22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Քրիստոնէական Ընդհանրական Եկեղեցին իր ողջ գոյութեան ընթացքում մշտապէս դատապարտել է յղիութեան արհեստական ընդհատումը (վիժեցումը կամ աբորտը[1])՝ սովորեցնելով, թէ դա սպանութիւն է, աւելի ճիշդ՝ մանկասպանութիւն է, քանի որ յղիութիւնն Աստծու պարգեւն է, իսկ վիժեցումն «անցանկալի յղիությունից» խուսափելու կամ ազատուելու միջոց չէ, ու մայրը պարտաւոր է փայփայել եւ սիրել իր արգանդում ձեւաւորուող մանկանը, ինչպէս որ Աստուած սիրեց մեզ ու իր կեանքը տուեց խաչի վրայ՝ իւրաքանչիւրիս փրկութեան համար։ Վիժեցման ոճրագործութիւնն առաւել ծանր է «քրիստոնեայ» կոչուողի համար, որովհետեւ այսպիսին կոչուած է նմանուել Քրիստոսին ու լինել արժանի ծնող։
Յղիութեան արհեստական ընդհատումը պտղաձուի հեռացումն է յղի կնոջ օրգանիզմից անմիջական ներգործելու միջոցներով: Այս անմարդկային տխուր արարքը մեծ տեղ է զբաղեցնում մեր հասարակական կեանքում: Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան նոր տուեալների համաձայն՝ ամէն տարի աշխարհում յղիութեան արհեստական ընդհատումների թիւը հասնում է մօտաւորապէս 50 միլիոնի։ Սրա հետեւանքով ամէն տարի մահանում է մօտ 70 հազար կին: Բացի դրանից՝ տասնեակ հազարաւոր կանայք տառապում են վիժեցումից առաջացած տարբեր բարդութիւններից: Եթէ չկան բժշկի կողմից մատնանշուած եւ ապացուցուած յատուկ պատճառներ, որոնք կարող են անյապաղ վերահաս մահ պատճառել յղի կնոջը, այդ դէպքում վիժեցումը դառնում է սպանութիւն՝ մի արարք, որը հակառակ է Աստծու կամքին: Վիժեցումը մահ է, սակայն «Քրիստոս եկաւ յաղթելու մահուանը, որպէսզի մենք կեանք ունենանք եւ աւելիով ունենանք» (Յովհ. 10, 10), եւ ինչպէս շարականագիր հայրապետն է ասում, «մահուամբ զմահ կոխեաց եւ Յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց[2]»:
Վիժեցման պաշտօնական թոյլտուութիւնն աւերիչ հարուած է հասցրել կանանց ու մայրերին: Կենսատու լինելուն զուգընթաց կինը դարձել է մահաբեր: Եւ սա չի կարող չազդել ու հետեւանք չթողնել կնոջ ընդհանուր աշխարհայեացքի վրայ: Ֆէմինիստ տեսաբանները, արդարացնելով արհեստական վիժեցումը, ասում են, թէ իւրաքանչիւր կին իրաւունք ունի վերահսկելու իր մարմինը, պէտք չէ ուրիշներին պարտադրել իրենց կրօնական բարոյականութիւնը, օրինականացուած վիժեցումը անվտանգ է, պտղի սաղմը դեռ անձ չէ, յղիությունը բռնաբարութեան արդիւնք էր, ծնողները դէմ են երեխայի ծննդեանը կամ էլ ամուսինն սպառնում է, թէ կը բաժանուի։ Նաեւ ասում են, թէ արդէն նորածինը հիւանդ էր ծնուելու, կամ էլ ծնողները հարբեցողներ են կամ թմրամոլ, եւ սրանց նման շատ այլ պատճառաբանութիւններ: Յղիութեան արհեստական ընդհատումների առկայութեան պատճառներից են մասնաւորապէս արտաամուսնական կապերը։ Յղիութեան արհեստական ընդհատումը թոյլատրւում է ծայրայեղ դէպքերում՝ բացառապէս եթէ առաջանում են կեանքին սպառնացող առողջական խնդիրներ։ Ֆէմինիստները սիրում են խօսել սեռային յեղափոխութեան մասին՝ որպէս միակ «անարիւն յեղափոխութիւն»-ը մարդկային պատմութեան մէջ: Սակայն 20-րդ դարում արհեստական վիժեցումն արդէն կորցրել է հարիւր միլիոնաւոր կեանքեր: Եթէ Ամերիկայի բնակչութեան առնուազն կէսը գործուն կերպով հակազդում է այս արհեստական վիժեցման յանցագործութեանը, ապա սարսափելին այն է, որ մենք չենք խօսում դրա մասին: Մեր երկրում՝ Հայաստանում, դժուար է գտնել մի ընտանիք, որը կեանքում գոնէ մէկ անգամ դիմած չլինի յղիութեան արհեստական ընդհատմանը: Պարզապէս մարդիկ իրենց ընտանիքների բարեկեցութիւնը կառուցում են իրենց երեխաների արեամբ:
Պատմութիւնը ցոյց է տալիս, թէ որքան շատ են բարոյապէս այլասերւում քաղաքակրթութիւնները, այնքան շատ են տուժում թոյլերն ու անպաշտպանները։ Բազմիցս նկատել ենք, թէ ինչպէս են աշխարհի չար մշակոյթներն սպանում թոյլերին, ծերերին, երիտասարդներին եւ դեռ չծնուածներին: Հին Կտակարանում գրուած է, թէ ինչպէս էին չար իսրայէլացիները զոհաբերում իրենց երեխաներին հեթանոս չաստուած Բահաղին (տե՛ս Երեմ. 5 եւ էչ գլուխներ), այրում ու հազարաւոր երեխաներ էին զոհաբերում Մողոք չաստծուն (տե՛ս Երկ. Օր. 12, 31։ 18, 9-10): Այս նորածիններից շատերը, որոնք զոհաբերւում էին կրօնական պաշտամունքի պատրուակով, սոցիալապէս անցանկալի էին, հաշմանդամ էին կամ էլ ծնուած էին արտամուսնուկան կապերից։ Երբ Հռոմը բարոյապէս այլասերուեց, հռոմէացիներն սկսեցին «մերկացնել» անցանկալի նորածիններին ու նրանց տանել անապատ, որտեղ նրանց թողնում էին՝ գիշերը սառչելով մեռնելու կամ էլ վայրի կենդանիներին կերակուր դառնալու։ Ողջ պատմութեան ընթացքում չար հասարակութիւնները վայրագութիւններ էին գործում մանուկների դէմ: Շատ մարդիկ այսօր կարծում են, թէ մեր «լուսաւորութեան» դարաշրջանում մենք ունենք արհեստական վիժեցման բոլոր իրաւունքները, որովհետեւ մենք ունենք զարգացած բժշկութիւն եւ օգտակար դեղամիջոցներ: Բայց նախորդ չար քաղաքակրթութիւնների նման մենք էլ ենք արդարացնում մանկասպանութիւնը: Այսպէս կոչուած «քրիստոնեայ» բժիշկները, որոնք կատարում են արհեստական վիժեցումները, կարող են շատ բան սովորել հայն եթանոս յոյներից, որոնք հիմնադրեցին բժշկագիտութիւնը: Այս հեթանոս բժիշկները սարսափում էին այն մտքից, թէ որեւէ մարդ, ով ձեռք է բերել բժշկական հմտութիւններ, կարող է սպանել տկար եւ անպաշտպան մարդուն: Բժշկագիտութեան հայր Հիպոկրատը (Ն. Ք. 460-377 թթ.) սահմանեց Հիպոկրատի երդումը՝ պատմականօրէն ընդունուած բարոյականութեան ու բժշկական էթիկայի սկզբունքների մի ամբողջութիւն, որով երդւում են բոլոր բժիշկները՝ բժշկական գործունէութիւնն սկսելուց առաջ։ Այս երդման համաձայն՝ բժիշկները խոստանում են երբէք չկատարել վիժեցում կամ էֆթանազիա[3]։ Նոյնպէս երդւում են կանանց երբէք չտալ վիժեցնող դեղամիջոցներ: Ակնյայտ է, թէ վիժեցումն ու էֆթանազիան արդէն վաղուց մեծ խնդիր էին հեթանոսական աշխարհում: Բայց մեր ժամանակներում բժիշկներն սկսել են պարզապէս չնկատել եւ ուրանալ Հիպոկրատի երդման այս կարեւորագոյն հատուածները, որոնք արգելում են վիժեցումն ու էֆթանազիան։ Վերջին մի քանի տասնամեակներում շատ բժիշկներ անտեսեցին ու լքեցին իրենց բժշկական մասնագիտութեան այս հիմնարար սկզբունքը: Հիպոկրատը կը խրտնէր, եթէ, այսպէս կոչուած, մեր «լուսաւորութեան» դարաշրջանում տեսնէր այդ բժիշկներին, որոնք այսօր իրականացնում են պահանջուած մարդասպանութիւնը:
Չծնուած երեխայի մասին վերաբերմունքը հիմնականում փոխուեց 70-ականներին, երբ գիտութիւնն սկսեց զբաղուել սաղմնագիտութեան ուսումնասիրութեամբ, որոնց արդիւնքները դարձան մի նոր մեծագոյն նուաճում բժշկութեան մէջ: Բոլոր յայտնաբերութիւններն այս ոլորտում հնարաւոր դարձան ժամանակակից նոր տեխնոլոգիաների ներդրման շնորհիւ: Առաջ ասում էին, որ գիտական տեսանկիւնից հնարաւոր չէ ապացուցել, թէ կեանքի սկիզբը բեղմնաւորման պահի՞ց է. եւ անընդհատ պնդում էին, թէ անհնար է իմանալ՝ կեանքը ե՛րբ է սկսւում արգանդում: Սակայն գիտութիւնն այսօր վերջապէս ընդունակ է պատասխանել այս հարցին: Այսօր գիտութեամբ ապացուցուած անվիճելի փաստ է այն, թէ մարդու կեանքն սկսում է հէնց բեղմնաւորման պահից, եւ այդ վայրկեանից պտուղը համարւում է մարդկային էակ: Մարդու կեանքն սկսւում է այն պահից, երբ իրար հանդիպում եւ միաւորւում են արու եւ էգ երկու սեռական բջիջները, որոնց արդիւնքում առաջանում ու ձեւաւորւում է մէկ բեղմնաւորուած բջիջ, որում ներառուած է մարդու ամբողջ կեանքը՝ սեռը, արեան բաղադրութիւնն ու տեսակը, աչքերի եւ նոյնիսկ մազերի գոյնը, եւ այլն: Կեանքը շարունակական գործընթաց է: Այն պահից, երբ կնոջ ձուաբջիջը բեղմնաւորւում է տղամարդու սերմաբջիջով, սկսւում է մարդկային կեանքը: Նորաստեղծ բեղմնաւորուած բջիջը կոչւում է «զիգոտ» (zygote): Երբ «զիգոտ»-ն սկսում է աճել, այն կոչւում է «սաղմ» (embryo)։ Յետագայ փուլերում սաղմն արդէն կոչւում է «պտուղ» (fetus): «Զիգոտ», «սաղմ» ու «պտուղ» գիտական եզրոյթները պարզապէս նկարագրում են տուեալ չծնուած անձի զարգացման տարբեր փուլերը: Նրանք ծառայում են այն նոյն նպատակին, որին ծառայում են «անչափահաս», «չափահաս» կամ «մեծահասակ» եզրոյթները: Դրանք երբէք չեն նշանակում, թէ չծնուած երեխան դեռեւս մարդ չէ: Ինչպէս մանուկն իր զարգացմամբ տարբերւում է անչափահասից, այդպէս էլ պտուղը տարբերւում է մանուկից: Սակայն նրանք բոլորն էլ մարդկային արարածներ են: Իւրաքանչիւր բջջային սաղմ արդէն իսկ իւրայատուկ եւ չկրկնուող անձ է: Քրիստոնեաները հաւատում են, թէ մարդու հոգին ստեղծւում է բեղմնաւորման պահին: Վաղ քրիստոնէական նշանաւոր աստուածաբան եւ ուսուցիչ Տերտուղիանոսի համաձայն՝ «նա, ով մարդ պիտի լինի, արդէն իսկ մարդ է... Մովսէսի օրէնքը, իրօք, պատշաճ կերպով պատժում է այն մարդուն, ով վիժեցում է առաջացնում [տե՛ս Ելք 21, 22]»[4]: Ի սկզբանէ սաղմում հոգու գոյութեան կողմնակից սբ. Գրիգոր Նիւսացին գրում է. «Որովհետեւ մարդու տեսակը, որ մարմնի մասերով պիտի ամբողջանայ, նրանում (սաղմում) առկա է ներունակութեամբ: Բայց այն գաղտնի է մնում այն պատճառով, որ անհնար է նրան յայտնուել անհրաժեշտ զարգացման յաջորդականութեան գոյութեան պատճառով: Այդպէս էլ հոգին՝ թէեւ անյայտ առկայ է նրանում (սաղմում), որը կը յայտնուի իրեն յատուկ բնական ներգործութեան միջոցով՝ մարմնական աճի հետ համատեղ ընթանալով: Որովհետեւ բեղմնաւորման ուժը դուրս է գալիս ոչ թէ մեռած մարմնից, այլ հոգի ունեցող ու կենդանի մարմնից։ Դրա համար էլ մենք պնդում ենք, թէ արդար է մահացած եւ անհոգի չհամարել այն, ինչ որ սկիզբ է առնում կենդանի մարդուց, որը պիտի դառնայ մէկ այլ կեանքի խթան: Սկզբնական կառուցուածքային ժամանակահատուածում հոգու մէջ առաջանում է աճող ու սնուցող ուժ, ինչպէս արմատը, որ թաքնուած է հողի տակ, քանզի ընկալողի փոքրութիւնը (սաղմի) չի կարող տեղաւորել աւելի մեծը: Այնուհետեւ, երբ բոյսը դուրս է գալիս լոյս աշխարհ ու ցոյց տալիս արեւին իր ցօղունը, այնժամ ծաղկում է զգայական ներգործութիւնը, իսկ երբ հասունանայ ու հասնի համապատասխան բարձրութեան, այնժամ պտղի նման կը սկսի ներգործել բանական կարողութիւնը, որը, սակայն, միանգամից չի արտայայտւում, այլ անդամների կատարելագործման հետ համատեղ աճելով»[5]:
Սբ. Գրիգոր Լուսաւորիչ հայրապետը խօսում է մանկասպանութեան մասին՝ ասելով. «Պոռնկութեան համար բազմավնաս նենգութիւններ են նիւթւում իրենց մէջ օտարների եւ ընտանիքների նկատմամբ… Կէսը որովայնում ճմլում են ու տարաժամ հանում մանուկներին, եւ կամ դեղերով ապականում են որովայնում, եւ կան էլ, որ ծնուածներին են սպանում»[6]։ Նա նոյնպէս նշում է պտղի՝ ի սկզբանէ անձ լինելու հանգամանքը. «Իսկ մարդկանց ծնունդը սաղմնաւորութիւնից սկսած նորոգւում է, կեանք ստանում եւ աճում, զարգանում՝ սահմանուած օրերին ծնուելու համար: Իսկ նրանք, որ ասում են, թէ ինչպէս մանուկն է որովայնում անզգայ, բայց կենդանի, լռած ու դադարած խօսելուց ու լսելուց, գնալուց ու գործելուց, այսպէս են համարում նաեւ մարդկանց հոգիները` լռած ու ցածրացած. թող սա իմանան, որ սաղմնառութիւնից սկսած զարգանում է ու դառնում մանուկ յօրինուածքով՝ ըստ մարդկային կերպարանքի, եւ մանուկն սկսում է աճել մանկութեան սնունդով ծնուելու համար ` մարմնի ու մտքի աճման հետ մէկտեղ որովայնում»[7]: Քրիստոնէական դաւանանքների ճնշող մեծամասնութիւնը հաւատում է, թէ արհեստական վիժեցումը մանկասպանութիւն է մօր արգանդում: Պտուղը, աւելի ճիշդ է ասել՝ մարդ արարածը, Աստծու շնորհով ապրելով մօր մարմնում, մի ամբողջ կեանք է այլ կեանքում: Անշուշտ, ոչ ոք, ու նոյնիսկ մայրը, իրաւունք չունի ոչնչացնելու ուրիշ կեանք՝ սպանութիւն գործելով:
Մոսկուայի Մ. Վ. Լոմոնոսովի անուան պետական համալսարանի էմբրիոլոգիայի (սաղմնային կենսաբանութեան) ֆակուլտետի դոկտոր-պրոֆէսորներ Դ. Վ. Պոպովն ու Վ. Ա. Գոլիչենկոն փաստում են հետեւեալը. «Ժամանակակից կենսաբանութեան (գենետիկայի կամ սերնդագիտութեան ու սաղմնաբանութեան) տեսանկիւնից մարդու՝ որպէս կենսաբանական անհատի կեանքն սկսւում է արական եւ իգական բջիջների սերտաճման ու մէկ կորիզ դարձած պահից, որն իր մէջ պարունակում է իւրայատուկ նիւթ: Մարդկային նոր օրգանիզմը ներարգանդային զարգացման ողջ ժամանակ չի կարող համարուել մօր մարմնի մասնիկը: Այն չի կարելի նմանեցնել մայրական մարմնի որեւէ անդամի կամ անդամի մասի: Հետեւաբար, ակնյայտ է, որ յղիութեան ցանկացած փուլում արհեստական վիժեցումը մարդու՝ որպէս կենսաբանական անհատի՝ կեանքի կանխամտածուած դադարեցումն է»[8]:
Բերնարդ Նաթանսոնը (Bernard Nathanson)՝ մասնագիտացուած հիւանդանոցի նախկին տնօրէնը, իր տարիների գործունէութեան ընթացքում իրականացրել է մօտ վաթսուն հազար արհեստական վիժեցում: Խորհելով, թէ որքա՛ն անվնաս են այս գործողութիւնները, նա իրականացնում է գիտական բազում հետազօտութիւններ՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիա կամ արուեստագիտութիւն: Խիստ ու մանրակրկիտ հետազօտութիւններ անցկացնելուց յետոյ նա յայտնում է. «Այն փաստը, թէ սաղմն առանձին մարդկային արարած է՝ իրեն բնորոշ բոլոր անհատական յատկանիշներով, այսօր կասկածի տակ չի դրւում»: Իր այս բացայայտումը հաստատելու համար Նաթանսոնը պտղի սաղմի վրայ կատարում է վիժեցման ուլտրաձայնային նկարահանում: Այս յայտնի տեսաժապաւէնը, որ կոչւում է «Անձայն ճիչ», ապացուցում է, թէ ինչպէս է պտուղը կանխազգում գործիքի սպառնալիքը, որով իրականացւում է այդ ոճրագործութիւնը։ Պտուղն արգանդում սկզբնապէս սկսում է անհանգիստ եւ աւելի արագ շարժուել. նրա սրտի բաբախումն աճում է 140-ից 200 զարկ մէկ րոպէում։ Յետոյ պտուղը լայնօրէն բացում է իր բերանը ու կարծես թէ ուժգին բղաւում է անձայն ճիչով: Գիտական դիտարկումները, որոնք անցկացւում են ժամանակակից սարքաւորումների օգնութեան շնորհիւ, վկայում են, թէ 2,5 շաբաթ (18 օր) յետոյ պտղի մօտ արդէն զգալի է սրտի բաբախման զարկը, եւ մեկուսացման մէջ սկսում է գործել իր սեփական արեան շրջանառութեան համակարգը։ Եօթը շաբաթ (50 օր) յետոյ արդէն չծնուած երեխայի մօտ արձանագրւում են ուղեղի զարկերը, ու փոքրիկ մարդն ունի լիովին ձեւաւորուած արտաքին ու ներքին օրգաններ։ Տասը շաբաթ (70 օր) յետոյ երեխան ունի բոլոր այն յատկանիշները, որոնք ունեն երեխաներն իրենց ծնունդից յետոյ։ Տասներեք շաբաթ (92 օր, 3 ամիս) յետոյ երեխան հասնում է զարգացման այնպիսի աստիճանի, որ շարժում է իր գլուխը, կարող է կատարել տարբեր շարժումներ ու ծամածռութիւններ, բռունցք է կծկում, գտնում է բերանը ու ծծում իր մատը:
Աստուածաշունչն ուղղակիօրէն չի անդրադառնում վիժեցմանը, բայց յայտնում է Աստծու տեսակէտն ու կամքը մարդու կեանքի վերաբերեալ, այդ թւում՝ արգանդում ձեւաւորուող պտղի կեանքի մասին: Այդ վկայութիւնները մենք կարող ենք մշակել որպէս յստակ քրիստոնէական տեսութիւն՝ արհեստական վիժեցման խնդրի մասին: Աստուածաշունչն ասում է, թէ մարդիկ ստեղծուած են Աստծու պատկերով. «Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ… Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց»» (Ծննդ. 1, 26-27): Առանձնայատուկ տեղ են գրաւում այն հատուածները, որոնք արտայայտում են աստուածաշնչեան վերաբերմունքը նորածին պտղի մասին, յատկապէս Տէր Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան մասին խօսքերը: Բանալին այստեղ այն է, թէ Աստծու Որդին մարմնաւորմամբ ընդունում է մարդկային բնութիւն՝ զանց չառնելով Կոյս Մարիամի արգանդում պտղի ձեւաւորման ու զարգացման ժամանակաշրջանը: Այս մասին է վկայում նաեւ Եսայու մարգարէութիւնը Քրիստոսի Ծննդեան մասին (Ես. 49, 1): Կեանքն արգանդում նկարագրուած է Յիսուսի Ծննդեան պատմութեան մէջ: Յատկապէս յստակօրէն է արտայայտւում Մատթէոս աւետարանիչը (Մտթ. 1, 20)։ Ըստ նրա՝ պտուղը, որ բնակւում է Կոյս Մարիամի արգանդում, արդէն Քրիստոսն է՝ Աստծու Որդին եւ մարդու Որդին։ Վերջապէս, Ղուկաս աւետարանիչը վկայում է (Ղուկ. 1, 41), թէ Յովհաննէս Մկրտիչը կատարում է իր մարգարէական ծառայութիւնը արդէն մօր արգանդում, եւ այս առումով մարդ արարած է ամբողջութեամբ։ «Մարիամը մտաւ Զաքարիայի տունը եւ Եղիսաբէթին ողջոյն տուեց, եւ երբ Եղիսաբէթը Մարիամի ողջոյնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում»։ Թարգմանուած յունարէն բնագրից «մանուկ» բառը Եղիսաբէթի արգանդում այն նոյն բառն է, որ օգտագործւում է որպէս արգանդից դուրս եկած նորածին մանուկ: Նորածին Յիսուսի համար նոյնպէս օգտագործւում է «մանուկ» բառը: Եղիսաբէթի համար սա աւելին էր, քան պարզապէս զգացմունքային մի պոռթկում. «Եղիսաբեթը լցուեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնեա՜լ ես դու կանանց մէջ, եւ օրհնեա՜լ է քո որովայնի պտուղը։ Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ. որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում»» (Ղուկ. 1, 41-44): Աստուած մարդուն ճանաչում է դեռ նրա բեղմնաւորման պահից։ Ըստ Աստուածաշնչի՝ Աստուած մեզ գիտէ դեռեւս մինչեւ մեր ծնուելը. «Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ, եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր։ Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։ Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն, ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում։ Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրուեցին քո գրքում» (Սաղմ. 138, 13-16)։ «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի» (Երեմ. 1, 5): «Նա Տիրոջ առաջ մեծ կը լինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի» (Ղուկ. 1, 15): Արդէն նշեցինք, թէ Աստուածաշունչը հետեւողականօրէն օգտագործում է «մանուկ» բառը ե՛ւ նորածնի, ե՛ւ չծնուած պտղի համար, ու որեւէ ֆիզիկական տարբերութիւն չի ճանաչում այս երկուսի միջեւ: Սուրբ գրութիւններում չկայ որեւէ յատուկ իրադարձութիւն, թէ կոնկրետ ե՛րբ է «մարդ արարած»-ը դառնում «անձ»: Փոխարէնը, նա սկզբից էլ նոյն մարդն է, որ աճում ու զարգանում է, ինչպէս արգանդի ներսում, այդպէս էլ նրանից դուրս: Թէ՛ ծնուածը եւ թէ՛ չծնուածը միեւնոյն անձն է: Նոր Կտակարանում «մանուկ» բառն (յունարէն՝ /βρέφος, brephos, բրեֆոս/) օգտագործւում է դեռ չծնուածին, նորածնին կամ էլ անչափահասին նկարագրելու համար: Օրինակ՝ Ղուկասի Աւետարանի 1, 44-րդ համարում «մանուկ» բառը կիրառւում է նաեւ չծնուածի համար. «Ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը (βρέφος) ցնծալով խաղաց իմ որովայնում»: Այնուհետեւ, 2, 12-րդ համարում նոյն բառը նշանակում է «նորածին». «Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ (βρέφος) կը գտնէք»: Իսկ 18, 15-րդ համարում այդ բառը վերաբերում է անչափահաս երեխաներին. «Մանուկներին (βρέφος) էլ մօտեցնում էին նրան, որպէսզի նրանց դիպչի»: Հին Կտակարանում էլ նոյն կերպով է օգտագործւում «մանուկ» բառը (եբրայերէն נולד /yeled, յէլէդ/): Ելքի 21, 22-րդ համարում «մանուկ» (կամ այլ թարգմանութիւններում՝ «տղայ») բառը նշանակում է յղի կնոջ չձեւաւորուած ու չծնուած պտուղը. «Եթէ երկու տղամարդիկ կռուելիս հարուածեն մի յղի կնոջ, եւ կինը, պտուղը դեռ չձեւաւորուած, վիժի, հարուածողը թող հատուցի վնասը. ինչ որ պահանջի կնոջ ամուսինը, նա թող վճարի ըստ սահմանուած կարգի եւ տայ աղաչելով»: Հին Կտակարանի այլ համարներում էլ այդ բառն օգտագործւում է անչափաս եւ նոյնիսկ երիտասարդ անձանց բնութագրելու համար:
Այսպիսով, Աստուած ճանաչում է մարդուն, երբ նա տակաւին ձեւաւորւում է արգանդում։ Նա գիտէ երկրի վրայ մարդու կեանքի իւրաքանչիւր օրը։ Նրա սէրն ու հոգատարութիւնը միշտ մեզ հետ են մեր ամբողջ կեանքի ընթացքում: Մարդկային սաղմը, չնայած իր կենսաբանական թերի զարգացմանը, մարդ արարած է։ Աստուածաշնչի համաձայն՝ ամէն մի մանուկ արգանդում եզակի մարդկային կեանք է, որ իր սիրոյ կապն ունի Տիրոջ հետ։ Հետեւաբար, մանուկները մօր արգանդում պէտք է պաշտպանուած լինեն: Աստուածաշունչը շատ բան ունի ասելու թոյլերի պաշտպանութեան օգտին, յատկապէս նրանց, ովքեր ձայն չունեն. «Աստծու խօսքո՛վ բաց քո բերանը եւ ողջամտութեա՛մբ դատիր բոլորին, քննի՛ր եւ տարբերի՛ր աղքատին ու խեղճին» (Առակ. 31, 8): «Արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին» (Առակ. 31, 8): Մենք պատասխանատուութիւն ենք կրում խօսելու բոլոր նրանց կողմից, ովքեր չեն կարող խօսել իրենց անձերի համար, այդ թւում ներարգանդային երեխաների։
Ակնյայտ է, թէ անպաշտպան արգանդում ապրող պտղի կանխամտածուած սպանութիւնը նոյնն է, ինչ չափահաս մարդու սպանութիւնը: Աստուածաշունչը յստակօրէն արգելում է ամէն տեսակի սպանութիւն։ Պօղոս առաքեալն ասում է. «Բայց, երբ կամեցաւ Աստուած (նա ընտրել էր ինձ իմ մօր որովայնից եւ կոչեց իր շնորհների միջոցով)...» (Դ. Թագ. 12, 21-23): Աստուա՛ծ է ստեղծում բոլոր մարդկանց, եւ ամէն մի կեանք շատ կարեւոր է Իր համար: Մովսէսի ժամանակ Աստուած սահմանեց օրէնքներ՝ առաջնորդելու Իսրայէլի ժողովուրդին: Գոյութիւն ունէին որոշ պատժական օրէնքներ տարբեր յանցագործութիւնների համար: Աստուածաշնչի «Ելք» գրքում չծնուած երեխային մահ պատճառելու համար պատժի էին ենթարկում՝ ըստ հետեւեալ սահմանուած կարգի. «Թող հատուցի ըստ այս կարգի. կեանքի դիմաց՝ կեանք» (տե՛ս Ելք 21, 22-25): Այլ կերպ ասած, Աստուած որպէս սպանութիւն է տեսնում այն, ինչի հետեւանքով արգանդում վախճանուել է չծնուած երեխան: Այս հատուածներին աջակցում է այն տեսակէտը, թէ չծնուած մանուկները մարդկային էակներ են եւ մնացած մարդկանց նման հաւասար կարեւորութիւն ունեն: Սաղմոսագիրքը տալիս է արգանդում գտնուող պտղի կեանքի բանաստեղծական նկարագրութիւնը. «Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ, եւ մօրս որովայնից ինձ ընդունեցիր։ Գոհութիւն պիտի մատուցեմ քեզ, Տէ՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։ Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն, ոչ էլ ծածկուեց կարողութիւնն իմ երկրի խորքերում։ Իմ անկատարութիւնները տեսան քո աչքերը, եւ այդ բոլորը գրուեցին քո գրքում։ Ցերեկը դրանք մոլորուեցին, ու չկար մէկը, որ առաջնորդէր դրանց» (Սաղմ. 138, 13-16): Այստեղ կեանքն արգանդում նորից նկարագրւում է որպէս Աստծու արարչութիւն, ուստի ունի հսկայական արժէք: Երեմիա մարգարէի գրքում Աստուած ասում է. «Դեռ քեզ որովայնում չստեղծած՝ ես ընտրեցի քեզ, եւ դեռ արգանդից դուրս չեկած՝ սրբացրի քեզ ու հեթանոսների վրայ մարգարէ կարգեցի» (Երեմ. 1, 5): Նոյնիսկ նախքան Երեմիայի ծնունդը Աստուած ձեւաւորեց ու սրբացրեց մարգարէին՝ Իր կամքը կատարելու նպատակով: Սաղմոսերգուն էլ վկայում է. «Չծածկուեց քեզնից իմ ոսկորը, որն ստեղծեցիր դու թաքուն» (Սաղմ. 138, 15): Նաեւ՝ «Դո՛ւ հանեցիր ինձ արգանդից, իմ յոյսը դարձար մօրս կաթով սնուելու օրից» (Սաղմ. 22, 10): Նոյն վկայութիւնն է անում Պօղոս առաքեալն իր՝ գաղատացիներին ուղղուած նամակում. «Նա ընտրել էր ինձ իմ մօր որովայնից եւ կոչեց իր շնորհների միջոցով» (Գաղ. 1, 15): Արհեստական վիժեցումը դիտւում է որպէս յանցանք Աստծու դէմ, իսկ մանուկները դիտւում են որպէս Տիրոջ օրհնութիւն. «Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի։ Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս են որդիներն անկեալների։ Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ՚առնի այդ նետերից. երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի, նա ամօթով չի մնայ» (Սաղմ. 126, 4-6):
Ինքնաբեր կամ յօժարակամ վիժումը նոյնպէս նորածնի մահն է նախքան նրա ծնուելը: Մօր արգանդը մանկան համար նախատեսուած է լինել ջերմութեան եւ անվտանգութեան վայր: Այս մեղքի աշխարհն առաջացնում է սերնդագիտական (գենետիկ) խնդիրներ, գունային (կամ քրոմոսոմական) սխալներ ձուաբջջի կամ սերմաբջջի մէջ: Եթէ թերութիւնները չափազանց մեծ են, ապա պտուղը շատ յաճախ տարերայնօրէն վիժում է: Ինքնաբեր վիժումն առաջանում է արգանդի պատի եւ պտղաձուի կապի խախտումից: Մօր վերարտադրողական համակարգի խնդիրները կարող են նաեւ առաջացնել ծննդաբերելու ժամկէտների տեղափոխութեան խնդիրներ: Վիժուածքն անձի մահն է (տե՛ս Սաղմ. 138, 13-16): Սակայն մանուկը մօր արգանդում Աստծու աչքին երեւում է որպէս մարդ էակ, որ ստեղծուած է Իր պատկերով (տե՛ս Ծննդ. 1, 27)։ Ու քանի որ Աստուած իւրաքանչիւր վիժուածքին տեսնում է որպէս մարդ արարած, ուստի նոյնը եւ մենք պէտք է տեսնենք: Լիովին տեղին է երեխային անուն տալ՝ ճանաչելով նրա անհատականութիւնը եւ սգալ նրա կորստեան համար: Անկախ այն բանից, թէ յղիութիւնը նախատեսւո՞ւմ էր, թէ՞ ոչ, ցանկալի՞ էր, թէ՞ ոչ, վիժեցումը մանկան մահ է ու կորուստ: Հանգամանքներն ու իրավիճակը կարող են դժուար ու ծանր լինել, բայց իւրաքանչիւր մանուկ, անկախ այն բանից, թէ որքան կարճ է իր կեանքը, օրհնութիւն է: Մանկան կորուստը մշտատեւ չէ: Երբ Դաւթի երեխան մեռաւ, նա յայտարարեց, թէ նորից տեսնելու է իր երեխային. «Ես եմ նրա մօտ գնալու, իսկ նա ինձ մօտ չի վերադառնայ» (Դ. Թագ. 12, 21-23): Մենք էլ կարող ենք մխիթարուել նման համոզումով:
Հնագոյն ժամանակներից սկսած՝ Ընդնհանրական Եկեղեցին համարում էր, թէ յղիութեան արհեստական ընդհատումը ծանր յանցանք է: Հայ Եկեղեցին բացարձակապէս դէմ է վիժեցում հասկացողութեանը։ Այն քննադատւում ու դատապարտւում է՝ համարուելով մեծագոյն մեղքերից մէկը, քանի որ հէնց Աստուածաշունչը հստակ արգելում ու դատապարտում է անմեղ անձի կեանքն առնելը։ Գրուած է. «Մի՛ սպանիր» (Ելք 20, 13): Նաեւ՝ «Ով թափի մարդու արիւնը, նրա արեան փոխարէն թող թափուի իր արիւնը, որովհետեւ Աստծու պատկերով եմ ստեղծել ես մարդուն» (Ծննդ. 9, 6): Դարձեալ՝ «Անիծեալ լինի այն մարդը, որը կաշառք կը վերցնի անմեղ մարդ սպանելու հաար» (Երկ. Օր. 27, 25): Աստուած ատում է «անմեղ արիւն թափղ ձեռքեր» (Առակ. 6, 18): Եկեղեցու հայրերը դատապարտում են յղիութեան արհեստական ընդհատումը։ Դեռեւս առաջին դարում այս մասին գրուած է Թադէոս առաքեալին վերագրուող եկեղեցական կանոններում. «Եթէ… որեւէ մէկը շնանալու համար որդեծնութիւնը խափանում է, այդպիսին ապաշխարողների հետ թող ապաշխարի բազում հառաչանքներով»[9]: Եկեղեցական կանոնները արհեստական վիժեցումը հաւասարեցնում են սպանութեանը: Այսպիսի գնահատումը հիմնւում է այն համոզման վրայ, թէ մարդու ծնունդն Աստծու պարգեւն է, ուստի բեղմնաւորման պահից ապագայ մարդու կեանքի ցանկացած ոտնձգութիւն յանցագործութիւն է: Եկեղեցու տեսանկիւնից դիտուած՝ մարդու կեանքը չի սկսւում ծննդեան պահից, ոչ էլ աւարտւում է մահուամբ: Սբ. Բարսեղ Մեծն իր 2-րդ կանոնում ասում է. «Նա, ով միտումնաւոր ոչնչացրել է արգանդում բեղմնաւորուած պտուղը, պէտք է դատապարտուի սպանութեան համար: Մեզ մօտ չկայ նուրբ տարբերակումը ձեւաւորուած կամ դեռ չձեւաւորուած պտղի: Այս դէպքում դա ոչ միայն այն մասին է, թէ ինչպէս է ծննդաբերութիւնը պաշտպանւում, այլեւ այն, թէ կինն ինքն իր վրայ յարձակում է գործում եւ այդ յարձակման փորձերից շատ յաճախ մահանում է: Սաղմի ոչնչացումը լրացուցիչ յանցագործութիւն է՝ երկրորդ սպանութիւն, եթէ մենք այն կատարել ենք միտումնաւոր կերպով: Բայց պէտք չէ ամբողջ կեանքը թողնել կանանց ապաշխարութեան վրայ, այն էլ տասը տարի ժամկէտով: Ու թող նրանց բուժումը ոչ թէ զուտ ժամանակով չափուի, այլ իրենց ապաշխարութեան բնոյթով»[10]։ Իսկ 8-րդ կանոնում սբ. Բարսեղ Մեծն ասում է. «Արգանդի մէջ բեղմնաւորուած պտղի վիժեցման համար դեղորայք տուողները մարդասպաններ են, ու բոլոր նրանք, ովքեր ընդունում են մանկասպանութեան թոյները»: «Իսկ ովքեր վատ դեղերով սպանում են մանուկներին որովայնում եւ արգանդը կապում են դեղերով, յաճախ պոռնկանալու համար… քահանան նրանց պէտք է ապաշխարութեան կարգին բերի եւ նա եօթը տարի ունկնդրի վիճակում թող մնայ, երեք տարի հսկողութեան տակ, եւ արտասուքով ու աղքատներին հատուցելով թող արժանանայ օրէնքին: Իսկ եթէ նոյն սխալի մէջ մեռնի, ահա չար է մեղաւորի մահը, այդպիսիները կը զրկուեն սուրբ օրէնքից եւ քրիստոնեաների դիրքով թող չթաղուեն»[11]: Սբ. Բարսեղ Կեսարացու կանոնագրքում նաեւ գրուած է. «Գիտակցաբար արգանդի պտուղ ոչնչացնողը ենթարկւում է մարդասպանի պատժին… Մեղաւոր կինն այս դէպքում պատժւում է ոչ միայն պտուղը ոչնչացնելու համար, այլեւ իր կեանքը վտանգի ենթարկելու համար։ Շատ է պատահում, որ իրենք էլ են մեռնում դրանից»[12]։ Սբ. Եփրեմ Ասորին ասում է. «Ով որ մահացաւ մօր արգանդում ու կեանքը չտեսաւ, նրան Դատաւորը չափահաս կը դարձնի նոյն պահին, երբ կեանքի կը վերադարձնի մահացածներին (ընդհանուր Յարութեան ժամանակ)... Նրանք, ովքեր այստեղ չեն տեսել իրար, կը տեսնեն այնտեղ, եւ մայրը կ՚իմանայ, թէ սա իր որդին է, եւ որդին կ՚իմանայ, թէ սա իր մայրն է... Պոռնիկը, որ ազատուել է իր բեղմնաւորուած արգանդի պտղից, որպէսզի սա չտեսնի այս աշխարհը, Դատաւորը թոյլ չի տայ նրան տեսնելու նոր դարաշրջանը: Ինչպէս նա (մայրը) թոյլ չտուեց իր երեխային այս դարում վայելելու կեանքն ու լոյսը, այդպէս էլ Նա (Աստուած) այն դարում նրան պէտք է զրկի կեանքից ու լոյսից: Քանի որ նա որոշեց իր արգանդի պտուղը վաղաժամ թաքցնել երկրի մթութեան մէջ, ապա նոյնպէս եւ նա՝ իբրեւ արգանդի մեռած պտուղ, պէտք է վտարուի արտաքին խաւարը: Այսպէս է լինելու բոլոր պոռնիկների հատուցումը, որոնք ոտնձգում են իրենց երեխաների կեանքը»[13]:
Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն ասում է. «Եւ ինչո՞ւ ես դու ցանում այնտեղ, որտեղ հողը ոչնչացնում է պտուղը, որտեղ անպտղութեան պատճառները շատ են, որտեղ մինչեւ ծնունդը տեղի է ունենում սպանութիւն: Այնպէս որ դու ոչ միայն թողնում ես, որ պոռնիկը պոռնկութեան մէջ մնայ, այլեւ ստիպում ես, որ մարդասպան դառնայ: Տեսնո՞ւմ ես, թէ ինչպէ՞ս է հարբեցողութիւնից առաջանում շնութիւնը, շնութիւնից՝ դաւաճանութիւնը, դաւաճանութիւնից՝ սպանութիւնը, կամ աւելի ճիշդ ասած՝ աւելի մի վատ բան, քան սպանութիւնն է: Ես նոյնիսկ չգիտեմ՝ ինչպէ՞ս դա անուանել, քանի որ այստեղ չի մեռնում ծնուածը, այլ կանխւում է հէնց ինքը՝ ծննդաբերութիւնը: Արդեօք սա չի՞ նշանակում, թէ դու չարաշահելով աղճատում ես Աստծու պարգեւը, պայքարում ես աստուածային օրէնքների դէմ, ձգտում ես անէծքին՝ իբրեւ օրհնութեան հետեւել, ծննդեան գանձարանը վերածում ես սպանութեան գանձարանի, եւ կնոջը, որ ստեղծուած է ծննդաբերութեան համար տրամադրում ես սպանութեան: Ի վերջոյ, արատաւոր կինը, որպէսզի միշտ հաճելի ու գրաւիչ լինի իր սիրահարների համար, եւ աւելի շատ գումար վաստակի, չի հրաժարւում նաեւ դա (արհեստական վիժեցում) անել, եւ այսպիսով մեծ կրակ է հաւաքում քո գլխին, քանի որ, թէեւ այդ որոշումը (յանցագործութիւնը) պատկանում է նրան, բայց դու ես դրա հիմնական պատճառը: Այստեղից առաջանում է նաեւ կռապաշտութիւնը: Շատ կանայք որպէսզի հաճելի լինեն, օգտագործում են հմայութիւն, գինարբուք, սիրոյ դեղորայքներ եւ անհամար այլ միջոցներ: Սակայն, չնայած այս խայտառակ մեծ սպանութեանն ու կռապաշտութեանը, շատերին ոչինչ է թւում վիժեցման գործը, ու շատերն էլ ունեն իրենց սեփական կինը: Ահա այստեղ է արատների ամենամեծ հոսքը: Այստեղ են պատրաստւում բժշկական դեղամիջոցները ոչ միայն պոռնկի արգանդի պտղի դէմ, այլեւ վիրաւորուած կնոջ համար: Այստեղ կան հազարաւոր չարագործութիւններ, դիւական կախարդութիւններ ու մեռելականչութիւններ։ Եւ այստեղ են առաջանում ամէնօրեայ վէճերը, անհաշտ պայքարն ու րոպէական բախումները»[14]:
Վարդան վարդապետ Այգեկցին եւս դատապարտում է որդեծնութեան արհեստական խափանումը. «Շնութեան պատճառով որքա՛ն անբաւ արիւն է հեղւում երկրի վրայ գաղտնի ու յայտնաբար, թունաւորմամբ, պիղծ հնարներով եւ սպանութեամբ, կամ որքա՛ն մանուկ լոյս աշխարհ չի գալիս մարդկանց վախի եւ ամօթի պատճառով… Եւ հազար անգամ վա՜յ այն կնոջը, ով չար դեղերով ու հնարքներով խափանում է որդեծնութիւնը եւ ուրիշներին էլ խրատում է նոյնն անել… Իւրաքանչիւր մանկան դիմաց, որի ծնունդը խափանել են չար դեղերով, Աստուած նրանցից հասուն մարդու արիւն պիտի պահանջի ահաւոր Ատեանում»[15]: Նաեւ նշում է. «Երբ կինը տղամարդուց յղիանում է, երեք օրում սերմը որովայնում դառնում է արիւն, իսկ վեցերորդ օրը արիւնից ծնւում է որդը` ըստ Դաւիթ մարգարէի, որ ասում է. «Ես որդ եմ եւ ոչ թէ մարդ» (Սաղմ. 21, 7): Եւ որովայնում քիչ-քիչ աճում է որդը, եւ ի յայտ են գալիս մարդու անդամները… Ով սրանից յետոյ որեւէ հնարով սպանի մանկանը ու վիժեցնի որովայնից, կատարեալ մարդասպան է»[16]:
Նաեւ մէջբերենք մի հատուած սբ. Գրիգոր Տաթեւացու «Գիրք հարցմանց»-ից. «Ո՛չ հոգին է մարմնից առաջ ստեղծւում, եւ ո՛չ էլ մարմինը՝ հոգուց առաջ, այլ միասին, միաժամանակ են ստեղծւում: Ո՛չ ժամանակով առաջ կամ յետոյ եւ ո՛չ բնութեամբ, այլ մի է սկիզբը մարդու գոյութեան: Եւ եթէ մէկն ասի, թէ ո՞րն է մարդու գոյութեան այդ մէկ սկիզբը, պէտք է պատասխանել, թէ մարդու գոյութեան նոյն սկիզբը մեր մէջ եղած սաղմնային սկիզբն է, որովհետեւ սաղմնային զօրութիւնը սկիզբն է նաեւ նիւթական մարմնի կազմուածքի ու հոգու ծննդեան: Եւ թէ ի՞նչ է նշանակում ասել, թէ զօրութեան մէջ երկու բան է տեսանելի, պէտք է այսպէս պատասխանել՝ մարմնական նիւթը եւ ներգործականը (ազդումը)՝ համաձայն արարչադիր այն հրամանի, որ ասաց. «Աճեցէ՛ք եւ բազմացէ՛ք» (Ծննդ. 1, 28)… Հոգին ո՛չ ժամանակով եւ ո՛չ էլ բնութեամբ յետոյ չի ստեղծւում, այլ միայն դասով ու կարգով: Քանի որ կազմաւորող զօրութիւնը, որ նիւթի մէջ է, ազդուելով արարչադիր հրամանից, նախ կազմում եւ պատրաստում է նիւթը` ընդունելու համար տնկականը եւ ապա զգայականը, որից յետոյ բանականը` աստուածային ծագմամբ: Եւ ժամանակով առաջ ու յետ չեն՝ երեք պատճառով: Նախ, որ այն նիւթը իր մէջ ունի տնկականի բնական կենդանութիւնը, իսկ տնկականը զգացականի մասն է, իսկ զգացականը՝ բանականի, եւ սրանք չեն տարբերւում ընդհանուրից, քանի որ մարդու մէջ մի են բնութեամբ, թէպէտ այլ են ներգործութեամբ… Ինչպէս արեւը ծագելուց նախ նշոյլներն են երեւում եւ ապա արեգակը, այսպէս էլ բանական հոգու նշոյլներն են զգայականն ու տնկականը: Եւ կամ ինչպէս նախ թագաւորի զօրքերն են հասնում իջեւան, սակայն ասում են թագաւորն է գալիս, թէպէտ թագաւորը յետոյ է գալիս: Այսպէս էլ հոգու հնազանդեալ զօրքերն են զգայականն ու տնկականը, եւ հոգին նրանց հետ է մարմնում… Ինչպէս ցորենի հատիկն իր մէջ զօրութեամբ ունի խոտը, ծաղիկը եւ հասկը, ու սրանք միասնական են հատիկի մէջ (զօրութեամբ), որ որոշ ժամանակից յետոյ ըստ հերթականութեան երեւում են: Նոյնպէս էլ իմացի՛ նաեւ հոգու մասին: Ինչպէս հողի մէջ տնկուածը նախ դալարում է, եւ երբ հաստատւում է, ծաղկում է, եւ երբ առաւել է հաստատւում, ապա պտղաբերում է: Այսպէս էլ հոգին անկատար նիւթի հետ է սնւում եւ երբ հաստատւում է զգայութեամբ, ծաղկում է, երբ առաւել է հաստատւում բանականութեամբ, պտղաբերում է վերնային խնամքով, ինչպէս պտուղն այն արեգակից: Եւ կամ ինչպէս նկարիչները մինչ ոտքն ու ձեռն են նկարում, մարդու պատկերը չի երեւում, այլ՝ ոտքերի ու ձեռքերի (պատկերը), բայց երբ ձեւանում է դէմքը, նոյն պահին երեւում է իր մէջ մարդու պատկերը: Այսպէս էլ բանական հոգին միաժամանակ է երեւում մարմնի ձեւաւորման հետ մէկտեղ… Այն նիւթն իր մէջ ծածկուած պահում է մարմնի մասերը` ձեռքերը եւ ոտքերը, միսն ու մազը, որ նրանից յետոյ են երեւում: Այսպէս էլ հոգին է նրա մէջ ծաղկեալ, եւ յետոյ յայտնւում են ըստ կարգի. նախ տնկականը, ապա՝ զգայականը, եւ ուր երեւում են սրանք Աստծու հրամանով, այնտեղ երեւում է նաեւ բանականը: Եւ կամ ինչպէս ծնուած մանուկն իր մէջ ունի պահած հոգին, բայց նա կերակրւում է, ապա՝ զգում եւ յետոյ խօսում: Այսպէս է նաեւ արգանդի ներքին կեանքը... Իմացիր նաեւ սա, …որ նմանը եւ աննմանն է ծնւում, ինչպէս հատիկը` ցորենը եւ ցօղունը»… Արական եւ իգական սերմերից պանիր է լինում [պանրի պէս թանձրացած] մինչեւ 6-րդ օրը՝ ըստ Յոբի, որ ասում է. «Մի՞թէ չես կաթի պէս կթել ինձ, պանրի պէս մակարդել» (Յոբ 10, 10): Եւ այս մասին է, որ ըստ մարգարէութեան ասւում է. «Երկուսը մէկ մարմին կը լինեն», այսինքն՝ ծնողների երկու սերմերից լինում է մէկ զաւակի մարմին: Ապա կազմւում է զգայական ձեւը մինչեւ 20-րդ օրը՝ ըստ մարգարէի, որ ասում է. «Ես որդ եմ եւ ոչ մարդ» (Սաղմ. 21, 7): Եւ նախ սիրտն է ձեւաւորւում միւս անդամներից առաջ, քանի որ սերմի ջերմութիւնը կուտակւում է նրա մէջ, եւ կազմում է սիրտը: Եւ 21-րդ օրուանից շնչի երեւալուց յետոյ ձեւաւորւում է մարդու կերպարանքը (ձեւը)…»[17]:
Քրիստոնէական յայտնի իրաւաբան Մարկ Ֆելիքսը գրում է. «Ձեր մէջ կան որոշ կանայք, ովքեր յատուկ թմրանիւթեր խմելով մարում են ապագայ մարդու կեանքն իրենց իսկ որովայնում եւ այդպէս սպանութիւն են գործում, նոյնիսկ մինչեւ ծննդաբերութիւնը»[18]։ Մայրերը չեն կարող փախչել կամաւոր վիժեցման այս ծանր մեղադրանքից: Չծնուած երեխան ամբողջութեամբ վստահուած է իր մօր խնամքին, այդուհանդերձ, մայրը դաւաճանում է այդ վստահութիւնը եւ մղում է նրան արհեստական սպանութեան: Մեղաւոր են նաեւ այն հայրերը, ովքեր ճնշում են գործադրում մօր վրայ չծնուած երեխայից ազատուելու համար, ու չեն արգելում իրենց կանանց յղիութեան ընդհատումը։ Չծնուած երեխաների սպանութեան մէջ հաւասարապէս մեղաւոր են եւ այն բժիշկները, որոնք կատարում են վիժեցումն ու զանազան դեղորայք են նշանակում վիժեցման համար: Մեղաւոր են նաեւ օրէնսդիրները, ովքեր աջակցում ու զօրակցում են արհեստական վիժեցման օրէնքներին: Վերջապէս, մեղաւոր են բոլոր նրանք, ովքեր նպաստում են սեռային հանդուրժողութեանը կամ ամենաթողութեանը, խորհուրդներ են տալիս կատարել վիժեցումը, տարածում են վիժեցման գովազդը, խօսում են վիժեցման ազատութեան մասին, արտադրում ու վաճառում են սպանութեան թունաւոր դեղամիջոցները:
Արդ՝ կարճառօտ պատասխանենք որոշ հարցերի այս խնդրի վերաբերեալ։
Ասում են. «Սա իմ մարմինն է, ու միայն ես կարող եմ վերահսկել այն եւ ունենալ ընտրելու իրաւունքը»:
Պատասխանենք. Վիժեցումն սպանում է անմեղ մարդ արարածին, որը տարբեր է իր մօրից։ Մայրը չունի առաւել իրաւունք սպանել իր դեռ չծնուած երեխային, ինչպէս եւ իր ծնուած երեխային։ Բեղմնաւորման պահից սկսած մայրն իր մէջ կրում է գենետիկօրէն մի իւրայատուկ ու բացառիկ մարդ արարածին: Մայրը բարոյապէս չի կարող կորցնել նոյնիսկ իր իսկ սեփական կեանքը։ Մտածի՛ր այդ մասին. հայրն իրաւունք ունի՞ արդեօք սպանել իր երեխային միայն այն պատճառով, որ նա ապրում է իր տանը: Իհա՛րկէ ոչ։ Նոյնպէս եւ մայրն իրաւունք չունի սպանել իր երեխային միայն այն պատճառով, որ սա ապրում է իր արգանդում:
Ասում են. «Պտուղը պարզապէս բջիջների հիւսուածքային բեկոր է»:
Պատասխանենք. Նոյնիսկ եթէ բեղմնաւորուածը մէկ բջիջ է, պտուղն արդէն ունի իր սեփական կեանքի սկզբունքն ու սեփական գենետիկան։ Այս փոքրիկ բջիջների հիւսուածքային բեկորը բացառիկ ու յստակ անհատականութիւն է, որ միայն ժամանակի եւ սնուցման շնորհիւ է զարգանում ու դառնում հասուն մարդ։ Պտղի եւ յիսնամեայ հասուն մարդու միակ զգալի տարբերութիւնը անցած տարիներն են ու կերակուրը։ Պարզապէս այն պատճառով, որ երեխան փոքրիկ է, չի նշանակում, թէ նա մարդ արարած չէ: Մենք բոլորս մէկ անգամ եւս եղել ենք «բջիջների հիւսուածքային բեկոր»։
Ասում են. «Չծնուած երեխան անգիտակից է, նա չի կարող տրամաբանել, փոխազդել կամ համագործակցել ուրիշների հետ: Հետեւաբար, նա իսկապէս դեռ մարդ արարած չէ. այնպէս որ մենք կարող ենք նրան չէզոքացնել»:
Պատասխանենք. Իսկ ի՞նչ ասենք այն երեխաների մասին, որոնք ծնուել են մտաւոր խանգարումներով ու չունեն տրամաբանութիւն կամ ուրիշների հետ համագործակցելու կարողութիւն: Արդեօ՞ք նրանք ոչ-անձինք են, որոնց կարելի է սպանել: Իսկ ի՞նչ ասենք կոմայի կամ մահաքնի մէջ գտնուող մարդկանց համար։ Նրանք էլ չեն կարող տրամաբանել ու համագործակցել ուրիշների հետ։ Արդեօ՞ք նրանք դադարում են անձ լինելուց: Կարո՞ղ ենք նրանց սպանել։ Այս «անձ»-ի սահմանումը կամայական է ու դէմ է ամէն սկզբունքների, որոնք յանգեցնում են այնպիսի եզրակացութիւնների, որ նոյնիսկ վիժեցման շատ համախոհներ չեն ընդունի:
Ասում են. «Պտուղը դառնում է մարդ արարած, երբ կարող է ապրել ինքնուրոյն, մօր արգանդից դուրս»:
Պատասխանենք. Իսկ նորածին կամ մի քանի տարեկան երեխաներից ովքե՞ր կարող են ապրել ինքնուրոյն՝ առանց սննդի եւ ծնողների հոգատարութեան։ Նոյնիսկ լինելով տարեց՝ մենք կախում ունենք ուրիշների խնամքից եւ օգնութիւնից՝ ապրելու համար։ Եթէ ուրիշներից կախում ունենալը նշանակում է մարդ չլինել, ուրեմն մանուկները, հաշմանդամները, վիրաւորները, հիւանդներն ու բոլոր տարեց մարդիկ կարող են սպանուել ըստ պահանջի։
Ասում են. «Արհեստական վիժեցումը պաշտօնապէս օրինականացուած է»։
Պատասխանենք. Այն, որ վիժեցումն օրինականացուած է, անիմաստ է։ Պաշտօնապէս օրինականացուած էր նաեւ 20-րդ դարի Հայոց ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում եւ հրէական Հոլոքոստը նացիստական Գերմանիայում։ Վիժեցման պաշտօնական օրինականացումը ցոյց է տալիս միայն, թէ բարոյապէս ի՛նչ անկում է ապրում տուել հասարակութիւնը: Ցանկացած մարդկային կամ պաշտօնական օրէնք, որը հակասում է աստուածային օրէնքին, անվաւեր է ու չար։ Մեր հասարակութեան մէջ կարող է լինել պաշտօնապէս վաւերականացուած օրէնք, բայց լինել սխալ ու չար:
Ասում են. «Եթէ վիժեցումը դառնայ ապօրինի, ապա միեւնոյն է, այն դեռ կը շարունակուի՝ չնայած ստեղծած փակուղիներին»:
Պատասխանենք. Այո՛, վիժեցումը շարունակուելու է: Նաեւ բռնաբարութիւնն է շարունակուելու՝ չնայած օրէնքը դատապարտում է այն։ Մի՞թէ դա այլեւս յանցագործութիւն չէ։
Ասում են. «Դուք չէք կարող օրինականացնել բարոյականութիւնը»:
Պատասխանենք. Բարոյականութիւնը մենք միշտ ենք օրինականացնում։ Մենք ունենք զանազան օրէնքներ ընդդէմ բռնաբարութեան, գողութեան, սպանութեան, հարբած վիճակում մեքենայ վարելու, երեխաների չարաշահման, եւ այլն։ Քանի որ այս արարքներն անբարոյական են ու սխալ, ոչ ոք չի հաւատում, թէ մենք պէտք է թոյլ տանք երեխաների գաղտնի շահագործումը մեր տներում: Մենք ունենք տարբեր օրէնքներ մարդկանց հեռու պահելու սարսափելի բաներ գործելուց։ Վիժեցումն ահաւոր սխալ բան է, եւ մեր օրէնքները պէտք է դատապարտեն այն:
Ասում են. «Ես անձապէս դէմ եմ վիժեցմանը, բայց չեմ ուզում զգուշացնել ուրիշին, թէ ինչ անել».
Պատասխանենք. Վիժեցումն այն խնդիրը չէ, որի հանդէպ կարելի է չէզոք մնալ։ Այն կա՛մ սարսափելի սպանութիւն է, կա՛մ անվնաս բժշկութիւն։ Եթէ դա սպանութիւն է, ապա մենք չենք կարող թոյլ տալ, որ այն շարունակուի։ Պատկերացրէք, թէ դուք քայլում էք փողոցով ու վեր նայելով՝ տեսնում էք մի կին, ով իր նորածին երեխային ուզում է դուրս նետել երկրորդ յարկի պատուհանից: Արդեօ՞ք դուք կը շարունակէք անտարբերութեամբ հեռանալ, երբ տեսնէք դա, ասելով՝ «Դէ, ես դա չէի անի, բայց ես չեմ միջամտի։ Ի վերջոյ, դա իր որոշումն է»:
Ասում են. «Ես դէմ եմ ուշ եւ երկարաժամկէտ վիժեցմանը, բայց կարծում եմ, թէ պէտք է վիժեցումը թոյլ տալ առաջին եռամսեակում՝ առաջին տասներկու շաբաթների ընթացքում»:
Պատասխանենք. Ամէն փաստարկ, որ օգտագործւում է արդարացնելու վաղ վիժեցումը, կարող է օգտագործուել նաեւ արդարացնելու ուշ վիժեցումը: Ամէն փաստարկ, որ օգտագործւում է արդարացնելու ուշ վիժեցումը, հաւասարապէս վաւերական է դառնում վաղ վիժեցման դէմ: Ի՞նչն է տարբերութիւնը տասներկու շաբաթուայ պտղի, որին կարելի է սպանել, եւ միւսների միջեւ։ Սա զուտ կամայական բաժանում է, որ չունի կենսաբանական, գաղափարական կամ բարոյական հիմք:
Ասում են. «Մենք պէտք է բացառութիւն անենք բռնաբարութեան դէպքում»։
Պատասխանենք. Բռնաբարութիւնը սարսափելի յանցագործութիւն է։ Այն մարդիկ, ովքեր կատարում են դա, պէտք է անկասկած պատժուեն: Այնուամենայնիւ, չծնուած երեխան, որը բռնաբարութեան հետեւանք էր, անմեղ մարդ է եւ ունի նոյն կեանքի իրաւունքը, ինչպէս որ բոլորը։ Ինչո՞ւ մենք պէտք է աւելացնենք սպանութեան յանցագործութիւնը այդ միւս յանցագործութիւնների վրայ: Մենք պէտք չէ երեխայ սպանենք իր հօր մեղքի պատճառով։ Անմեղ մարդ սպանելը երբէք արդարացուած չէ :
Ասում են. «Աւելի լաւ է երեխայի արհեստական վիժեցումը, քան «անցանկալի» երեխան»:
Պատասխանենք. Երբ մենք որոշում ենք, թէ կարող ենք երեխա սպանել, քանի որ նա «անցանկալի» է, մենք կիրառում ենք այն նոյն տրամաբանութիւնը, որն օգտագործում էր Հիտլերը ոչնչացնելու հրեաների նման «անցանկալի» ազգերին: Չծնուած երեխաներն «անցանկալի» չեն, եւ Աստուած, որ կամեցաւ նրանց կեանք շնորհել, սիրում ու ցանկանում է, որ նրանք ապրեն։
Ասում են. «Ես չէի կարող երեխայիս ուրիշի տալ մեծացնելու»:
Պատասխանենք. Երեխան միայն ծնողական խնամքի ու հոգածութեան առարկայ չէ, այլ մի մարդ է, որին պէտք է սիրել անվերապահօրէն: Ի՞նչ տեսակ մայր պիտի լինի, որ աւելի շուտ սպանի իր երեխային, քան նրան հնարաւորութիւն տայ երջանիկ լինելու որդեգրող ընկալունակ ընտանիքում։ Բարձրագոյն եսասիրութիւն է ասել. «Եթէ ես չեմ կարող ունենալ իմ երեխան, ուրեմն ոչ ոք չի կարող»: Յիշենք Սողոմոն իմաստուն թագաւորի արդարադատութիւնը (տե՛ս Գ. Թագ. 3, 16-27), երբ նա յայտարարեց, թէ ո՞ր կինն է երեխայի իսկական մայրը: Իհարկէ նա, ով պատրաստ էր զրկուել իր երեխայից, որպէսզի սա ապրի: Մայրն ասաց. «Լսի՛ր ինձ, տէ՛ր, կենդանի մանկանը տուէ՛ք նրան, միայն թէ մի՛ սպանէք մանկանը»։ Իսկ միւս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մէջտեղից կիսէ՛ք նրան»։
Մարդկայնօրէն ասած՝ այս մեղքը չի կարող ներուել, եւ միայն Տէր Յիսուս Քրիստոս, Որին մենք խաչեցինք մեր բազմակի սարսափելի մեղքերով, լինելով ոչ միայն կատարեալ մարդ, այլեւ Ամենակարող Աստուած, կարող է Իր անապական Արեամբ մաքրել այս սարսափելի, թերեւս ամենասարսափելի մեղքը: Նա, ով անկեղծ սրտով խոստովանում է վիժեցման գիտակցուած այս մեղքը, եթէ յանցանք էր գործել իր երիտասարդութեան տարիներին, թուլութեան, տգիտութեան, հարազատների բռնութեան կամ այլ պատճառներով, պէտք է իմանայ՝ ինչպէս ապաշխարել, որպէսզի Աստուած ների իրեն եւ ջնջի այդ յանցանքը, որպէսզի ձեռք բերենք Աստծու շնորհը մեզ եւ մեր սպանուած երեխաների համար: Բանականութիւնն արդէն թելադրում է, թէ նրանք, ովքեր ուզում են ազատուել երեխաներից, պէտք է ապաշխարեն մանկասպանութեան մեղքի համար։ Կանայք պէտք է ծննդաբերեն, քանի որ կինն ապրում է որդեծնութեան համար. «Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ» (Ա. Տիմ. 2, 14-15)։ Ցաւօք սրտի, այս փրկարար ճանապարհն ապաշխարողների մեծամասնութեան համար այլեւս հնարաւոր չէ իրենց տարիքի պատճառով: Բայց նրանք, ովքեր իրենց կեանքում զգջում ու ապաշխարում են մանկասպանութեան մեղքի համար, երբեմն ունեն չափահաս երեխաներ, որոնց պէտք է խրատել, որպէսզի հրաժարուեն նոյն սխալը կրկնելուց: Չնայած նրան, որ ուշ է, բայց գոնէ երկրորդ սերունդն ընդհատի այդ մեղքի շարունակական շղթան։ Սովորաբար մարդկանց կեանքը, ովքեր սպանում են իրենց երեխաներին դեռ արգանդում, մթագնում է տարբեր վշտերով ու տառապանքներով, միայնակութեամբ, անզաւակութեամբ, ընտանեկան խնդիրներով, երբեմն նրանց կորստեամբ, խանգարուած հոգեկան ու ֆիզիկական առողջութեամբ, աղքատութեամբ, եւ այլն… Բոլոր վշտերը կարող են դիտուել որպէս ապաշխարութիւն ու հատուցում, իսկ համբերելով, սրտի զղջմամբ եւ ապաշխարութեամբ գալիս է ներումը։ Յակոբոս առաքեալն ասում է. «Եղբայրնե՛ր իմ, եթէ ձեզնից մէկը շեղուի ճշմարտութեան ճանապարհից, իսկ մէկ ուրիշը նրան յետ բերի, թող իմանայ, թէ, ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն» (Յակ. 5, 20): Նաեւ գրուած է. «Փրկի՛ր նրանց, ում մահուան են տանում, եւ ոչինչ մի՛ խնայիր մահապարտներին փրկագնելու համար» (Առակ. 24, 11): Ակնյայտ է, թէ նա, ով նորածնին փրկում է վիժեցումից, փրկում է մարդկային կեանք ու դրանով իսկ ծածկում է իր մեղքերը: Նրանք, ովքեր անցեալում կատարել են արհեստական վիժեցում, կարող են ամէն կերպ օգնել երիտասարդներին՝ կանխելու այս անգութ մանկասպանութիւնը։ Իսկ Տէրը, տեսնելով ապաշխարութիւն եւ ապաշխարութեան արժանի գործեր (Մատթ. 3, 8)՝ ողորմութիւն, չարչարանքներին փրկարար համբերութիւն, կարող է ներել իւրաքանչիւր ապաշխարող մեղաւորի։
[1] Վիժեցումը կամաւոր կերպով կամ գիտակցաբար սաղմի կամ պտղի վաղաժամ դուրս մղելն է արգանդից, իսկ վիժումը լինում է ակամայ կամ անգիտակից վիճակում։
[2] Ներսէս Շնորհալի հայրապետ, Ժամագիրք Ատենի, Տպարան Առաքելական Աթոռայ Սրբոյ Յակոբեանց, Յերուսաղէմ, 1915, էջ 352։
[3]1 Էֆթանազիա, էյտանազիա կամ էվթանազիա (յունարեն՝ ευθανασία - լաւ մահ). անբուժելի հիւանդութեամբ տառապող մարդուն՝ ցաւերից ազատելու համար կեանքից զրկելն է: Գոյութիւն ունեն էֆթանազիայի կամաւոր եւ ոչ կամաւոր տեսակները։ Կամաւոր էֆթանազիան իրականացւում է հիւանդի համաձայնութեամբ կամ նախապէս ձեւակերպուած իրաւական պայմանաւորուածութեամբ (նախատեսուած է անդարձ կոմայի դէպքում)։ Ոչ կամաւոր էֆթանազիան իրականացւում է անկախ հիւանդի կամքից, եթէ նա անգիտակից է եւ անկարող է իր կամքն արտայայտել։
[4] Tertullian, De Anima 31.
Տե՛ս http://www.catholic.com/tracts/abortion (առ 10/04/2017)։
[5] Святой Григорий Нисский, Об устроении человека, Санкт-Петербург, 2000, с.116-122, Святитель Григорий Нисский, Восточные отцы и учителя церкви IV века, том II, Москва, 1999, с. 138.
[6] Սբ. Գրիգոր Լուսաւորիչ, Յաճախապատում ճառք, Էջմիածին, 1894, էջ 81:
[7] Նոյն տեղում, էջ 179, 183-184։
[8] Заведующий кафедрой эмбрилогии биологоческого факультета профессор, доктор биологических наук Д. В. Попов и В.А. Голиченков
Տե՛ս http://theme.orthodoxy.ru/abort/page01.html (առ 30/03/2017)։
[9] Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, հատ. Բ., Երեւան, 1971, էջ 33-34:
[10] St. Basil the Great, Letter 188:2 or First Canonical Letter, Canon 2.
Տե՛ս http://www.orthodoxchurchquotes.com/tag/abortion/ (առ 9/04/2017)։
[11] Վազգեն Հակոբյան, Կանոնագիրք Հայոց, հատ. Բ., Երևան, 1971, էջ 151։
[12] Ն. Վ. Մելիք-Թանգյան, Հայոց Եկեղեցական իրաւունքը, հ. Ա, Շուշի, 1903, էջ 237։
[13] Свт. Ефрем Сирин, “О страхе Божием и о последнем суде”, изд. 1900г., ч.4, стр. 105.
[14] St. John Chrysostom, Homily 24 on Romans.
Տե՛ս http://www.newadvent.org/fathers/210224.htm (առ 30/03/2017)։
[15] Վարդան վարդապետ Այգեկցի, Խրատ բոլոր քահանաներին եւ ժողովրդին, Սբ. Էջմիածին, 2001, էջ 63-64։
[16] Վարդան Այգեկցի, Խրատներ, Երեւան, 1999, էջ 158-159։
[17] Սբ. Գրիգոր Տաթեւացի, Գիրք հարցմանց, Կ. Պոլիս, 1729 (ՌՃՀԸ=1178+551), էջ 251-261։
[18] Mark Felix, Christian Lawyer, Octavius chap. 30 from 170 AD.
Տե՛ս http://www.bible.ca/H-Abortion.htm (առ 10/04/2017)։
Գևորգ սրկ․ Գևորգյան
«Կինը Նոր Ուխտի Եկեղեցում» գրքից