Աստվածային նախախնամությամբ հայն ապրում է այն սուրբ երկրում, որ բուն արևածագի երկիրն է՝ Արևելքը, ուր արարվեց Եդեմական Դրախտը, այստեղ էր Երկրի վրա առաջին աստվածպաշտության վայրը, այստեղ կառուցվեց Նոյան տապանը՝ Քրիստոսի եկեղեցու խորհրդանիշը: Արարատյան երկիրը, որ մինչ ջրհեղեղը կոչվում էր Արևելք և Եդեմ, Հայկ նահապետի անվամբ սկսեց անվանվել Հայք, Հայասա, Հայաստան: Հայկի անվան հիշատակը միշտ արթուն է մնացել հայ ժողովրդի մեջ՝ որպես հայ ազգի նահապետ, սուրբ հավատքը կրող և համաշխարհային չարիքի դեմն առնող: Հայոց երկրում է պահպանվել այն լեզուն՝ հայերենը, որով մինչ ջրհեղեղը խոսում էին Ադամն ու Եվան Դրախտում, իսկ հետջրհեղեղյան շրջանում, լեզուների խառնակումից հետո, միայն Արարատյան երկրում: Հայոց այբուբենը, հայոց լեզվի նման, ունի երկնային ծագում և գոյություն է ունեցել ի սկզբանե: Առեղծվածային Մելքիսեդեկ անվան ներքո եղել է հենց հայոց մեծ նահապետ Հայկը, իսկ նրա հպատակներից Սաղեմի բարեպաշտ բնակիչները եղել են հայերը՝ նրա սերունդները: Հայոց աշխարհի այս խորհրդավորության գաղտնիքներն ու առանձնաշնորհները դեռ մասամբ՝ առաջին հատորով, մեզ է բացահայտում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի կողմից հեղինակած «Հայաստան. Արարչագործությունից մինչև Երկրորդ գալուստ» աշխատությունը, որ հիմնված է գիտական ապացույցների և սուրբ հայրերի մեկնությունների վրա:
Այսպիսի մեծագույն առանձնաշնորհների արժանացած հայ քրիստոնյան չպետք է մոռանա այն սրբազան առաքելությունը, որին կոչված է սուրբ երկրում ծնունդ առած յուրաքանչյուր հայորդի: Այդ առաքելությունը պարտավորեցնում է նախ արժանի հետնորդը լինելու իր մեծագույն նախնիների, ապա սուրբ պահելու իր իսկ տաճարը, սուրբ հողը և այն սուրբ տաճարները, որ երկնել է հայի հավատքը դարեր շարունակ: Հերթական ընտրության նախաշեմին է Հայոց ազգը: Հստակ է այն պարագան, որ աստվածային պարգևներն ու շնորհները՝ հոգևոր հարստությունները, ի փառս Աստծո չգործածողը վերջ ի վերջո դատարկաձեռն է մնալու իր խղճի և Աստծո առջև:
Բոլորս էլ ունենք Աստծո կողմից մեզ տրված ազատ կամք, այսինքն՝ ազատ ընտրելու իրավունք: Ցավալիորեն երբեմն լսում ես այս կարծիքը. «Ում էլ ընտրեմ, միևնույն է, արդեն ընտրությունն արված է, ավելի լավ է մի օգուտ քաղեմ»: Արդյունքում շահում ենք մեկ օր, տուժում` տարիներ: Մտածե՞լ ենք երբևէ ինչի՞ց ենք զրկվում և ինչի՞ ենք հասնում, երբ վաճառում ենք մեր ընտրական իրավունքը: Ընտրական թոհուբոհում իր ձայնը վաճառող ամեն մեկն ինձ հիշեցնում է աստվածաշնչյան մի կերպարի` Եսավին, որն իր անդրանիկության իրավունքը վաճառեց իր եղբորը՝ Հակոբին` մեկ աման ոսպապուրի դիմաց: Եսավը զրկվեց իրեն հասանելիք հայրական և աստվածային օրհնությունից, իսկ Հակոբն էլ՝ պանդխտացավ: Ամոթալի է եսավների և հակոբների առկայությունը մեր միջավայրում: Պարզապես ցավալի է այն փաստը, որ անկախ Հայաստանում ապրող հայը, քաղաքացիական հասարակության լիիրավ անդամ լինելով, իր իրավունքներն ու պարտականությունները չգիտի կամ չի ցանկանում տեր կանգնել դրանց: Կաշառքի դիմաց իր ընտրական իրավունքին դավաճանած անձը ինչպե՞ս կարող է հենց նույն այդ իրավունքը պաշտպանել: Աստվածաշնչում կարդում ենք. «Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի» ﴾ Առակներ 15:27﴿: «Ամեն տեսակ կաշառք և անիրավություն կկործանվի, իսկ հավատարմությունը հավիտյանս կմնա» (Սիրաքի իմաստություն 40:12﴿:
Թերևս անիմաստ է, երբ մարդիկ, ընտրակեղծիքին մասնակից լինելով, արդարություն են սպասում: Չմոռանանք, որ այսօրվա անարդարությունները նախկին ընտրակեղծիքների արդյունքն են: Ինչ ունենք այսօր` անցյալի հետևանքն է, իսկ ինչ այսօր անում ենք, դրա հետևանքն ապագան է կրելու: Մարդն ինքն իր ձեռքով բերում է անգիտություն, չարություն, անիրավություն, արդյո՞ք հետո իրավունք ունի բողոքելու կամ տրտնջալու: Իհարկե` ոչ: Տեղին է հիշել Խրիմյան Հայրիկի հետևյալ խոսքը. «Այլևս մեղադրելու իրավունք ունի՞ այնպիսի ժողովուրդը, որ սուր աչք ունի` հեռուն տեսնել չգիտի, սուր միտք ունի`սովորել չի կամենում, հանճար ունի՝ ուղեղի մեջ թմրած է, դուրս հանել չգիտի, ձեռք ունի՝ արհեստագործել չգիտի, առույգ ոտք և սրունքներ ունի` քայլել չգիտի, լեզու և ազատ կամք ունի` խորհել և խոսել չգիտի, ճնշվում է` ճիչ բարձրացնելու հնար չգիտի… թե պատեհությունը հաջողվի` ժամանակը ճանաչել չգիտի, թե մի քայլ անի, կպարծենա, կաղաղակի. լուռ ու խոհեմ առաջադիմել չգիտի, թե ասեն ճամփի վրա առյուծ կա, վախից կդողա. առյուծի ձեռքից անցնել, ազատվել չգիտի, ինքնավար օրենք և սահմանադրություն ունի, վարել ու հնազանդվել չգիտի, մտքով դեռ մանուկ լինելով` քվե և ընտրություն չգիտի, ներկայի մեջ միշտ զեղծելով` ապագայի հետևանքները չգիտի»:
Հուսով ենք, որ Տիրոջ ողորմածությամբ կգա այն օրը, երբ Հայոց ազգն ականջալուր կլինի դարերի խորքից մեզ հայրաբար խրատող, դարավոր փորձ և իմաստություն ապրած մեր հայրերի ձայնին, հորդորին ու կոչին: Արյունով պահպանված դրախտավայր երկրի փոքրիկ հողակտորն ամայացման եզրին է: Հողը պահանջում է բարի մշակներ ու սերմնացաններ: Անելիքն այնքան էլ մեծ և անիրականանելի չէ, հարկավոր է միայն, որ յուրաքանչյուրս չզլանալով մշակի իր բաժին հողը և բարին սերմանի, արդյունքում կունենանք մեր բաղձալի հունձքը` մեկի դիմաց երեսուն, վաթսուն, իննսուն... Հակառակ դեպքում ուրիշը մեր փոխարեն որոմ կսերմանի:
Գարուն է: Մոտեցել է սերմանելու ժամանակը:
Կարինե Սուգիկյան