Գրքեր

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԼԱՎ ՍԿԻԶԲԸ

- Հա՛յր, որևէ երիտասարդ, որ ամուսնանալու որոշում է կայացրել, ինձ հարցրեց, թե ամուսնական կյանքը ինչպես պետք է ճիշտ սկսել:

- Նախ պետք է մի լավ աղջիկ գտնի, որ նրա հետ իրեն հանգիստ զգա, որովհետև յուրաքանչյուրը տարբեր կերպ է իրեն հանգիստ զգում: Չնայի, որ աղջիկը լինի հարուստ և գեղեցիկ, այլ ամեն ինչից առավել պարզ և խոնարհ: Այսինքն՝ պետք է շատ ուշադրություն դարձնի աղջկա ներքին գեղեցկությանը և ոչ թե արտաքին: Այն հանգամանքը, որ աղջիկը դրական մարդ է և օժտված է գեղեցիկ սեռին հատուկ քաջությամբ, շատ է օգնում, որ տղամարդն անմիջապես նրան հասկանա և հետագայում գլխացավ չունենա: Եթե ունի նաև Աստծու հանդեպ վախ, խոնարհություն, այդ դեպքում կարող են ձեռք ձեռքի բռնել և անցնել այս աշխարհի չար հոսանքի միջով:

Եթե երիտասարդը որևէ աղջկա հետ կապված լուրջ մտադրություններ ունի, կարծում եմ, որ ավելի լավ է սկզբից նրան ծանոթացնի իր ծնողների հետ և հետո միայն ինքն էլ իր ծնողների և աղջկա հետ քննարկի այդ հարցը: Հետո, եթե խոսք են առնում և նշանվում են, (լավ կլինի, որ նշանված լինելու վիճակը երկար չտևի) տղամարդը պետք է փորձի մինչև պսակ ընկած ժամանակահատվածը աղջկան դիտել որպես իր քույր և հարգել նրան: Եթե երկուսն էլ պատվախնդրորեն պայքարեն և պահպանեն իրենց կուսությունը, այդ դեպքում Պսակի խորհուրդի ժամանակ, երբ քահանան նրանց պսակադրի, առատորեն կընդունեն Աստծու շնորհը: Որովհետև, ինչպես ասում է սուրբ Հովհան Ոսկեբերանը, պսակվողների գլուխներին դրվող թագերը հաճույքի դեմ հաղթանակի խորհրդանիշներն են:

Հետագայում, ինչքան կարող են, թող կատարելագործեն սիրո առաքինությունը, որպեսզի երկուսն էլ միշտ հաստատուն մնան և նրանց հետ մնա Երրորդը՝ մեր քաղցր Քրիստոսը: Սկզբում, բնականաբար, մինչև իրար լավ ճանաչելու ընթացքի կարգավորվելը, կարող է ունենան որոշ դժվարություններ: Սկզբում այդպես է լինում: Երկու օր առաջ տեսա մի թռչուն: Երբ դուրս էր եկել բնից, որ կերակուր գտներ և գետնից մի թիզ բարձրությամբ թռչում էր, չգիտեր, թե ինչպես հեշտությամբ բռնել միջատը և մի ժամ չարչարվեց, որ այն բռնի և ուտի: Երբ նայում էի, մտածում էի, թե ինչպես ամեն մի սկիզբ դժվար է: Ուսանողը, երբ վերցնում է իր դիպլոմը և սկսում է աշխատել, սկզբում դժվարանում է: Այն մարդը, որ մտնում է վանք, սկզբում նա էլ ունի դժվարություններ: Երիտասարդը նույնպես երբ ամուսնանում է, սկզբում դժվարությունների է հանդիպում:

- Հա՛յր, խանգարո՞ղ է այն հանգամանքը, որ աղջիկը մեծ է տղայից:

- Եկեղեցում այդպիսի կանոն չկա, որ եթե աղջիկը երկու, երեք և կամ հինգ տարի մեծ է տղայից, չի կարող ամուսնանալ:

 

Հունարենից թարգմանեց՝ Էդգար սրկ. Ծատուրյանը

19.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․