23 Դեկտեմբեր, Բշ
«Բայց արդարների հոգիներն Աստծո ձեռքին են, և մահը չի մոտենալու նրանց: Անզգամների աչքին թվաց, թե նրանք մեռան, և նրանց ելքն այս աշխարհից համարվեց տանջանք, իսկ նրանց հեռանալը մեզնից՝ կործանում, բայց նրանք գտնվում են խաղաղության մեջ: Ու թեպետև մարդկանց թվում է, թե նրանք տանջվեցին, բայց նրանք անմահության հաստատ հույս ունեն, ինչպես և նրանք, որոնք չխուսափեցին սակավ ինչ տառապանքից, պիտի բարիքներ գտնեն, քանի որ Աստված փորձեց նրանց և նրանց էլ արժանի գտավ իրեն: Նրանց փորձեց, ինչպես ոսկին բովի մեջ, և իբրև ողջակեզի զոհ ընդունեց նրանց» (Իմաստություն Սողոմոնի 3:1-6):
Սուրբ Վարդանանց տոնի օրվա աստվածաշնչական այս ընթերցումը մեկ անգամ ևս իմաստուն Սողոմոնի խոսքերով հաստատում է քրիստոնեության հաղթանակը: Թե՛ Սբ. Վարդանանց և թե՛ ի Քրիստոս ննջածի համար անզգամն ու անհավատը գուցե ունեն իրենց սուբյեկտիվ կարծիքը, թե ինչ շահեցին նրանք կյանքից, ուղղակի տանջվեցին, մեռան և կործանվեցին: Այնինչ նրանք, անմահության հաստատ հույսով, համբերությամբ պայքարեցին փորձությունների դեմ՝ իրենց աչքերն ուղղելով Հիսուսին՝ մեր հավատի հիմնադրին: Սուրբ Վարդանանց քաջության և մեծ հավատի անձնուրաց կերպարները յուրաքանչյուր հայորդու համար դարեր շարունակ ոգեշնչման մեծ աղբյուր են հանդիսանում:
Նրանց հիշատակի օրը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվում:
ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Սուրբ Վարդանանց տոնին Սուրբ Պատարագ մատուցեց Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդան քահանա Գաբոյանը: Քարոզի ընթացքում Տեր Հայրը շնորհավորեց ներկաների անվանակոչության տոնը, ապա անդրադարձավ Սուրբ Վարդանանց պատմությանը, թե քրիստոնյա երկրները ինչպիսի վիճակում էին գտնվում օտարի, առավել ևս Պարսկաստանի իշխանության ներքո: Այնուհետև պատարագիչ քահանան մեջբերեց հայերի մերժողական պատասխանից մի հատված ուղղված պարսից Հազկերտ Բ թագավորին. «Այս հավատքից ոչ ոք չի կարող մեզ բաժանել. ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառը հարված… Ինչ կուզես անել, արա: Քո կողմից տանջանք, մեր կողմից համբերություն. քո սուրը և մեր պարանոցները»: Ըստ Տեր Վարդանի՝ Վարդան Մամիկոնյանի և հայոց նախարարների առերես ուրացումը ուրացություն չէր, քանի որ բառերով չեն ուրանում, այլ սրտով: Քանի որ դա ժամանակի պահանջի ճիշտ որոշում էր:
«Ողջ հայ ազգը թեև փոքրաթիվ, բայց նախանձախնդրորեն և քաջաբար, չստանալով նաև քրիստոնյա Բյուզանդիայի խոստացված օգնությունը, անվախորեն ոտքի է կանգնում թշնամու մեծ, բայց և վախկոտ բազմության առաջ: Պատմությունը շատ անգամներ է վկայում մեր հայերի քաջության մասին: Պարսիկները ռազմական առումով շահեցին, բայց պարտվեցին քաղաքական առումով, ի տարբերություն հայերի, ովքեր ունեցան բարոյական հաղթանակ: Թեև հետագայում էլ եղել են կրոնափոխության պարտադրանքներ, բայց նրանք հրաժարվեցին այն մտքից, որ հայերը պետք է դավանափոխ լինեն: Հայ ազգի մի շարք փառահեղ պատերազմների կողքին մեզ ոգևորող Վարդանանց պատերազմը գաղափարական առումով յուրատեսակ և յուրահատուկ է: Հանուն հավատի և հանուն հայրենիքի համար մղված պատերազմով ներշնչվել են հետագա դարերում ևս: Ազգի միասնականությունն այդ պահին անչափ կարևոր մի հանգամանք էր: Հերոսացան իրենք և հիմա մենք էլ իրենց ժառանգներն ենք: Սբ. Պողոս առաքյալը հոգևոր իմաստով հետաքրքիր զենքերի մասին է խոսում. հավատի վահան, փրկության սաղավարտ, Սուրբ Հոգու սուր: Մենք էլ կարիք ունենք զգեստավորվելու որոշակի «զենքերով»՝ կամեցողության, սիրո, հավատի, հույսի և հանդուրժողականության»,- ասաց իր քարոզին Տեր Վարդանը՝ հորդորելով, որ չմոռանանք Վարդանանց հերոսամարտը և չմոռանանք պատմության մեր դասերը մեր զավակներին սովերեցնել՝ աղոթելով մեր եկեղեցու, Վեհափառ Հայրապետի, մեր երկրի և հայոց բանակի համար:
Սուրբ Պատարագի ընթացքում կատարվեց հոգեհանգստի կարգ հայոց ազգի ի Քրիստոս ննջածների համար, իսկ ավարտին՝ Հայրապետական մաղթանք, քանի որ Սուրբ Վարդանանց օրը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի անվանակոչության տոնն է:
«Բոլորս մեր աղոթքն առ Աստված բարձրացնենք՝ խնդրելով, որ Տերը մեր Վեհափառ Հայրապետին երկար տարիների կյանք պարգևի, զորավոր պահի նրա գավազանը և Աջը օրհնաբեր, որպեսզի մենք էլ այդ օրհնության և Վեհափառ Հայրապետի առաջնորդության ներքո կարողանանք քրիստոնեական ճանապարհի մեջ հստակ ու հաստատուն քայլերով ընթանալ դեպի մեր խաղաղ նավահանգիստը»,- ասաց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զենոն քահանա Բարսեղյանը: Տեր Հայրը նշեց, որ այսօր Վեհափառ Հոր անվանակոչության տոնից բացի, նաև բոլոր նրանց անվանակոչության օրն է, ովքեր չեն կրում եկեղեցական օրացուցային սրբի կամ սրբուհու անուններ:
Սուրբ Վարդանանք իրենց արյունը թափելու չափ դիմադրեցին թե՛ երևացող և թե՛ աներևույթ թշնամիների դեմ՝ անմահությունը ժառանգելով: Նրանց քաջ օրինակը այսօր մեզ պատգամում է քաջորեն պայքարել մեղքի դեմ՝ Սբ. Պողոս առաքյալի հետևյալ խոսքի համաձայն. «Երբեք չհուսալքվեք ու չտակարանաք, մտաբերե՛ք, թե Հիսուսն ինչպիսի՛ համբերությամբ կրեց մեղավորների հակառակությունները: Դուք դեռ արյունը թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում» (Եբրայեցիներ 12:3-4):
Կարինե Սուգիկյան