Անապատում Իսրայելին թշնամի հանդիպե՞ց:

Հանդիպեց, սակայն Մովսեսի աղոթքներով թշնամին պարտվեց: Քանի որ իսրայելացիների բազմությունը դեռ Ռափիդիմում եղած ժամանակ Եսավի սերնդից Ամաղեկի ցեղը մոտենալով՝ ցանկացավ պատերազմել իսրայելացիների հետ, և Մովսեսի ծառա Հեսուն, զորք հավաքելով, ամաղեկացիների դեմ պատերազմի է ելնում: Մովսեսն իր գավազանով մի բլուր է բարձրանում Ահարոնի և Օվրի հետ, որտեղից երևում էր պատերազմի դաշտը:

Այս պատերազմում, երբ Մովսեսը ձեռքերը դեպի երկինք էր պարզում՝ իսրայելացիների կողմն էր հաղթում, իսկ երբ ներքև էր իջեցնում՝ ամաղեկացիների կողմը: Բայց երբ միշտ դեպի վեր պարզած ժամանակ բազուկները հոգնում են, նրան մի քարին են նստեցնում և մի կողմից Ահարոնը, մյուս կողմից Օվրը ձեռքերը վեր պահելով՝ Հեսուն ամաղեկացիներին կոտորելով հաղթանակում է:

Արդարև, թեև ամաղեկացիների ցեղը սարսափելի կոտորվեց, սակայն անապատում իսրայելացիների դեմ թշնամական դիտավորությամբ առաջինը պատերազմի դուրս գալու պատճառով, Աստված Մովսեսին հրամայում է, որ արձանագրությունների հիշատակարանում նշի և Հեսուին տա, որպեսզի այն չմոռացվի: «Քանի որ ամաղեկացիների ցեղը կոտորելով՝ աշխարհի երեսից պիտի բնաջնջեմ»: Իրոք, չորս հարյուր տարի անց այս վճիռը Սավուղ թագավորի ձեռքով գործադրվեց (ինչպես որ հայտնի Ա Թագ. 13:2): Ըստ որում այս հաղթանակը Աստծո օգնությամբ եղավ, և այս պատճառով Մովսեսը սեղան կանգնեցնելով, սեղանի անունը «հույսս Աստված է» է դնում, որպեսզի Աստծո երախտիքն ու բարությունը չմոռացվի:

Լավ ըմբռնիր, թե արդարի աղոթքը որքա՜ն է ընդունելի, քանի որ Մովսեսի աղոթքով շահեցին այդ հաղթանակը: Այո՛, Մովսեսը ժողովրդի փրկության համար ամեն ժամ աղոթում էր Աստծուն, սակայն այս անգամ հատուկ մի բարձր տեղ բարձրանալով, ձեռքերը դեպի վեր բարձրացրած աղոթում է, որպեսզի ժողովրդին սովորեցնի, որ թշնամուն հաղթելու համար պարտավոր են իրենց հույսը միշտ Աստծո վրա դնելով՝ անդադար ի սրտե աղոթել: Քանի որ թշնամու նկատմամբ հաղթանակ տանելը Աստծո օգնության կարիքն ունեցող գործ է, և Աստծո օգնությանը արժանանալը աղոթքի կարիքն ունի:

Իսկ բարձր տեղ ելնելով աղոթելը աշխարհիկ իրերը մտքից հանել է նշանակում: Ահարոնն ու Օվրը, որոնք ձեռքերը վերև էին պահում, մեզ ուղիղ հավատով, առանց ձանձրանալու աղոթել են սովորեցնում:

Այն օրերին Մովսեսի աները՝ Հոթորը (Հռագուել)Մովսեսի ձեռքով իսրայելացիների ազատության և կատարված հրաշքների մասին է լսում: Եվ քանի որ Մովսեսի կինը և երկու որդիները նրա մոտ էին, (ինչպես արդեն հիշատակել ենք նախորդ հարցերում), Հոթորը նրանց Մովսեսի մոտ է բերում, ում Մովսեսը պատվով ընդունում է և պատմում Իսրայելի ժողովրդին արած Աստծո ողորմության մասին: Հոթորը, որ կուռքերի պաշտոնյա քուրմ էր, թողնելով կռապաշտությունը, հավատում է Աստծուն և զոհ է մատուցում, և իր ցեղին էլ հրահանգում է, որ այսուհետև ճշմարիտ Աստծուն երկրպագեն:

Ապա Հոթորը տեսնում է, որ Մովսեսը խիստ հոգնում է ժողովրդի դատերը անձամբ և միայնակ քննելուց, և ժողովուրդը նույնպես, ուստի Մովսեսին խորհուրդ է տալիս կառավարելու մի հեշտ եղանակ գործադրել՝ այն է ժողովրդի միջից ընտրել հավատարիմ և խոհեմ մարդիկ, որոնք ժողովրդի դատերը կքննեն և ինքն էլ Աստծո հրամանները նրանց կհաղորդի:

Մովսեսը, իր աներոջ խորհրդի համաձայն, ժողովրդի կառավարման համար հազարապետ, հարյուրապետ, հիսնապետ և տասնապետներ է կարգում, որոնք բարվոք կառավարում են:

Մովսեսի համբերությունից և խոնարհությունից օրինակ վերցրու, քանի որ առաջ այդքան բազմաթիվ ժողովրդի դատաստանները միայնակ կատարելով անգամ չի ձանձրանում, և ապա, երբ Հոթորը կառավարելու ձև է սովորեցնում, հպարտությամբ չի մերժում, այլ սիրով ընդունում և գործադրում է: Այո՛, Մովսեսը Աստծո մարգարեն է, բայց այս պարագայում Աստված Հոթորի միջոցով է նրան ցույց տալիս կառավարման եղանակները: Ուրեմն, մարդն ինչքան էլ իմաստուն և իշխանավոր լինի, նորից պետք է ունկնդիր լինի խրատին: Հետո Հոթորը իր բնակավայրն է վերադառնում և իսրայելացիներն էլ Ռափիդիմից շարժվելով՝ Սինա լեռան մոտ են հանգրվանում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․