Հարց 74 – Բոլոր ազգերի Պատարագն արդյո՞ք նույնն է:

Պատասխան – Սուրբ Ներսեսն այդ հարցին այսպիսի պատասխան է տալիս. «Մանկամիտ մի՛ եղեք, այլ չարիքի հանդեպ մանկացե՛ք, իսկ մտքով եղե՛ք կատարյալ` քննելու ճշմարտությունն ու հավանելու այն, որովհետև եթե զանազան քրիստոսներ լինեն, կամ զանազան աստվածներ, զանազան զորությամբ յուրաքանչյուր ազգերի տիրողներ, ճշմարիտ կլիներ կարծիքդ, իսկ Պատարագը զանազանություն կունենար` հակառակամարտ աստվածների զորությամբ կատարելու պատճառով: Ցանկացած ազգի աստծու փառքի զորությունն իր պատարագում է տպավորվում; Եթե ասես` Քրիստոս մեկ է, բայց Նրա հանդեպ ունեցած սրանց հավատը տարբերություն ունի, ուստի իմացի՛ր` այն, ինչ վերաբերում է Քրիստոսի եզակի լինելուն, մանրամասնությամբ սովորեցինք, ինչպես նաև Նրա հավատքի ընդհանուր լինելը: Ուստի եթե Քրիստոս մեկն է, և մեր բոլորի հույսը դեպի Նա միօրինակ, և Նրա անունով կոչվածներս էլ` մի հոգի, յուրաքանչյուր ազգ ընդունեց այդ: Հետևաբար Աբրահամի հավատից ծնված որդիների միջև խտրություն չկա: Ուրեմն հայտնի է, որ մեկ է Տիեզերական Եկեղեցին և նրանցում կատարված Պատարագը նույն հոգով է, քանզի ինչպես դու ես փնտրում քո նվիրական զգացմունքները կատարող Հոգին, այնպես և նա փնտրում իրենը: Եվ չնայած լեզուները տարբեր են, սակայն ոչ թե տարբեր հոգիներ են փնտրում, այլ մի, մանավանդ որ աղոթքի նույն խոսքերով և նույն խորհրդածական ձևակերպումներով են առաջնորդվում բոլոր քրիստոնյա ազգերը:

Դարձյալ օրինակ. Արեգակը մեկն է, և իմ ու նրա զգայական աչքերն է սրբում ու լուսավորում, իմանալի աչքերին լույս պարգևում: Իսկ եթե որևէ մեկը, չարությունից դրդված, ասի, թե միայն ինքն է տեսնում արեգակը, իր չարությունը ցույց կտա, բայց ինձ չի զրկի համասփյուռ լույսից այնքան ժամանակ, քանի դեռ մաքուր է իմ նայվածքը: Այնպես էլ այն ազգը, որ Քրիստոսի անունը կրող ազգն անկատար ու թերի է համարում, իր չարությունն է ցույց տալիս, և ոչ թե նրան հասարակազ շնորհից զրկում: Ուրեմն ոչ մի տարբերություն չկա Քրիստոսի պաշտոնյաների խորհրդածության միջև: Եվ նրանք, ովքեր այսպես են կարծում, դատապարտում են իրենց, այլ ոչ թե հեզության հոգին չարամտության ախտի դեմ ծառայեցնում»:

Ուրիշներն ասում են, թե Պատարագի նյութերն են տարբեր, որոնց Սուրբ Ներսեսն այսպես է պատասխանում. «Եթե հաց ու գինի չեն, որոնք ի դեպ ավանդվեցին Քրիստոսի կողմից, պարզ է, որ չեն կարող ընդունել Հոգու ներգործությունն ըստ այս խորհրդի և դառնալ Քրիստոսի մարմինը: Իսկ եթե հաց ու գինի է, ստուգապես կրում է Հոգու զորության լույսը, ինչպես ապակին` արեգակը»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․