Նոյեմբերի 3-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը նշեց տիկնանց միության 10-ամյակը: Հոբելյանական ցերեկույթը եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Տիկնանց միության անդամները ներկաներին ողջունեցին Պարույր Սևակի «Բարև» բանաստեղծությամբ:
Այնուհետև ներկաները դիտեցին տեսաֆիլմ, ուր տիկնանց միության անդամները ներկայացրին, թե ինչպես է կազմավորվել և գործունեություն ինչ ուղի է անցել տիկնանց միությունը, ինչ կազմակերպությունների հետ է համագործակցել: Տիկնանց միության ատենապետուհի Սաթենիկ Սիմոնյանի խոսքով՝ կազմակերպված միջոցառումը իրենց 10-ամյա գործունեության հաշվետվությունն է, ինչն իրենց համար նոր ծրագրերի իրականացման մի շատ կարևոր հանգրվան է, նաև՝ հարթակ:
Տիկնանց միությանը ողջույնի և շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի տարբեր օղակները: Ողջույնի խոսքով առաջինը հանդես եկավ «Զորավոր» կիրակնօրյա դպրոցը՝ արտասանելով «Սիրո օրհներգ»-ը:
Ապա «Զորավոր» երիտասարդաց միությունն իր խորին երախտագիտությունը հայտնեց տիկնանց միությանը՝ նշելով, որ տիկին Սաթենիկի և բոլոր անդամների անխոնջ աշխատանքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հիմնադիր ջանքերը, Տեր Վահան քահանա Առաքելյանի հոգատար և իմաստուն խորհուրդները ստեղծել են մի համայնք, որ ծառայում է որպես հավատքի, հույսի և սիրո կենդանի օրինակ: Երիտասարդները նշեցին, որ տիկնանց միության 10-ամյա գործունեությունն իրենց ուսանել և ցույց է տվել, որ հավատքը և ծառայությունը ոչ միայն ներքին զգացում են, այլև գործողություն, որ կարող է փոխել մարդկանց կյանքերը՝ տալով նրանց հույս և ուժ ապագայի համար, որ միասնականության, հավատքի և սիրո միջոցով հնարավոր է կառուցել ամուր և առողջ համայնք, ուր յուրաքանչյուր անձ գնահատված է և սիրված: Երիտասարդների փոքրիկ ելույթը ևս մեկ շնորհավորական ուղերձ էր՝ ուղղված տիկնանց միության անդամներին՝ որպես սիրելի մայրերի, որ իրենց հավատքով բարի և գեղեցիկ օրինակ են թե՛ եկեղեցում, թե՛ համայնքային կյանքում, թե՛ ընտանիքում և թե՛ հասարակության մեջ, որ իրենց հեղինակությամբ և իմաստուն խոսքով անգնահատելի դերակատարություն ունեն ապագա սերունդների կրթման գործում:
Հաջորդ ջերմ ողջույնն ու շնորհավորանքը տիկնանց միությանը հղեց «Զորավոր արանց» միությունը՝ միության անդամներին նվիրելով ծաղկեփնջեր: Ընտանեկան ջերմ ցերեկույթն առավել ջերմացրին «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը՝ բազմաձայն կատարելով կոմիտասյան աշխարհիկ երգերը:
Այնուհետև ներկաները դիտեցին ծխական խորհրդի և տիկնանց միության անդամ, «Զորավոր» կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Տաթևիկ Պետրոսյանի կողմից գրված և բեմադրված «Գտնված ծիծաղ» ալեգորիկ պիեսը: Հանդիսատեսը հայտնվեց բանջարանոցի առջև. մի տեղ խաղողի որթատուկն էր, մի տեղ սև բաղեղներն էին պատով բարձրացել, մյուս տեղում ցանկապատը պատվել էր արևածաղիկներով: Բանջարանոցը խորհրդանշում էր աշխարհը, իսկ բանջարանոցի բարիքները, նաև՝ մոլախոտերն ու փշերը՝ մարդկանց: Բանջարանոցում բարի, բայց թույլ ծիլ կար, որ ծաղրվում էր փշերի և մոլախոտերի կողմից: Բարի ծիլը գիտեր, որ իր մեջ ծաղիկներ, պտուղներ և երգեր կան, բայց նա՝ վիրավորանքներից նվաստացած, անճարության մեջ էր հայտնվել: Նրա մանկության ընկերն էլ, միանալով իրեն վիրավորողներին, մեղադրում էր նրան՝ նշելով, որ նա անգամ ծիծաղ չունի: Այստեղ ծիծաղը հակադրվեց անզուսպ հռհռոցի և քրքիջի դեմ: Եվ խաղողի որթատունկը, որ խորհրդանշում էր Քրիստոսին, բարի ծիլին հայտնեց, որ ինքը միայնակ չէ, սիրված է Իր կողմից և կարող է հուսալ Իրեն: Բարի ծիլն ուրախությամբ գնաց դեպի որթատունկը և ի զարմանս մոլախոտերի ու փշերի՝ այնտեղից դուրս եկավ ծաղկած: Մանկության ընկերը ևս շփոթվեց՝ տեսնելով իր ընկերոջը ծաղկած ու ժպտալիս, իմացավ նրա գաղտնիքը, թե ինչպես էր ընկերը Քրիստոսի մեջ գտել իր ուրախությունը, իր ծիծաղը:
Բեմադրության ավարտին Տեր Վահանը տիկնանց միությանը փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ.Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունն ու շնորհավորանքը, ապա իր գնահատանքի խոսքն ուղղելով տիկնանց միությանն՝ ասաց. «Տիկնանց միությունը շատ կարևոր ներդրում ունեցավ եկեղեցու համայնքային կյանքում: Մեր մանուկների բերանով ասված՝ իրենց սերը նվիրաբերեցին և ամբողջացրին մեր հավատացյալների կյանքում, ինչի արդյունքում եկեղեցու անդամները համախմբվեցին և դարձան զորավոր համայնք: Քրիստոնեությունն իրենց սրտում և հոգում ունենալով՝ կարողացան սեր տալ, ապրել և այդ սիրով ապրեցնել: Տիրոջ պատգամին ականջալուր՝ նրանք իրենց հավատն առավելապես վկայեցին կյանքով, քան թե խոսքով, քանի որ քրիստոնեությունը կյանք է և իրենք ապրում են այդ կյանքով: Ուրախանում ենք ձեզանով, երջանիկ ենք, որ դուք կաք, մեր կողքին եք և ձեր ծառայությունն եք բերում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, ի մասնավորի՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն»:
Հոբելյանական ցերեկույթն ավարտվեց հյուրասիրությամբ, որ կազմակերպել էր «Մանանա» ուսումնական կենտրոնը:
Կարինե Սուգիկյան