝ տալիս էի քեզ: Այժմ ինքդ ջանք թափիր, իսկ ինչ կստանաս՝ ինձ տուր»: Եվ ամենն, ինչ քեզ կբերի, վերցրու և մի որևէ ճամփորդի տուր կամ՝ կարիքավոր ծերի, որպեսզի աղոթեն նրա համար:
Վանականն այդպես էլ վարվեց՝ աշխարհական եղբորն ասաց այն, ինչ ծերն էր ասել: Եղբայրը վշտացած հեռացավ:
Բայց ահա, որոշ ժամանակ անց, եկավ վանականի մոտ ու մի քիչ բանջարեղեն բերեց իր բանջարանոցից: Վանականը, դրանք վերցնելով, ծերերին տվեց՝ խնդրելով, որպեսզի աղոթեն եղբոր համար: Եղբայրը տուն վերադարձավ և որոշ ժամանակ անց կրկին եկավ՝ իր հետ բանջարեղեն ու երեք հաց բերելով: Վանականն էլ կրկին առաջին անգամվա պես վարվեց: Իսկ աշխարհականն, օրհնություն ստանալով, հեռացավ: Երրորդ անգամ արդեն շատ ուտելիք, ձուկ ու գինի բերեց: Վանականը զարմացավ ու աղքատներին հրավիրելով՝ հյուրասիրություն կազմակերպեց նրանց համար, իսկ եղբորը հարցրեց.
- Այլևս հացի կարիք չունե՞ս:
- Ո՛չ,- պատասխանեց նա,- Առաջ, երբ որևէ բան էի վերցնում քեզանից, ապա դա կրակի պես էր մտնում իմ տուն ու լափում այն: Իսկ այժմ, երբ ոչինչ չեմ վերցնում քեզանից՝ ամեն ինչ առատորեն ունեմ՝ Աստված օրհնեց ինձ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի