22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հունիսի 29-ի երեկոյան, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարմամբ հայ ոգու երաժշտությունն էր թևածում: Երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Անի Նավասարդյանի գլխավորությամբ, հնչեցրեց Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Երվանդ Երկանյանի, Թաթուլ Ալթունյանի, Գրիգոր Սյունու հայ ժողովրդական երգերի խմբերգային մշակումները: Ժողովրդական մեղեդիները վառ գույներով պատկերում էին հայ գեղջուկի կյանքը, առօրյան, զգացմունքներն ու հույզերը, հայի ազատատենչ ոգու պայքարը՝ բացահայտելով հայ մարդու ապրումների ամենատարբեր երանգները:
Եկեղեցու բակը բազմամարդ էր. զուլալ աղբյուրից բխող հայ երգը մեծ թվով ունկնդիրների էր իր շուրջը համախմբել: Հայ երգի շունչն ու տրամադրությունը եկեղեցու հարակից շենքերի բնակիչներից շատերին էր իրենց առօրյայից կտրել: Յուրաքանչյուր երգի ավարտին հնչող երկարատև ծափողջյունները վկայում էին ներկաների ոգևորության մասին:
Սա «Խազեր» երգչախմբի առաջին ելույթն էր՝ եկեղեցու բակում կազմակերպված: «Արձակուրդային այս շրջանում հանդես ենք գալիս մարդաշատ վայրերում և այս անգամ որոշեցինք հայ երգը հնչեցնել Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում»,- ասաց «Խազեր» երիտասարդական երգչախմբի հիմնադիր Անի Նավասարդյանը: Տասնութ երաժիշտներից բաղկացած երգչախումբն արդեն չորս տարի է, որ հայ և օտարազգի ունկնդիրներին ներկայանում է հայ ժողովրդական երգի մշակումներով: «Երգչախումբը կոչվեց «Խազեր», քանի որ մեր երգացանկի առանցքը Կոմիտասն է: Եվրոպական նոտագրությունն ամբողջովին չի արտահայտում մեր երաժշտության նրբերանգները, այդ պատճառով Կոմիտասը սկսեց ուսումնասիրել խազերը, և ապացուցեց, որ հայկական երաժշտությունն ինքնուրույն ինտոնացիոն համակարգ ունի, և նրա խմբերգերը բազմաձայնեցված են հենց այդ համակարգում: Մեր երգչախմբի նպատակն այդ ինտոնացիոն համակարգի՝ ժողովրդականի մոտ երգելն էր, այդ պատճառով երգչախումբը կոչեցինք նոտագրության համակարգի անվամբ: Խազերը դա մի ամբողջ գիտություն է, ըստ Կոմիտասի, խազերի բանալին գտնելու համար պետք է ուսումնասիրել երկրաչափություն, լեզու, պատմություն, աստղագիտություն և այլ գիտություններ»,- ասաց Անին:
«Այսօր ուկնդիր եղանք «Խազեր» երիտասարդական երգչախմբի կատարումներին՝ հոգևոր մեծ բավականություն ստանալով: Հաճելի է տեսնել հայ երգի շուրջ համախմբված մեր երիտասարդներին, ովքեր լավագույն կերպով ներկայացրեցին մեր հոգևոր ազգային արժեքները: Երեկոյին ներկա ժողովրդի բազմությունը վկայությունն է նրա, որ մեր ժողովուրդը գնահատում է երիտասարդների աշխատանքը: Եկեղեցու հովանու ներքո երգչախմբի ելույթը փաստում է երիտասարդների մոտ առկա այն կարևոր գիտակցությունը, որ եկեղեցին մեծ դերակատարություն ունի մեր հոգևոր ազգային արժեքների պահպանման գործում»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը:
Հայ երգի երեկոն ավարտվեց հայի քաջության ոգին արտահայտող նոտայով՝ Ռոբերտ Պետրոսյանի «Զարթիր լաո» երգով: «Խազեր» երիտասարդական երգչախումբն իր պարզությամբ և բնականությամբ արտահայտեց ժողովրդական ոգին՝ տոնական և լուսավոր տրամադրությամբ համակելով բոլորին:
Կարինե Սուգիկյան