3 Դեկտեմբեր, Գշ
Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում (Հովհ. Ը 47):
Ռուս Ուղղափառ Եկեղեցու ժամանակակից մի հոգևորական Նոր Կտակարանի ընթերցման կարգին վերաբերող` համայնքին ուղղված իր հովվական քարոզում ասում է. «Ընդունի՛ր այս սրբազան Գիրքն իբրև պարգև` առաքված քեզ երկնքից` Տիրոջ կողմից... Ընթերցելիս մի՛ մոռացիր, որ տեսնում ես Իրեն` Տիրոջը, Ով Իր առաքյալների հետ միասին Ավետարաններում, Գործք առաքելոցում և առաքելական թղթերում խոսում և գործում է քո առջև»: Ահա՛ մարդու ճշմարիտ վերաբերմունքը «հավիտենական և կենդանի» խոսքի նկատմամբ:
Յուրաքանչյուր պատմական անձի գործունեությունն ավարտվում է նրա մահվամբ, և այնժամ իրապես այն մեզ համար դառնում է անցյալի պատմություն: Այդպիսին չէ Հիսուս Քրիստոսի անձն ու գործունեությունը: Նա մեռած չէ, այլ ողջ է և «մոտ է բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն, բոլոր նրանց, ովքեր կանչում են Իրեն ճշմարտապես» (Սաղմ. ՃԽԴ 18): «Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում` մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 20): «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ» (Մատթ. ԺԸ 20): Ուստի և մենք Ավետարանն ընթերցելիս կարող ենք խոնարհ ու հավատավոր սրտով տեսնել Տիրոջն Իր առաքյալների հետ գործելիս, լսել Նրա խոսքը...
«Հիսուս Քրիստոսը` մեղավորների Բարեկամը, քայլում է Աստվածաշնչի այգիներով, ինչպես մի ժամանակ` Պաղեստինի լեռներով ու հովիտներով: Դուք կարող եք հիմա էլ տեսնել Նրան, եթե բաց աչքերով նայեք հին մարգարեություններին, ավելի հստակ կտեսնեք Նրան չորս Ավետարաններում: Նա բացահայտում է մեզ գաղտնիքներով լեցուն Իր հոգին առաքելական թղթերում և լսել տալիս Իր քայլերը Հայտնության գրքի խորհրդանիշերում. լսել է տալիս, թե ինչպես է մոտենում Իր գալուստը: Ողջ է Քրիստոս Իր Գրքում. դուք Նրան տեսնում եք գրեթե ամեն էջում, լսում Նրա խոսքը. ասես Ինքն անձամբ խոսում է ձեզ հետ: Քրիստոս ցայժմ խոսում է Իր Գրքի մեջ «երանիների» լեռից. Աստված, Ով ասաց` եղիցի լոյս, շարունակում է Իր Գրքի էջերում նույն պատգամները տալ: Անկաշառ ու անփոփոխ ճշմարտությունն է Իր ողջ զորությամբ բնակվում Գրքում և Նրան կենդանի պահում: «Խոտը չորանում է, ծաղիկն էլ թափվում, բայց Տիրոջ խոսքը մնում է հավիտյան» (Ա Պետ. Ա 24):
Ինչպես որ կարդում ու վերընթերցում ենք մեզ համար թանկագին մարդու նամակի տողերը` կանգ առնելով յուրաքանչյուր բառի վրա, խորամուխ լինելով նրա մեջ և բավականություն ստանալով, մեր միտքն ու զգացմունքներն ուղղելով նրան, ումից ստացել ենք նամակը, այդպես էլ պետք է կարդանք Աստծու խոսքը: Պետք է կարդալ երկյուղալից ուշադրությամբ, թոթափելով ամեն մի կասկած ու կենցաղային բոլոր հոգսերը, վեր բարձրացնելով սեփական միտքն ու սիրտն առ Նա, Ով Իր հայրական հոգատարությամբ «առաքեց Իր խոսքն ու բուժեց մեզ» (հմմտ. Սաղմ. ՃԶ 20):
Աստված հայտնվում է Սուրբ Գրքում` կարծես քայլելով ու խոսելով, ուստի և մարդը Սուրբ Գիրքը կարդալիս ասես լսում է Աստծու ձայնը: Մենք խոսում ենք Քրիստոսի հետ, երբ աղոթքի ենք կանգնում. մենք լսում ենք Նրան, երբ կարդում ենք Սուրբ Գիրքը (ս. Ամբրոսիոս Միլանի եպիսկոպոս):
Եթե դու երկրավոր թագավորից նամակ ստացած լինեիր, մի՞թե մեծ ուրախությամբ չէիր կարդա այն: Իհարկե, մեծ ուրախությամբ և սրտատրոփ ուշադրությամբ: Այնինչ ստացածդ նամակը ոչ թե երկրավոր, այլ երկնային Թագավորից է, իսկ դու գրեթե արհամարհում ես այդ շնորհը` այդ անգին գանձը:
Ամեն անգամ կարդալով սուրբ Ավետարանը` դու լսում ես Քրիստոսի` քեզ հասցեագրված խոսքերը: Ընթերցելիս դու և՛ աղոթում ես Նրան, և՛ զրուցում Նրա հետ (ս. Տիխոն Զադոնսկի):
Ոմանք պարծենում են ազնվազարմ իշխանների ու արքաների հետ ունեցած զրույցով, իսկ դու պանծա՛, որ Սուրբ Գրքում զրուցում ես Սուրբ Հոգու հետ, քանզի Սուրբ Հոգին է նրա միջոցով խոսողը:
Ջանա՛ ընթերցել Սուրբ Գիրքը և հարատևել աղոթքի մեջ: Քանզի ամեն անգամ, երբ Գրքերի միջոցով խոսում ես Աստծու հետ, սրբագործվում են մարմինդ ու հոգիդ: Իմանալով այս` ջանա՛ հարատևել ընթերցանության մեջ (եպիսկոպոս Ֆեոֆան):
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից