19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

«Զորավոր արանց» միության տարեսկզբյան ուխտագնացությունը

Մութ սենյակն անմիջապես լուսավորվում է, երբ միանգամից մի քանի մոմ ենք վառում, ցուրտ սենյակը ջերմանում է, երբ մի քանի վառելափայտ ենք գցում վառարանը, այդպես էլ Տիրոջ հետևորդների ջերմեռանդ սրտերից հավատքով հնչեցված աղոթքները զորավոր են և լույս ու ջերմություն են տարածում: Տարեսկզբին՝ Ս. Ծննդյան ճրագալույցի օրը՝ հունվարի 5-ին, միասնական աղոթքի շուրջը հերթական անգամ համախմբվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը: Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղությանն ու անսասանությանն ուղղված աղոթքի ուղին ուխտավորներին առաջնորդեց՝ ոտքով անցնելու Երևան և Էջմիածին քաղաքների յոթ սրբավայրով: Ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում միասնական աղոթքի կանգնեցին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի Հայոց հոգևոր կենտրոն:   

Այնուհետև  «Զորավոր արանց» միության միասնական աղոթքները հնչեցին Երևանի առաջնորդանիստ Ս. Սարգիս և Փարաքարի Ս. Հարություն եկեղեցիներում, ապա Էջմիածնի Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե, Ս. Շողակաթ և Ս. Աստվածածին եկեղեցիներում: Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին ընդառաջ աղոթքի ուղին հոգևոր ուրախություն էր պատճառել ուխտավորներին, քանի որ Աստվածորդու Ծննդյամբ աշխարհին շնորհվեց փրկություն: Տարվա առաջին տաղավար տոնը յուրաքանչյուր քրիստոնյայի համար իր իսկ փրկության, երկնքի և երկրի միավորման տոնն է:  

«Զորավոր արանց» միության  աղոթքի ուղին եզրափակվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Ծննդյան Ճրագալույցի պատարագին մասնակցությամբ: Հերթական անգամ հնչեց Սուրբ Ծննդյան ավետիսը, որ երջանկահիշատակ Գևորգ Զ Չորեքչյան կաթողիկոսի խոսքով կարծես հետևյալ հորդորն ու աղերսն էր պարունակում. «Եկե՛ք ուրեմն զորացնենք մեր կամքը և աշխատենք, որ Հիսուս ծնվի ոչ միայն մեզ համար, այլ մեր մեջ, որ մեր սրտերը մսուր դառնան, ուր ծնվի աստվածային կյանքը, և նորածին կյանքը յուր սիրո ջերմությամբ հալեցնի եսականության սառույցը, որ բազմատեսակ թշվառությունները գոյություն չունենան: Տե՛ր, մինչև ե՞րբ պապակի հայի հոգին. նա ծարավի է խաղաղության, ուղարկիր մի Ղազարոս, որ թրջի իր մատը խաղաղության ցողով և մեր պապակած հոգուն խաղաղություն պարգևի»:

 

Կարինե Սուգիկյան

 

05.01.23
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․