12 Հոկտեմբեր, Շբ
Փետրվարի 5-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ, այցելեց Երևանի N 1 տուն-ինտերնատ: Երիտասարդաց միության այցը մեծ ուրախություն էր պատճառել տուն-ինտերնատի բնակիչներին: Երիտասարդներն առիթ ունեցան զրուցելու ծերերի հետ, նրանց փոխանցելու քաղցրավենիք և փոքրիկ սրբանկարներ: Տարեցներին հուզել էր երիտասարդների առանձնահատուկ նվերները՝ սերն ու ուշադրությունը:
Ապա միությունն այցելեց նաև տուն-ինտերնատի հիվանդանոց։ Տեր Վահանը բոլոր հիվանդների համար բժշկության աղոթք կարդաց և մաղթեց ուժ, կարողություն, առողջություն, խաղաղություն ու համբերություն: Երիտասարդաց միությունը, Տեր Հոր գլխավորությամբ, տարեցների համար միասնաբար աղոթեց նաև տուն-ինտերնատի աղոթատանը: Միության անդամների սիրո ջանքերն իրենց սիրո պտուղներ տվեցին. տարեցների հետ նրանց հանդիպումը հագեցած էր սիրով, ջերմությամբ ու լույսով:
Սուրբ Գիրքը ծերերին պատվելու մասին հետևյալ հորդորն է տալիս. «Ալեհեր մարդկանց առաջ ոտքի կկանգնեք և կպատվեք ծերերին» (Ղևտ. 19:32): Իսկ սբ. Եփրեմ Ասորին ասել է, որ հանուն Աստծու ծերերին պատվողն ու կարեկցողը կվարձատրվի Տիրոջից, նրան կուրախացնեն իրենից փոքրերը և նրա աղոթքը լսելի կլինի:
Կարինե Սուգիկյան