5 Հոկտեմբեր, Շբ
Կար-չկար մի գետ: Լեռներից իջավ, անտառի մեջ քչքչաց, մարգագետնով սահուն անցավ ու հասավ անապատին: Այստեղ մտածմունքի մեջ ընկավ, թե ինչպես անցնի շիկացած անապատի միջով: Եվ որոշեց արևին հարցնել.
- Դու վերևից լույս ես տալիս և ամեն ինչ տեսնում ես: Կկարողանա՞մ արդյոք անապատը հաղթահարել:
- Չես կարող: Կչորանաս: Իմ ճառագայթներն այնտեղ այրում են անխնա: Անապատը մահ է գետի համար:
Այդժամ որոշեց գետը քամուն հարցնել.
- Դու արագընթաց ես, սուրում ես, ուր կամենաս: Ամեն ինչ տեսել ես, ամեն բան գիտես: Ասա՛, գեթ մի գետի հաջողվե՞լ է անապատի միջով անցնել:
- Ես անապատում գետերի ցամաքած հուներ եմ տեսել,- պատասխանեց քամին:- Ոչ մի գետի չի հաջողվել անապատը կտրել-անցնել: Անապատը գետի համար մահ է:
Կրկին մտահոգվեց գետը, և հանկարծ մի սև օձ սողալով մոտեցավ նրան.
- Գիտեմ,- ֆշշացրեց նա,- թե ինչպես կարելի է ցանկությունդ կատարել: Մահացիր և կանցնես անապատի միջով: Թույլ տուր թունավորեմ ջրերդ և ո՛չ արևը, ո՛չ քամին մոտ չեն գա դրանց: Եվ այդ կերպ մեռյալ ջրերը կկտրեն-կանցնեն անապատը:
Բայց գետը որոշեց.
- Եթե պիտի մեռնեմ, ապա ավելի լավ է լուսավոր արեգակի ճառագայթներից, քան սև օձի թույնից:
Եվ իր որոշումը կայացնելով՝ սկսեց հալչել արևի ճառագայթների տակ՝ փոխվելով ճերմակ ամպի: Իսկ քամին նրան քշելով հասցրեց անապատի մյուս ծայրը, որտեղ ամպը անձրևի վերածվեց: Անձրևաջրերը միավորվելով հոսանք դարձան և գետը շարունակեց իր ընթացքը:
Ամեն ինչ ընտրությունից է կախված…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի