21 Դեկտեմբեր, Շբ
Օգոստոսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էր Երուսաղեմի միաբան Գևորգ աբեղա Հայրապետյանին: Հանդիպումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Հոգեշնորհ Հայր Սուրբը երիտասարդների հետ զրուցեց «Ի՞նչ է քրիստոնեական կյանքը» թեմայի շուրջ, և զրույցն սկսեց «Ի՞նչ է քրիստոնեական կյանքը» հարցադրումով: Հնչեցին տարբեր պատասխաններ՝ քրիստոնեական կյանքը խաչի ճանապարհ է, քրիստոնեաբար ապրել՝ նշանակում է սիրել, ներել: Անդրադառնալով թեմային՝ Հայր Սուրբը նշեց, որ քրիստոնեական կյանքը մի ուղի է, մի վերելք, որն անցել են բազմաթիվ սրբեր և այդ ճանապարհին է, որ Աստծո օգնությամբ հնարավոր է հասնել սիրո, ներման ու այլ առաքինությունների բարձունքներին, և այդ ճանապարհին, սրբերի օրինակի համաձայն, հնարավոր է հոգևոր աճ ունենալ՝ բազմաթիվ տկարություններ հաղթահարելով: Հայր Սուրբը Հովհաննես առաքյալի կողմից գրված առաջին ընդհանրական նամակից (Ա Հովհ. 2:15-17) մեջբերեց այն խոչընդոտները՝ մարմնի ցանկություն, աչքի տեսածն ունենալու ցանկություն և երկրային հարստությամբ հպարտանալը, որոնց կարող է հանդիպել քրիստոնյան իր ճանապարհին: Երիտասարդների հետ զրուցելով տվյալ խոչընդոտների աշխարհիկ ու հոգևոր ընկալումների և դրանց տարբերությունների մասին՝ հոգեշնորհ Հայր Սուրբը, որպես եզրափակում, ասաց. «Խոչընդոտները հնարավոր է հաղթահարել և հոգևոր աճ ունենալ, երբ մարդը հարկադրում է իրեն բարին գործելու՝ Տիրոջ հետևյալ խոսքի համաձայն. «Երկնքի Արքայությունը ձեռք բերելու համար ուժ են գործադրում, և ուժեղները ձեռք են բերում այն» (Մատթ. 11:12)»:
Զրույցի ավարտին երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը շնորհակալություն հայտնեց Հայր Գևորգին՝ երիտասարդների հետ հանդիպելու և նրանց հետ քրիստոնեական կյանքի վերաբերյալ հոգեշահ զրույց ունենալու համար:
Կարինե Սուգիկյան