Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը, այս տարի նշեց հուլիսի 28-ին: Այլակերպության խորախորհուրդ տոնն իր շուրջը մեծ թվով մարդկանց էր համախմբել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում՝ մասնակիցը դարձնելու տոնական Ս. Պատարագին, որ մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Ս. Պատարագի մասնակիցներն արարողության ավարտին եկեղեցու բակում մասնակից դարձան վարդավառյան ուրախ տոնախմբությանը, որ կազմակերպել էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամները: Տոնի խորհրդին համահունչ հնչում էր «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը՝ ներկաներին հիշեցնելով, որ երկնային փառքին արժանանալու համար անհրաժեշտ է հոգին մաքրել ու աստվածային սեր ունենալ, այսինքն՝ մինչ Երկնքին արժանանալը Երկինքը կրել հոգու մեջ:
Տիկնանց միության գործուն ջանքերի շնորհիվ եկեղեցու բակը տոնական տեսք էր ստացել. բակի մի հատվածում խորհրդանշական Թաբոր լեռն էր, որ ըստ հայրաբանությամբ՝ նաև եկեղեցին է խորհրդանշում, ուր հավատավորը, հաճախակի «բարձրանալով», վայելում է աստվածային ներկայությունը, սերն ու խաղաղությունը: Բակի մյուս հատվածում՝ տոնը խորհրդանշող ծաղիկները, խնձորներն ու վարդաջուրն էին, իսկ մյուս հատվածում՝ հյուրասիրության սեղանները:
Միջոցառման մասնակիցները կրկին անգամ հաղորդ դարձան տոնի հոգևոր խորհրդին՝ ունկնդրելով Քրիստոսի այլակերպությունը պատմող ավետարանական պատմությունը և այն մեկնաբանող հայրաբանական մեկնաբանությունը: Բակային բեմն առավել էր պայծառացել «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն հաճախող սաների և փոքրիկ հրեշտակների ներկայությամբ: Հրեշտակներից մեկի համար հետաքրքիր էր, թե՝ ինչո՞ւ է տոնը նաև Վարդավառ կոչվում: Ի պատասխան հնչեց Ս. Գրիգոր Տաթևացու մեկնությունը՝ տոնը Վարդավառ է կոչվում Տիրոջը վարդի հետ համեմատելու պատճառով: Ինչպես վարդը կոկոնի մեջ է ծածկված լինում՝ նախքան բացվելը և բացվելով բոլորին հայտնապես երևում է, այդպես էլ Տերը նախքան Իր պայծառակերպվելը պահում էր Իր մեջ աստվածության պայծառությունը, իսկ պայծառակերպվելով հայտնում է Իր աստվածությունը:
Տոնի առթիվ Տեր Գրիգորի մաղթանքն էր ներկաներին, որ հրաշափառ տոնի լույսը թափանցի ամենքի հոգիներից ներս՝ Քրիստոսով «պայծառակերպելով» բոլորի մտքերը, խոսքերն ու գործերը. «Թող պայծառակերպված Տիրոջ վսեմաշուք պատկերը մշտապես ուղեկից լինի բոլորիս և հիշեցնի, որ Ամենակալի անսահման սերն առ մարդիկ հիմք հանդիսացավ, որպեսզի Փառքերի Տերը երկիր իջնի և Իր սուրբ արյունը հեղի աշխարհի համար, թող Տիրոջ լուսաշող պատկերն օգնի բոլորիս դիմագրավելու աշխարհի փորձություններին, գայթակղություններին ու նեղություններին»:
Այնուհետև ներկաները հաղորդ դարձան տոնի ժողովրդական հատվածին, իսկ որտեղ կա ժողովրդական երգ ու պար, այնտեղ անհնար է չլինի կոմիտասյան շունչը: Կոմիտասի կյանքի և գործունեության մասին պատմող տարեգրությունում նկարագրված է, թե ինչ էր ասում Կոմիտասն իր սաներին, երբ Ծաղկեվանքում մասնակից էին վարդավառյան տոնախմբությանը. «Այսօրվա տոնախմբության հետաքրքրական կողմը մեզ համար ոչ թե կերուխումն է, այլ այն երգերն ու պարերը, նվագներն ու խաղերը, որոնց միջոցով հայ գեղջուկն արտահայտում է իր կենսական ապրումները: Ահա տեսեք ինչպես են խմբեր կազմել ահել, ջահել, հարս ու աղջիկներ, երիտասարդ տղաներ, երգում են ու պարում, սրտերը բաց անում»: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում ևս վարդավառյան ուրախությունն էր թևածում. «Զորավոր մանկունք» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Լիլիթ Սիմոնյան) կատարմամբ եկեղեցու բակն ողողվեց կոմիտասյան գրառումներից Վարդավառին նվիրված ծիսական երգի՝ «Սոնա յարի» ելևէջներով: Այնուհետև երգչախմբի աղջիկները «Կուժերով պար»-ը պարեցին, որից հետո աղջիկները Կոմիտասի «Վաղարշապատ պար» երաժշտության ներքո վարդաջուր ցողեցին ներկաների վրա, իսկ փոքրիկ հրեշտակները Տիգրան Մանսուրյանի «Ճերմակ անուրջներ» երաժշտության ներքո աղավնիներ բաց թողեցին:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Վարդավառի տոնական մասը շարունակվեց իրար վրա ջուր ցողելու ժողովրդական սովորությամբ: Բոլորը՝ փոքրից մեծ, հայտնվել էին վարդաջրով լի աշխարհում: Տոնին հատուկ ջուր ցողելը, վարդեր նվիրելը և աղավնիներ բաց թողնելը խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Ուրախ տոնախմբությունից հետո բոլորին սպասում էին տոնական սեղանները, որ տիկնանց միության անդամների կողմից զարդարվել էին իրենց կողմից պատրաստված մրգային հյութերով և ազգային ուտեստներով: Ներկաները նաև հյուրասիրվեցին օրհնված խնձորներով, քանի որ տոնի օրը տարածված է եղել խնձոր նվիրելու սովորույթը: Վարդավառյան ուրախ տոնախմբությանը ներկա էին նաև արտասահմանից եկած հյուրեր, որոնք իրենց հետ տարան տոնի հոգևոր և ազգային ապրումները:
Տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ Վարդավառի միջոցառումը հաջողվեց, որովհետև պայծառակերպության տրամադրություն կար: «Միջոցառմանը բացի կիրակնօրյա դպրոցի սաներից մասնակցում էին նաև այլ երեխաներ, ինչը մեր գործունեության կարևոր նպատակներից մեկն է. հնարավորինս մեծ թվով երեխաների ու նրանց ընտանիքների ներգրավել եկեղեցական տոներին: Ուրախալին այն է մեզ համար, որ մասնակից երեխաները կրկին անգամ մասնակցելու ցանկություն են հայտնում»,- ասաց տիկին Սաթենիկը:
Եկեղեցու հայրերի վկայաբանությամբ՝ Քրիստոսի պայծառակերպությունը խորհրդանշում է Նրա երկրորդ Գալուստը, իսկ Նրա երկու կողմերում հայտնված մարգարեներից Մովսեսը ներկայացնում է ննջեցյալներին, իսկ Եղիան՝ ողջերին, ինչը խորհրդանշում է, որ Քրիստոսի փրկագործությունը բոլորի համար է:
Կարինե Սուգիկյան