Հոկտեմբերի 9-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և մանկավարժ Տաթևիկ Պետրոսյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Խոր Վիրապ: Մինչ ճանապարհ ընկնելը կիրակնօրյա դպրոցի սաները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո ուղևորվեցին սրբավայր:
Աղոթքի ուղին փոքրիկ ուխտավորներին առաջնորդեց մի սրբավայր, որտեղից սկիզբ է առել Հայոց դարձի պատմությունը:
Կիրակնօրյա դպրոցի սաները միասնաբար աղոթեցին վանքի Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում, նաև Խոր Վիրապում՝ հայցելով Հայոց առաջին հայրապետի բարեխոսությունը Հայոց աշխարհի և Հայոց ազգի դարձի ու հոգևոր նորոգության համար:
Միասնական աղոթքից հետո վանքի բակում «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի սաները անդրադարձան նախորդ օրվա հիշատակելի սրբերի՝ սբ. Թարգմանիչների տոնին՝ ներկայացնելով Սուրբ Գրքի թարգմանիչների վարքագրությունն ու մեծ ծառայությունները: Կիրակնօրյա դպրոցի մանկավարժը նշեց, որ ուխտագնացության նպատակն էր երեխաներին հաղորդ դարձնել Հայոց դարձի սկիզբը համարվող համազգային սրբավայրին՝ միաժամանակ աղոթելով նաև մեր ժողովրդի նոր դարձի համար. «Մեզ համար կենսական է, որ երեխաների գիտակցության մեջ կարևորվի ազգի համար մտահոգվելն ու աղոթելը: Ուրախալի է, որ այսօր մեզ են միացել նաև մեր սաների ծնողները»:
Երեխաների աղոթական կրթությունը շատ կարևոր է ու թանկ: Եկեղեցու հայրերից մեկն ասել է, որ երեխային աղոթական կյանքին հաղորդ չդարձնող ծնողը նման է մարդասպանի, որ ծնել ու սնել է երեխային՝ ուղարկելով սառը, անծանոթ աշխարհ՝ առանց որևէ պաշտպանության, ճանապարհային քարտեզի ու սննդի:
Կարինե Սուգիկյան