23 Նոյեմբեր, Շբ
Ոմն եղբայր հարցրեց Աբբա Անտոնիոսին և ասաց. «Ի՞նչ անեմ իմ մեղքերի հետ»: Ծերն ասաց. «Ով կամենում է փրկվել մեղքերից, հառաչանքներով միայն կազատվի դրանցից»: Նույն ինքը դարձյալ ասաց. «Լա՛ցն է այն ճանապարհը, որ ցույց տվեց մեզ Սուրբ Գիրքը: Մեր հայրերն ասացին. «Լացե՛ք, որովհետև դրանից բացի ուրիշ ճանապարհ չկա»: Եթե ընկնես մեղքի մեջ և ետ դառնաս դրանից, սկսես տրտմել և ապաշխարել, տե՛ս, մինչև մահվանդ օրը չդադարեցնես առ Տեր տրտմությունն ու հառաչանքը, որովհետև միգուցե դարձյալ նույն տիղմի մեջ ընկնես: Եվ հավատա, որ այսպիսի տրտմությամբ Աստծուն մոտ ես, որովհետև դա անձիդ համար երասան է և զգուշացնում ու ետ է պահում ընկղմվելուց: Իմացի՛ր, որ բոլոր չարիքներից առաջ, և մարդկության արարումից էլ առաջ՝ ամբարտավանությունը ծնվեց նախագյուտ դևի կամակոր մտքում, որի պատճառով էլ ինքն ընկավ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016