Երիքովի և Գայի կործանումից հետո մոտակայքում գտնվող քաղաքի թագավորները հնազանդվեցի՞ն նրանց:

 Չհնազանդվեցին: Թեև իսրայելացիների՝ հրաշքով Եգիպտոսից դուրս գալը և մինչ այդ պահը նրանց դիմադրողների պարտությունը բոլորին հայտնի էին, սակայն դարձյալ այդ կողմերի թագավորները միաբանվում են՝ իսրայելացիրների դեմ պատերազմելու համար: Գաբավոն գավառի մեծամեծները նրանց հետ չեն համաձայնում, Հեսուի մոտ մարդ են ուղարկում՝ հնազանդություն հայտնելով, ապա  խնդրում են, որ Հեսուն բարեհաճի իրենց հետ բարեկամության ուխտ դնել, որպեսզի միշտ միմյանց հետ բարեկամներ լինեն:

Սակայն քանի որ Գաբավոնը  գտնվում էր իսրայելացիների բնակավայրի մոտակայքում, նրանք վախենալով, որ գուցե հենց այդ պատճառով Հեսուն չընդունի իրենց առաջարկը և Երիքով և Գայ քաղաքների նման Գաբավոնն էլ ավերի, հին և պատռված հագուստներ հագած և իրենց հետ որդնած հացեր վերցնելով՝  ներկայանում են  և այնպես են խոսում, իբր թե շատ հեռու վայրերից են գալիս:

Արդարև Հեսուն հարցնում է, թե միգուցե մոտ տեղից են գալիս, սակայն երբ նրանք հայտնում են, որ իրենց հանդերձները ճանապարհին  մաշվեցին, իսկ  հացը բորբոսնել ու որդնել է, Հեսուն հավատում է նրանց խոսքերին, քանի որ Գաբավոնի բնակիչները այնպիսի թշվառ և ողորմելի կերպարանք էին ստացել, որ նրանց տեսնողի գութը անպատճառ կշարժվեր: Այս պարագայում Հեսուն և ժողովրդի իշխանները, առանց Աստծո կամքը հարցնելու, երդվելով դաշինք են կնքում, որ չհարձակվեն գաբավոնացիների վրա (Հեսու 9:15):

Երեք օր հետո սրանց նենգությունը հայտնի է դառնում և պարզվում է, որ մոտ տեղից են, սակայն Հեսուն իրենց երդման պատճառով նրանց չի վնասում: Միայն ստախոսությամբ իսրայելացիներին խաբելու համար է դատապարտում, որ բոլոր գաբավոնացիները՝ մեծից մինչև փոքր, գերիների նման ծառայեն իսրայելացիներին՝ որպես ջրկիրներ և փայտահատեր (Հեսու 9:27):

Խրատ վերցրու. գաբավոնացիների խոնարհության շնորհիվ հաջողվեց իսրայելացիների հետ բարեկամություն հաստատել և անվնաս մնալ, մինչդեռ մյուսները հպարտությամբ իրենց կարողության վրա հույս դնելով՝ կորստյան մատնվեցին: Օրինակ՝ Երուսաղեմի Ադոնիբեզեկ թագավորը Հեսուի գործերի մասին տեղեկություններ հավաքելով, մանավանդ Գաբավոնի նման մի մեծ քաղաքի քաջասիրտ բնակիչների՝ առանց պատերազմի անձնատուր լինելու վրա զայրացած, Քերբրոնի, Հերիմութի, Լաքիսի և Սդողոմ քաղաքների թագավորներին լուր է ուղարկում, որոնք միաբանվում են և բազում զորքով Գաբավոնի վրա  շարժվում. նրանք  պաշարում են քաղաքը՝ բնակիչներին պատժելու համար:  

Գաբավոնացիները լուր են ուղարկում Հեսուին, որպեսզի իրենց պաշտպանի: Նա բազմաթիվ զորքով իսկույն շարժվում է թշնամու վրա, և Աստված թշնամու սիրտը երկյուղ է գցում (Հեսու 10:10). Հեսուն հետապնդում է փախչող թշնամուն՝ կոտորելու նպատակով: Սակայն փախստական զորքը ցիրուցան փախչում է անհարթ տեղերով, Հեսուն խնդրում է Աստծուն, որ քարե կարկուտ տեղացնելով՝ ջնջի իսրայելացիների թշնամիներին, որոնք նաև Իր թշնամիներն են:

Արդարև իսկույն սկսում է սաստիկ  կարկուտ տեղալ այն աստիճան, որ կարկուտից մահացածների թիվը սրով ընկածների թվից ավելի շատ էր (Հեսու 10:11): Իսրայելացիների զորքը նույնպես շարունակում է կոտորել փախչողներին, սակայն արդեն մթնում էր: Հեսուն նորից խնդրում է Աստծուն,  որ արեգակը կանգնի Գաբավոնի, իսկ լուսինը Էոն ձորի մոտ: Այս խոսքը արտասանելուն պես, Աստծո կամքով արևն ու լուսինն իրենց գտնվելու վայրում կանգնում են և չեն շարժվում, մինչև որ բոլոր փախչողները կոտորվում են. Աստված իսրայելացիների վրեժը թշնամիներից առավ (Հեսու 10:13): Ապա արևը սովորականի նման շարունակում է իր ընթացքը: Այն օրը այս հրաշքի պատճառով երկու օրվա չափ երկարեց (Սիրաք 46:5):

Դու հիշյալ թագավորների ողորմելի վիճակին նայիր, քանի որ իրենց զորքերի կոտորածից  բացի իրենք ևս հուսահատ հինգը միասին մեկ քարայրում հայտնաբերվեցին: Հեսուն հրամայում է նրանց իր մոտ բերել, քաջ զինվորներին էլ հրամայում է, որ աներկյուղ նրանց պարանոցները ոտնակոխ անելով՝ սպանեն, և մարմիններն էլ փայտերից կախեն, որպեսզի մյուսների համար խրատ լինի, որ իսրայելացիների դեմ չգործեն:

Նույն օրը երեկոյան հիշյալ թագավորների մարմինները իջեցնելով՝ նույն քարայրի մեջ են նետում՝ քարերով փակելով այն, և Հեսուն անմիջապես գրավում է նրանց քաղաքները:

Այստեղ հետամուտ եղիր Աստծո ողորմությանը: Թեև այդպիսի մեծ պատերազմ եղավ, սակայն քանի որ Աստված իսրայելացիների հետ էր, նրանցից ոչ մի մարդ չվնասվեց: Բայց քանի որ այդ կողմերում այլ թագավորներ էլ կային, միգուցե նրանք նույնպես միաբանվեին ու պատերազմեին, Հեսուն նրանց վրա նույնպես զորք ուղարկեց և կոտորեց՝ գրավելով նրանց քաղաքները:

Սակայն Սուր գավառի Հաբին թագավորը հանգիստ չի մնում, շրջակայքում բնակվող թագավորների հետ միաբանված՝ ծովի ավազի նման բազմաթիվ զորք է հավաքում, որպեսզի հարձակվի իսրայելացիների վրա: Հեսուն Աստծո օգնությամբ նրան և նրա հետ միաբանվածներին նույնպես կոտորելով՝ ամբողջությամբ բնաջնջում է:

Ապա քանանացիների և այդ երկրներում բնակվող ժողովուրդների հետ յոթը տարի շարունակ պատերազմում է, քսանինը թագավորներ իրենց ժողովուրդների հետ երկրի վրայից ամբողջությամբ բնաջնջելով կորստյան է մատնում, նրանց տարածքները գրավում և իսրայելացիների ցեղերի միջև կանխապես որոշված ձևով հավասարապես բաժանում:

 

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Բ, Վաղարշապատ, 1902 թ.:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․