Գրքեր

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ Պատարագ

Տերունական Կնիք համարվող աստվածային Սուրբ Նշանը՝ Սուրբ Խաչը, երկրպագելի է քրիստոնյայի համար, քանի որ այն հավատի, հույսի, սիրո, փրկության նշան է, քանի որ Քրիստոս Իր փրկարար զոհաբերությամբ խաչը վերածեց հաղթության նշանի՝ մարդկությանն ազատելով մեղքի գերությունից: Վարագա Ս. խաչի տոնի օրը՝ սեպտեմբերի 30-ին, Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի առջև երկրպագելու և նրա օրհնությանը հաղորդակից լինելու մեծ մղումը բազմաթիվ ուխտավորների էր առաջնորդել Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Արդեն երկրորդ տարին է, որ Վարագա Սուրբ խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր:

Ուխտի Ս. Պատարագը մատուցեց Տեր Վահան քահանա Առաքելյանը, ով մինչ քարոզը եկեղեցու հոգևոր դասի և համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Նավասարդ Սրբազանին, ում օրհնությամբ հավատավոր հայորդիներն իրենց խոնարհումն ու երկրպագությունը կբերեն Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչին: Տեր Հայրը նաև շնորհակալություն հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բարերար Գեղամ Ղուկասյանին, ում նվիրատվության շնորհիվ եկեղեցին հարստացավ ևս մեկ սրբությամբ՝ Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչով: «Հայ ժողովուրդը ջանքեր և միջոցներ չի խնայել Սուրբ Խաչի մասունքներն ըստ արժանվույն պահելու և իր հարգանքն ու երկյուղածությունը նրանց հանդեպ ցուցաբերելու համար: Պատահական չէ, որ մենք՝ հայերս, ստացել ենք խաչապաշտ անունը: Մարդիկ համոզված էին, որ խաչը պահպանիչ է ու զորավիգ, հզոր պատվար և ապավեն, ուստի, փորձանքից ու փորձություններից ազատված մարդկանց ասում էին «խաչի պահած»: Քրիստոս որքան տանջանքներ կրեց խաչի վրա, այնքան էլ շնորհներ բաշխեց մեզ խաչի միջոցով: Որքան անասելի չարչարանքներ կրեց խաչի վրա, այնքան էլ բազմապատկեց խաչի օրհնությունները: Բացի օրհնություններից՝ առաջին հերթին Նա խաչի միջոցով պատարագվեց՝ մեր փրկության համար: Խաչը, ինչպես բոլորին հայտնի է, մահվան գործիք էր, բայց դարձավ փրկագործ կենաց ծառ»,- իր քարոզում մասնավորաբար ասաց Տեր Վահանը՝ մաղթելով ներկաներին ապավինել Սուրբ Խաչի զորությանը, քանի որ Սուրբ Նշանը զորավոր պատվար է բոլորի համար:

«Այսօր բացառիկ և գերզմայլելի մի իրականություն ապրեցինք՝ անմիջականորեն հաղորդակից լինելով Քրիստոսի խաչափայտի մասունքին: Տիրոջ արյունն է խաչի վրայով հոսել և անկարելի է ամբողջությամբ ընկալել Տիրոջ ներկայությունն ապրելու այս մեծագույն խորհուրդը: Քրիստոնյայի համար մեծ շնորհ է միաժամանակ և՛ Սուրբ Հաղորդության արժանանալ, և՛ Սուրբ Խաչի մասունքին մոտենալ: Շնորհակալ եմ Տիրոջը, Ով ամենատարբեր կերպերով Իր անսահման սերն է առատապես բաշխում բոլորիս: Խոնարհվելու, խորհելու և գոհանալու ևս մեկ առիթ ունեցանք այսօր»,- ասաց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ Տաթև Պետրոսյանը:

Ընթացս Երեկոյան ժամերգության Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչով կատարվեց Անդաստանի կարգ: Մինչ երեկո հավատավոր հայորդիները հաղորդակից եղան ամենահաղթ Խաչի սրբագործող զորությանը՝ Քրիստոսի պահպանությունը հայցելով. «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ Քո Քրիստոս պահպանեա զմեզ մարդասէր յաներեւոյթ թշնամւոյն. զի Դու միայն ես թագաւոր փառաց օրհնեալ յաւիտեան»:

 

Կարինե Սուգիկյան

30.09.18
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․