Երեխան վաղ տարիքից սպունգի նման կլանում է այն, ինչ տեսնում է իր ընտանիքում և միջավայրում, ուստի քրիստոնյա ծնողների և ուսուցիչների կարևորագույն պարտականություններից է երեխային աստիճանաբար ու սիրով մոտեցնել Երկնավոր Հորը և Նրա հետ հաղորդակցությունից բխող ուրախությանը: Թե՛ չափահասի և թե՛ երեխայի հոգին աղոթքի ծարավ ունի: Երբ այդ ծարավը հագեցնելու քայլեր են արվում, ապա չի ուշանում ուրախությունը. բոլորը՝ մեծ, թե փոքր, սկսում են վայելել Երկնավոր Հոր հետ հաղորդակցվելու ուրախությունը:
Հոգևոր այդ ուրախությունն արդեն մի քանի տարի է, ինչ ապրում են Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժը: Կիրակնօրյա դպրոցում այդ ուրախությունը կրկնապատկվում է ուխտագնացության օրերին: Հոկտեմբերի 29-ին՝ Գյուտ Խաչի տոնին, «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները, նրանց ծնողներն ու մանկավարժ Տաթև Պետրոսյանը, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեցին Արագածոտնի թեմի սրբավայրեր: Առաջին սրբավայրում՝ Հովհանավանքում, ուխտավորները մասնակից եղան Սուրբ Պատարագին, որի ավարտին հաղորդ դարձան վանքում ամփոփված սբ. Հովհաննես Մկրտչի մասունքներին և սրբի բարեխոսությանը դիմելով՝ աղոթեցին Հայոց ազգի համար: Հաջորդ սրբավայրը, ուր այցելեցին կիրակնօրյա դպրոցի սաները, Ուշիի Ս. Սարգիս եկեղեցին էր (5-րդ դար): Խոնարհված սրբավայրում ուխտավորները Տեր Գրիգորի գլխավորությամբ միասնաբար աղոթեցին և «Տեր ողորմեա» շարականը երգեցին: Ամեն մի ուխտավայրում մանկավարժը երեխաներին ներկայացրեց սրբավայրի պատմությունը և եկեղեցու անվանակիր սրբի վարքը: Այնուհետև բնության գրկում երեխաները վայելեցին սիրո ճաշը, մի շարք խաղեր, երգ ու պարը:
«Ամեն անգամ մեր սաները, աղոթքի ճանապարհ անցնելով, առավել են կապվում եկեղեցուն, ճանաչում են մեր սրբավայրերն ու բնաշխարհը: Որպեսզի երեխաները սիրեն ու գնահատեն իրենց վստահված ժառանգությունը, նախ պետք է ճանաչեն այն: Կարևորում եմ ծնողների ներկայությունը ուխտագնացություններին, քանի որ ծնողն էլ իր զավակի հետ աղոթում է, հաղորդակցվում սրբություններին, ինչը նպաստում է ընտանիքի անդամների հավատի զորացմանն ու ամրապնդմանը: Իսկ մեր այսօրվա ուրախ տրամադրությունն ամբողջացրեց չորս կողմը իշխող ոսկեգույն աշունը: Ամեն մի ուխտագնացությունից հետո երեխաները մեծ ոգևորություն են ապրում և ուրախությամբ սպասում են հաջորդ հոգևոր ճամփորդություններին»,- ասաց «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի մանկավարժ Տաթև Պետրոսյանը:
Փրկչի պատգամն է մշտապես աղոթելը, որ հոգևոր կյանքի շնչառությունն է: Ինչպես ֆիզիկական կյանքն է դադարում շնչառության դադարով, այնպես էլ աղոթքի բացակայությունից է կանգ առնում հոգևոր կյանքը: Շնչառության ռիթմով է գնահատվում առողջությունը: Մեծ անհանգստություն է ծնողների համար, երբ տեսնում են, որ երեխայի մոտ դժվարացել է շնչառությունը, բայց նույնքան անհանգստություն նրանց պետք է պատճառի երեխաների հոգևոր կյանքի շնչառության բացակայությունը կամ դադարը: Եվ որպեսզի կանխվի հոգևոր վտանգ պարունակող այդ վիճակը, ծնողները մանկուց երեխայի մոտ պետք է սերմանեն ու զարգացնեն աղոթական կյանքը՝ շարունակաբար աջակցելով ու խորացնելով այն:
Կարինե Սուգիկյան