22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Իսրայելացիները հետո ո՞ւր գնացին:

 Գնացին Սին անապատի Կադես կոչված վայրը (սա երրորդ դարի 55-րդ հարցի մեջ հիշված Սինը չէ): Քանի որ Եգիպտոսից դուրս գալուց հետո դեռևս Սինա լեռանը չհասած՝ ութերորդ իջևանն էր այդ տեղը, որտեղ երկնքից մանանա սկսեց իջնել, սակայն այս Սին անապատը երեսուներեքերորդ իջևանը եղավ:

Նմանապես այս Կադեսը տարբեր է մյուս Կադեսբառայից, որից հետ դառնալով (ինչպես հիշեցինք 18-րդ հարցում)՝ երեսունութ տարի անապատում շրջելուց հետո քառասուներորդ տարվա առաջին ամսվա մեջ իսրայելացիները նորից հիշյալ վայրը եկան, որտեղ Մովսեսի քույրը՝ Մարիամը, մեռավ և թաղվեց:

Այստեղ ևս ջուր չգտնելով՝ ժողովուրդը նորից սկսեց բամբասել Մովսեսին և Ահարոնին, «Ինչո՞ւ մեզ Եգիպտոսից հանելով՝ այս վատ տեղը բերեցիք, որտեղ վար ու ցանքս չի լինում, այգի, սեխ, նուռ և խմելու ջուր չկա» ասելով հարձակվում են նրանց վրա, որոնք, խորանը փախչելով, երեսի վրա տարածվում են Աստծո առջև:

Խորամո՛ւխ եղիր. երբ Մովսեսն ու Ահարոնը մի ծանր տագնապ են ունենում, Աստծո ողորմությանը ապավինելով՝ խորանում են ապաստանում և ողորմություն խնդրում, և Աստված, Իր փառքը հայտնելով, նրանց ոչ միայն ազատում է վտանգից, այլ նաև ցանկանում է նրանց ջուր տալ, որպեսզի Իր անհուն կարողությունն ու գթությունը հայտնի ամբողջ ժողովրդին, ապերախտ և ապաշնորհ ժողովրդին:

Այս պատճառով Աստված հրամայում է Մովսեսին, որ գավազանը վերցնելով՝ հավաքի ժողովրդին և նրանց առջև Ահարոնի հետ քարին ասեն, որ ջուր բխեցնի: Արդարև, հրամանի համաձայն ժողովուրդը հավաքվում է հիշյալ ժայռի մոտ, բայց «Ջուր տուր» չեն ասում, այլ ժողովրդից նեղացած և նրանց վրա բարկացած լինելով՝  Մովսեսը տարակուսանքով երկու անգամ քարին է զարկում իր գավազանով:

Սակայն մի՛ կարծիր, թե Մովսեսը Աստծո կարողության վրա տարակուսում է, այլ ժողովրդի ընթացքին նայելով՝ տարակուսում է, թե մի այսպիսի անհնազանդ ժողովրդի համար քարից արդյոք ջուր դուրս կգա՞: Իրոք, ժողովուրդն անարժան էր, սակայն քանի որ Աստծո ողորմությունը չափ և սահման չունի, քարից իսկույն շատ առատ ջուր է բխում, որից թե՛ ժողովուրդն է խմում և թե՛ նրանց անասունները:

Առաջ Քորեբ լեռան մոտ Մովսեսը, իր գավազանով քարին հարվածելով, ջուր բխեցրեց (ինչպես, որ հիշատակեցինք երրորդ դարի 6-րդ հարցում), սակայն այս անգամ չէր հրամայվել, որ քարին զարկի, այլ միայն խոսքով ասելու հրաման լինելու և քարին զարկելը հրամանին հակառակ լինելու պատճառով Աստված բարկանալով վճռում է, որ Մովսեսն ու Ահարոնը ժողովրդին Ավետյաց երկիր չտանեն:

Թեպետ Մովսեսի և Ահարոնի՝ ժողովրդի Ավետյաց երկիր չտանելը հոգևոր իմաստով նշանակում է, որ մարդիկ, հին օրենքի զորությամբ արքայություն մտնելու համար անկարող լինելով, անպատճառ Հիսուս Քրիստոսի շնորհի կարիքն ունեն, այսուհանդերձ այս դեպքը մարդկանց համար մեծ դաս եղավ:

Քանի որ բարերար Աստված, ողորմությանը անարժան եղողներին գթալով, մեղավորներին խրախուսում է, որ առանց հուսահատվելու Աստծո անսահման ողորմությանը ապավինելով՝ քավության արժանի լինեն:

Նմանապես Մովսեսի և Ահարոնի նման սրբերի մի փոքր օրինազանցության կամ պարտազանցության պատճառով ժողովրդին Երուսաղեմ տանելու փառքից և պատվից նրանց զրկելով, սրբերին էլ է երկյուղ տալիս և զգուշացնում, որ ժողովրդի պակասություններից նեղվելով՝ բարկությամբ իրենց պարտականությունների դեմ չգործեն, մանավանդ իրենց առաքինությունների համար հպարտալով՝ չմեղանչեն: Քանի որ մարդը ինչքան էլ սուրբ և իմաստուն լինի, այնքան ևս պարտավոր է զգուշանալ, քանի որ ինչքան մարդը ողջ է, չի կարող վտանգից ազատ և զերծ մնալ:

Քանի որ վերոհիշյալ Կադես անվանված տեղը Եդոմին մոտ էր, Մովսեսը երկրի թագավորի մոտ մարդ է ուղարկում՝ խնդրելու, որ Եդոմի միջով անցնելու թույլտվություն տա իրենց, բայց այս պայմանով, որ առանց նրանց դաշտերն ու այգիները ոտնակոխ անելու, ուղիղ ճանապարհով անցնեն գնան, և եթե ջուր խմեն, գինը վճարեն: Սակայն հիշյալ թագավորը ոչ մի կերպ չի համաձայնվում ճանապարհ տալ իսրայելացիներին, ընդհակառակը՝ արգելելու համար մեծ զորքով պատերազմի է դուրս գալիս նրանց դեմ:

Թեև Մովսեսը կարող էր բռնությամբ անցնել այդ երկրի միջով, բայց եդոմացիները, Եսավի ցեղից լինելով, Աստված Մովսեսին պատվիրել էր, որ նրանց հետ չպատերազմի, քանի որ Եսավի երկրից իսրայելացները որևէ տարածք չպիտի գրավեին, ինչպես որ հայտնի է (Բ Օր. 2:5): Այս պատճառով Մովսեսն առանց նրանց հետ պատերազմելու ուրիշ ճանապարհով շարունակեց ընթացքը:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902 թ.:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․