22 Ապրիլ, Գշ, Սուրբ Զատկի Գ օր

«Զորավոր» երիտասարդաց միության ուխտը Հայոց նվիրական սրբավայրում

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ Պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակիի նախընթաց օրը նշում է սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ հիշատակությունը: Ապրիլի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը  Գալստյան կիրակիի և նախորդ օրվա հիշատակության խորհուրդներին հաղորդակից եղավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցությամբ և դեպի Խոր Վիրապ ուխտագնացությամբ:

Երիտասարդները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին  Հայոց նվիրական սրբավայր, որ Հայոց դարձի նախասկիզբն է համարվել: Սրբավայրում երիտասարդաց միությունը, Տեր Վահանի գլխավորությամբ, սբ. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությամբ՝ միասնական աղոթք հնչեցրեց առ Տեր՝ Հայոց աշխարհի խաղաղության և  Հայոց ազգի հավատի մեջ ամրապնդման ու զորացման համար:

Անյուհետև Տեր Հայրը երիտասարդների հետ զրուցեց սբ. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապ հիշատակության մասին՝ նշելով, որ եկեղեցու հայրերի տնօրինությամբ հիշատակությունը նշվում է Մեծ պահոց ապաշխարության շրջանում, որպեսզի Լուսավորչի զավակները նրա մեծ համբերատարության, խոնարհության և քաջության օրինակով կարողանան հաղթությամբ և առանց տրտնջալու տանել ապաշխարության և կյանքի փորձությունների լուծը: «Հայոց առաջին կաթողիկոսն իր սրբակենցաղ կյանքով սովորեցրեց մեզ աներեր և հաստատուն հավատք ունենալ, աներկյուղ լինել չարչարանքների մեջ և ազնիվ ու հավատարմությամբ ծառայել երկնային Տիրոջը: Քրիստոնյայի համար մահը, զնդան կամ որևէ  այլ տեսակի խոշտանգում ու ցավ հավերժական չէ, քանի որ քրիստոնեության մեջ մահը երբեք չի հաղթում, այլ մահին անպայմանորեն հաջորդում է հարությունը: Ինչպես որ Քրիստոս մահվան դեմ հաղթանակ տարավ, այնպես էլ Տիրոջ հավատարիմ սպասավոր սբ. Գրիգոր Լուսավորիչը  կարողացավ հաղթանակ տանել խավար կռապաշտության դեմ»,- ասաց Տեր Վահանը: Սիրո ճաշից հետո երիտասարդները հոգեպես նորոգված ու զորացած վերադարձան Երևան:

Տերը խոստացել է, որ Իր շնորհներն ու օրհնությունները կշնորհի Իր հետևորդներին. «Այն փառքը, որ դու Ինձ տվեցիր, Ես տվեցի նրանց» (Հովհ. 17:22): Երբ ​​մարդն Աստծու օրհնությամբ և օգնությամբ ջանում է մեղքերից մաքրվել, բարին սերմանել, դառնում է Բարձրյալի գործակիցը, Աստծու շնորհի մի անոթ, որից Տերն Իր օրհնությունն է հեղում շրջապատող աշխարհին: «Ով հավատում է Ինձ... նրա սրտից կենսատու ջրեր գետեր պիտի բխեն» (Հովհ. 7:38),- ասաց Հիսուս Քրիստոս: Սուրբը, որ իր հավատքը հաստատել է իր կյանքով, դարձել  է աստվածային օրհնության և կենդանի ջրի աղբյուր այլ մարդկանց համար:

 

Կարինե Սուգիկյան

08.04.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․