21 Դեկտեմբեր, Շբ
- Հա՛յր, եթե մի մարդ Աստծով համբերում է մարդկանց կողմից պատճառած վշտերին ու անարդարություններին, ապա այդ համբերությունը մաքրո՞ւմ է նրան կրքերից:
- Դու դեռ հարցնո՞ւմ ես: Դա նրան ոչ թե մաքրում է, այլ՝ զտում: Մի՞թե այդ համբերությունից վեր բան կա: Այդ կերպ մարդ կարող է իր մեղքերը քավել: Տեսեք. բռնած հանցագործին ծեծում են, բանտ նետում, այնտեղ նա իր փոքրիկ «կանոնն» է կատարում: Եվ եթե այդպիսի մարդն անկեղծորեն ապաշխարի, ապա նա կփրկվի հավիտենական զնդանից: Մի՞թե չնչին բան է, եթե երկրային տառապանքի միջոցով մարդն իր հավիտենության հաշիվն է վճարում:
Ուրախությամբ դիմացեք յուրաքանչյուր դառնության: Մարդկանց կողմից մեզ պատճառած վշտերն ավելի քաղցր են, քան այն քաղցր «մրգահյութերը», որ տալիս են մեզ սիրողները: Տե՛ս, երանիների շարքում Քրիստոս չի ասում. «Երանի է նա, ում կգովաբանեն», այլ՝ «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն…» (Մատթ. 5:11) և հավելյալ «ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն»: Երբ մարդ անարդարացիորեն անարգանք է կրում՝ հոգևոր խնայողություն է կուտակում երկնային գանձարանում: Իսկ, եթե այդ անարգանքներն արդարացի են, ապա նա քավում է իր մեղքերը: Այդ պատճառով էլ մենք պետք է ոչ միայն անտրտունջ կերպով համբերենք նրան, ով գայթակղում է մեզ, այլև՝ երախտագիտության զգացում ունենանք նրա հանդեպ, որովհետև այդ մարդը մեզ բարենպաստ հնարավորություն է տալիս սիրո, խոնարհության ու համբերության վրա աշխատելու:
Զրպարտիչներն իհարկե բանսարկուի հետ են համագործակցում: Բայց ուժեղ քամին հիմնականում կոտրում ու արմատախիլ է անում այն նվազ ծառերը, որոնց արմատները խորը չեն: Իսկ ահա այն ծառերը, որոնց արմատները խորն են՝ ուժեղ քամին օգնում է ավելի խորացնել դրանք:
Մենք պետք է աղոթենք մեզ զրպարտողների համար և Աստծուց խնդրենք, որպեսզի նրանց ապաշխարություն, լուսավորում և առողջություն տա: Մենք մեր մեջ ատելության հետքն անգամ չպետք է թողնենք այդ մարդկանց հանդեպ: Մեր մեջ միայն մեզ հետ պատահած գայթակղության փորձը պետք է պահենք, դեն նետենք (վիրավորանքի ու տհաճության) ողջ դառնությունը և հիշենք Սուրբ Եփրեմ Ասորու խոսքերը. «Եթե դու զրպարտությանը համբերես և խղճիդ մաքրությունը հայտնի դառնա դրանից հետո, ապա մի մեծամտացիր, այլ խոնարհաբար ծառայիր Աստծուն, Ով ազատեց քեզ մարդկային զրպարտանքից, որպեսզի ողորմելի զոհ չդառնաս»:*
* Όσίου Έφραίμ του Σύρου. Έργα. Τόμος Θεσσαλονίκη, 1988. Σ. 253.
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի