Իսրայելացիները «Ցանկությունների գերեզմաններ» կոչված տեղից հետո ո՞ւր գնացին:

Գնացին Ասերաթ, որտեղ թեև ժողովրդի կողմից ոչ մի տրտունջ չեղավ, սակայն Մովսեսն իր եթովպացի կնոջ՝ Սեփորայի պատճառով նորից անհանգստացավ: (Սա որքանով որ եթովպացի է հիշատակվում, սակայն Մադիամից լինելը երրորդ դարի ԽԳ հարցի մեջ հայտնել ենք, միայն Մադիամի երկիրը նաև Եթովպիա անվանվելու համար «Մովսեսը Եթովպացի կին առավ» է գրում այստեղ):

Քանի որ Մովսեսը ժողովրդի միջից ամենափառավոր և իշխանության տեր անձն էր, մանավանդ որ Աստված խոսում էր նրա հետ, այդ պատճառով Սեփորան հպարտացավ և իրեն մնացած կանանցից ոչ միայն ավելի պատվավոր էր համարում, այլ նաև հավակնում է Մովսեսի քույր Մարիամի նկատմամբ գերազանցություն ունենալուն, որը սակայն չկարողացավ տանել կամ հանդուրժել նման ամբարտավանությունը:

Ահարոնը ևս միանում է Մարիամին, և սկսում են այս առումով բամբասել Մովսեսին՝ առարկելով, թե Աստված միայն Մովսեսի հետ չխոսեց, այլ նաև իրենց հետ է խոսեց: Հիրավի, սրանք ամեն առումով պահում էին Մովսեսի պատիվը, սակայն Սեփորային իր չափը հասկացնելու և հպարտությունից հետ դարձնելու համար համարձակվեցին մի այդպիսի առարկություն անել, որով իրենք իրենց Մովսեսին հավասար համարելով՝ չարախոսների նման եղան:

Որքան էլ որ Մովսեսն իր խոնարհությամբ նրանց խոսքերը չլսելու տվեց, բայց Աստված լսում է նրանց բամբասանքները և դատում հանցավորին:

Դու նայի՛ր Աստծո դատաստանին. Մովսեսը, նրանց հանդեպ գանգատվելով, դատախազ չեղավ, սակայն Աստված, բոլորի խորհուրդներն ու գործերը իմանալով, յուրաքանչյուրի դատաստանն արդարությամբ կատարելու համար Մովսեսին, Ահարոնին և Մարիամին հրամայում է գալ ներկայանալ խորանի առջև:

Երբ երեքն էլ խորանի առջև՝ որպես Աստծո ներկայության էին գտնվում, Աստված Մովսեսի պատիվն ու փառքը հայտնելու և նրան բամբասողներին հանդիմանելու և պատժելու համար ամպով իջնում է այնտեղ: Եվ քանի որ Ահարոնն ու Մարիամը ասել էին, որ Աստված իրենց հետ էլ է խոսել, և այդ խոսքով իրենց Մովսեսի նման մարգարե էին համարում, այս պատճառով Մովսեսի և այլ մարգարեների տարբերությունը ցույց տալով՝ հայտնում է. «Այլ մարգարեների հետ տեսիլքով եմ խոսում, սակայն Մովսեսի հետ, որը Իմ տան ամենահավատարիմն է, հայտնապես բերանացի եմ խոսում, դուք ինչպե՞ս չվախեցաք Իմ ծառային՝ Մովսեսին, բամբասելուց»:

Թեև Մովսեսի ներկայությամբ այսպիսի հանդիմանությունը Մարիամի և Ահարոնի համար մեծ պատիժ էր, սակայն նրանց հանցանքը այդքանով չներվեց, քանի որ ամպն իսկույն վերացավ խորանից: Ամպի վերանալը Աստծո բարկության և հեռանալու նշանն էր, որովհետև Մարիամը անմիջապես բորոտվեց: Ահարոնը նրան տեսնելուն պես Մովսեսից աղաչանքով և պաղատանքով ներում է խնդրում:

Երբ Մովսեսը Մարիամին այդ ողորմելի վիճակում տեսավ, իսկույն առ Աստված աղաղակեց և նրա բժշկությունը խնդրեց: Սակայն որքան էլ որ աղաչեց Աստծուն, այդուհանդերձ, թե՛ Մարիամին և թե՛ մնացածին խրատ լինելու համար Աստված հրամայում է, որ Մարիամը յոթ օր բանակատեղիից դուրս մնա, մինչև որ բժշկվի:

Աստվածային հրամանի համաձայն Մարիամը, յոթ օր բանակատեղիից հեռու մնալով, ինչպես որ հրաշքով եղել էր նրա պատիժը, նույնպես հրաշքով Մովսեսի աղաչանքներով յոթ օր հետո բժշկվելով՝ բանակատեղի է գալիս: Թեպետ Ահարոնը ևս միաբանվել էր Մարիամի հետ՝ Մովսեսին բամբասելու, բայց քանի որ գործի պատճառն ու հիմքը Մարիամն էր, Ահարոնը չդատապարտվեց նրա նման պատիժ կրելու: Մանավանդ եթե Ահարոնը նույնպես բորոտվեր, ստիպված պիտի լիներ բանակատեղից դուրս գալ: Սակայն քահանայապետը պետք է ժողովրդից չբաժանվի. այս պատճառով նրան պատիժ չտրվեց:

            Օրինա՛կ վերցրու. իրեն բամբասողների համար աղոթելով՝ Մովսեսը Հին օրենքի մեջ Սուրբ Ավետարանի պատվերը կատարեց: Ահարոնն էլ թեև հանցանք գործեց, սակայն հանցանքը հասկանալով՝ իսկույն զղջալու համար թողություն գտավ, քանի որ Աստվածային ներմանը արժանանալու միակ միջոցն այս է:

Ուրեմն եթե քեզ էլ հանիրավի բամբասեն կամ վնասեն, Մովսեսի նման նրանց հանցանքները ների, քանի որ չարիք անողներին պարտավոր ես բարիք անել, որպեսզի Աստված փառքդ ավելացնի: Եթե Ահարոնի նման մեղանչեցիր, նրա պես իսկույն զղջա՛, որ ազատվես պատժից: Եվ եթե Մարիամի նման պատժի ենթարկվեցիր, նրա նման կամավորաբար և հոժարությամբ կրի՛ր մեղքերիդ փոխարեն սահմանված պատիժը, որպեսզի բժշկվես:

Նաև Աստծո սիրելի ծառաներից մի սուրբ անձի խնդրի՛ր, որ քեզ համար աղոթի առ Աստված: Մանավանդ եթե կամենում ես պատժից ազատ և հանգիստ լինել, մի՛ ցանկացիր հասնել առավել պատիվների և աստիճանների, և ոչ ոքի մի՛ բամբասիր:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․