Մի հուսահատ մարդ կամրջի վրա ետ ու առաջ քայլելով խոսում է.
- Ամեն ինչ կորցրեցի, թե՛տուն, թե՛ ունեցվածք, թե՛ ընտանիք: Ինչպե՞ս ապրել. ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ էլ փող: Վերջ, ինձ ցած եմ նետում այս կամրջից, ո՞ւմ եմ ես պետք.., ապրելու իմաստ չկա այս կյանքում:
Նկատում է, որ մի կարճահասակ արարած նույնպես մտահոգված այս ու այն կողմ է քայլում:
Մարդը հարցնում է.
- Իսկ դու ո՞վ ես. Դո՞ւ էլ ես եկել քեզ ցած նետելու այստեղից, թե՞ լսեցիր ինչ էի ասում և իմ կյանքի համա՞ր ես մտահոգված:
Արարածը պատասխանում է.
- Մեկ է, չես հավատա, որ իմանաս, թե ով եմ: Ճիշտ կռահեցիր` քո անձով եմ մտահոգված:
Շուտափույթ եկել եմ քեզ խուրհուրդներ տալու: Ասում ես, թե ո՞ւմ ես պետք... Հոգիդ է մեզ պետք, հոգիդ: Այս երկու-երեք ժամ է, ինչ մի մեծ կաթսա եմ հայթայթել, դրա տակ հրաբորբոք կրակ վառել, կաթսան սևաթույր ու լավագույն ձյութով լցրել, եռացրել, իսկ դու դեռ մտածում ես` մեռնել, թե ապրել: Մի փոքր էլ, որ այդպես շարունակես, գուցե և փոշմանես...Մարդը սարսռած ետ-ետ է քայլում ու ասում.
- Իսկ ես գիտեի, թե ամեն ինչ կվերջանա, բայց տեսնում եմ, որ ամեն ինչ սկսվում է այդ վերջով:
Նախքան այստեղ գալը մի գիրք էի կարդում, ուր ասվում էր` նայիր շուրջդ և կտեսնես, թե ինչքան շատ իմաստ կա ապրելու: Միայն այն, որ գեղեցիկ ու նրբագեղ ծաղիկները քո խնամքի կարիքն ուն են, արդեն իսկ նշանակում է` քո կյանքն այս աշխարհում իմաստ ունի: Ավելի լավ է ես գնամ դաշտերում բնակվող ծաղիկներին խնամեմ, քան քեզ լսեմ ու կամրջից ցած նետվելով ուղիղ քո եռացող կաթսայի մեջ հայտնվեմ:
Դևն առաջանալով ասում է.
- Ո՛վ մարդ, չէ՞ որ ո՛չ Աստծուն ես հավատում, ո՛չ էլ սատանային, չէ՞ որ բոլոր պատմածներս հեքիաթներ են, դու միայն քեզ ցած նետիր, ես էլ մեծ սիրով կօգնեմ, չէ՞ որ ես չկամ, գոյություն չունեմ: Թույլ տուր` ես քեզ միայն այստեղից ցած նետեմ ու ամեն ինչ կվերջանա ու կտեսնես վերջը, որտեղից էլ սկսվում է քո վերջը...
Մարդն արագ այդ վայրից հեռանալով՝ պատասխանում է.
- Դու կաս, թե չկաս, չգիտեմ, բայց մի բան հասկացա և գիտեմ, թե որտեղ կա կամք, այնտեղ միշտ կա ճանապարհ և կյանք, ու ամեն մարդ պետք է ձգտի ապրել և հարատևել:
Հովհաննես Մանուկյան