12 Հոկտեմբեր, Շբ
Չի դադարեցնում: Որովհետև որպես նրա թշնամի (Ա Թագ. 18:29) և թշնամական դիտավորությամբ է իրեն փեսա դարձնում, որպեսզի Դավիթը, միշտ պատերազմներ մղելով, մի օր կռապաշտների ձեռքով սպանվի:
Սակայն Դավիթը թշնամիների դեմ բոլոր հարձակումներից միշտ հաղթող է դուրս գալիս, և մանավանդ երբ նրա առաքինությունը, իմաստությունը և քաղաքական գործերում հմտությունը և խոհեմությունը հայտնի են դառնում, բոլոր իսրայելացիները սկսում են համակրել և սիրել Դավթին, ամեն կերպ նրան փառքով շրջապատել (Ա Թագ. 18:30), և Սավուղը, սրտում ունեցած թշնամությունը Հովնաթանին և իր իշխաններին հայտնելով, տեղեկացնում է, որ պետք է սպանի Դավթին:
Բայց քանի որ Հովնաթանը Տիրոջից վախենում էր և Դավթին էլ շատ հավատարիմ էր, Դավթին հայտնում է, որ հայրը մտադրվել է՝ նրան սպանի, ուստի պետք է զգուշանա: Հաջորդ օրը` Սավուղի ուրախ տրամադրության պահին, Դավթի մասին նպաստավոր խոսքեր խոսելով` Հովնաթանն ամոքում է հոր բարկությունը և երդումով խոստում կորզում, որ չի սպանի Դավթին: Հովնաթանը, այս խոստումին վստահելով, Դավթին Սավուղի մոտ է տանում, որը սիրալիր ընդունում է, և այնուհետև, գոնե միառժամանակ, Դավիթը, առաջվա նման ամենայն քաջությամբ և հավատարմությամբ գործակցելով, զինվորական ծառայության է մնում Սավուղի մոտ:
Սակայն մի անգամ թշնամիները անհամար զորքով նորից Իսրայել երկիր են արշավում, և Դավիթը, նրանց դեմ գնալով, մեծամեծ հարվածներ է հասցնում: Այո՛, երբ Դավիթը, Աստծու օգնությամբ իսրայելացիների ոխերիմ թշնամիների նկատմամբ մեծ հաղթանակ տանելով, ժողովրդից փառավորված, վերադառնում է, նրա այդ հաղթանակը, ինչպես նաև փառքը Սավուղին հաճելի չեն լինում, և դիվահարության ախտը ամբողջությամբ նորից տիրում է նրան:
Եվ քանի որ Դավիթը նախկինի նման նրա առջև քնար էր նվագում, Սավուղը սպանելու դիտավորությամբ գեղարդն ամբողջ ուժով Դավթի ուղղությամբ է նետում: Բարեբախտաբար, այս անգամ էլ է Դավիթն ազատվում և տուն վերադառնում: Եվ այս անգամ Սավուղը, սաստիկ բարկացած զինվորական գումարտակ ուղարկելով, նրա տունը պաշարել է տալիս, որպեսզի չփախչի, քանի որ վերջնականապես որոշել էր, որ լույսը բացվելուն պես նրան որևէ ձևով անպատճառ սպանելու է:
Ճշմարիտ է, որ եթե Դավթի մեկնելուց անմիջապես հետո Սավուղը հրամայեր նրա տան վրա հարձակվել, կարող էր ձերբակալել Դավթին, բայց քանի որ Աստված պահպանում է Դավթին, ուստի Սավուղը որոշում է հաջորդ օրը բռնել և սպանել Դավթին, և Դավիթը խույս տալու և ազատվելու ժամանակ է ունենում: Նրա կինը՝ Մեղքողը, նրան պատուհանից փախցնելուց հետո փախուստը չհայտնաբերելու համար, մարդկային հասակին համապատասխան մի խրտվիլակ պատրաստելով, նրա մահճում է դնում, թե իբր Դավիթը հիվանդ պառկած է, և այն զգուշությամբ ծածկում է: Երբ առավոտյան Սավուղը մարդ է ուղարկում` Դավթին բերելու, պատասխանում են, թե հիվանդ է, ուստի հրաման է տրվում, որ նրան մահճով վերցնեն և տանեն Սավուղի մոտ: Սակայն երբ վերջապես պարզվում է, որ նա փախել է, անօրեն Սավուղը բոլորովին կատաղում է և մինչև իսկ բարկությամբ Մեղքողին ասում. «Ինչո՞ւ ինձ խաբելով` իմ թշնամուն փախցրիր», սակայն հիշյալն իրեն արդարացնելու համար պատասխանում է, որ Դավիթն իրեն սպառնացել էր, որ եթե ընդդիմանա, կսպանի, և այս պատասխանից Սավուղը ստիպված լռում է:
Քանի որ Սամվելը բնակվում էր Արիմաթեմում, ուստի Դավիթը, նրա մոտ գնալով, Սավուղի բոլոր արաքները մեկ առ մեկ պատմում է նրան: Սա Դավթին թագավորի բռնություններից ազատելու համար նրան տանում է Նավաթ-Հռամա կոչվող վայրը, որտեղ մի նշանավոր վարժարան կար, բազմաթիվ ուսանողներ գիտություններ էին ուսումնասիրում, և Սամվելն էլ նրանց պետն էր:
Այստեղ հարկ է նկատի առնել Սավուղի տարօրինակ և ողորմելի վիճակը: Քանի որ երբ լսում է, որ Դավիթը Նավաթ-Հռամայում է, նրան բռնել- բերելու համար զինվորներ է ուղարկում: Սրանք գնալով տեսնում են մարգարեների հավաքույթը և նաև Սամվելին, որոնք մարգարեանում են, և ահա իրենք նույնպես Աստծու ազդեցությամբ սկսում են մարգարեանալ, և իրենց գալու նպատակը մոռանալով` առանց Դավթին մի բառ ասելու մնում են այնտեղ:
Սավուղը կրկին զորք է ուղարկում, սակայն սրանք նույնպես, նախորդների նման մարգարեանալով, մնում են այնտեղ, ուստի երբ երրորդ անգամ զորք ուղարկելով` տեսնում է` չեն վերադառնում, սաստիկ բարկանալով` ինքն անձամբ է գնում, սակայն տակավին այնտեղ չհասած` ճանապարհին, զարմանալի˜ բան, ինքն էլ ներշնչվելով սկսում է մարգարեանալ, և մինչև Դավթի գտնվելու վայրն է հասում՝ ինքնամոռաց, մերկ և անսնունդ, մի ամբողջ օր ու գիշեր մնում է այնտեղ, այնպես որ նրան տեսնողները միմյանց հարցնում են. «Մի՞թե Սավուղն էլ մարգարե է» (ԽԲ հարցի մեջ հիշատակվածի համաձայն` նախկինում էլ էին սույն հարցը տվել):
Ահա այսպես, Սավուղը, որը Դավթին գտնելու և սպանելու միակ բաղձանքով էր այնտեղ գտնվում, ամբողջովին իրեն կորցնելով, խառը և խելագար մի վիճակի է մատնվում:
Վերոհիշյալ՝ մարգարեություն անող ուսանողների մասին կարծիք կա, որ սրանք, վարժարանում գիտելիք ստանալով, ամեն մեկը մի-մի հայտնությամբ Աստծու անունը, փառքն ու տերությունն էին գովաբանում և հայտնում: Երբեմն էլ, ի վերուստ ներշնչված, ճշմարիտ մարգարեի նման ապագա իրադարձություններն էին գուշակում, և այս է պատճառը, որ Սուրբ գիրքը հաճախ մարգարեների որդիներ անվամբ է հիշատակում նրանց:
Սակայն Դավթին կալանավորելու գնացողներն և Սավուղը, գիտելիք չունենալով, միայն աստվածային ներշնչմամբ են մարգարեանում, և սրանց` իրենց գալու նպատակը մոռանալը Դավթի անմեղության նշանն ու ապացույցն է: Ուստի Սավուղի այդ խառը վիճակից օգտվելով` այնտեղից խույս է տալիս և Գաբաա գնալով` Հովնաթանին ասում. «Ես ի՞նչ չարիք եմ գործել, որ հայրդ ցանկանում է ինձ սպանել»: Հովնաթանը նրան քաջալերելու համար պատասխանում է. «Մի´ վախեցիր հայրս առանց ինձ տեղեկացնելու ոչինչ չի անում», սակայն Դավիթը այս խոսքից իրեն ապահով չի զգում, այլ, ընդհակառակը, հաստատվում է, որ Սավուղը, իմանալով Հովնաթանի նվիրվածության մասին, առանց նրա հետ խորհրդակցելու կարող է հետամուտ լինել` իրեն սպանելու, ինչպես փորձն էր ցույց տալիս:
Հովնաթանը, որ Դավթին շատ հավատարիմ էր և նրա փրկությունն էր ցանկանում, հայտնում է, որ պատրաստ է կատարել, ինչ նա խնդրի: Այն ժամանակ Դավիթն առաջարկում է. «Վաղը ամսագլուխ է, ես Սավուղի հետ սեղան նստելու փոխարեն երեք օր արտի մեջ կթաքնվեմ, և երբ ինձ հարցնի, ասա´` զոհ մատուցելու համար Բեթղեհեմ է գնացել: Եթե հավանություն տա, ուրեմն խաղաղություն է ծառայիդ համար, եթե դժգոհելով բարկանա, այն ժամանակ իմացի´ր, որ իմ հանդեպ չարիք է նյութում, արդ, եթե ծառայիդ վրա հանցանք ես գտնում սպանի՛ր և հորդ մոտ մի´ տար»:
Արդարև, Հովնաթանը, Դավթի՝ մահու չափ վտանգի ենթակա լինելու պատճառով խիստ տխրելով, երդումով խոստանում է իմանալ հոր միտքը և նրան տեղեկացնել: Սրա համար, ըստ Դավթի խնդրանքի, քաղաքից դուրս` մի արտում, տեղ են որոշում, որտեղ Դավիթը թաքնվելու էր, մինչև նրան տեղեկություն բերեին:
Այս գաղտնիքը ոչ մեկին չասելու համար որոշում են հայտնելիք լուրը մի նշանով տեղեկացնել. այն է` Հովնաթանը այդտեղ պիտի գա մի պատանու հետ և նետ արձակի: Եթե Պատանին արձակված նետը վերցնելու ժամանակ ասի, որ նետը նրա այդ կողմում է, Դավիթն առանց վախենալու կարող է դուրս գալ, իսկ եթե ասի` նետը նրա մյուս կողմում է, այն ժամանակ Դավիթն առանց սպասելու պիտի խույս տա:
Բացի սրանից` Հովնաթանը, իմանալով, որ Դավիթը մի օր թագավոր պիտի դառնա, շատ է ուրախանում և խնդրում է, որ այդ ժամանակ շնորհ անի և իրեն չմոռանա, իսկ եթե այն ժամանակ ինքը մահացած լինի, իր զավակներին չմոռանա, նրանցից նրա խնամքը անպակաս դարձնելու համար երդվել է տալիս Դավթին:
Այս պարագայում հայտնի է դառնում նրանց միմյանց հանդեպ ունեցած հավատարմությունը, ինչպես նաև կատարյալ վստահությունը: Քանի որ ինչպես Դավիթը, սիրտը Հովնաթանի մոտ բացելով, իր փրկության համար նրանից խորհուրդ և տեղեկություն ստանալ է ցանկանում, նույնպես և Հովնաթանն ամենայն վստահությամբ իրեն և իր զավակներին Դավթի խնամքին և պաշտպանությանն է հանձնում:
Սրանից հետո Դավիթը, ինչպես որ համաձայնեցրել էր Հովնաթանի հետ, գնում է Բեթղեհեմ և որոշված ժամին գալով դաշտ` թաքնվում է մի քարի մոտ, որպեսզի սպասված լուրը Հովնաթանից ստանա:
Ավելորդ է ասել` Սավուղը, որ մի խելագարի նման Նավաթ-Հռամայում մերկ պառկած էր, միառժամանակ հետո սթափվելով, առանց իր նպատակին հասնելու ձեռնունայն Գաբաա է վերադառնում: Հաջորդ օրն ամսամուտ էր. սովորության համաձայն` Հովնաթանի, Աբենների և այլ հազարապետերի հետ սեղան է նստում` հաց ուտելու, ու թեև Դավթի տեղը դատարկ էր, սակայն այդ օրը Սավուղը ձայն չի հանում:
Երկրորդ օրը, երբ նշմարում է Դավթի բացակայությունը, Հովնաթանին հարցնում է, թե ինչու Հեսսեի որդին այդ օրը իրենց հետ սեղան չի նստել, և Հովնաթանը շտապում է պատասխանելու, որ Դավիթն իր եղբայրների և ազգատոհմի հետ զոհ մատուցելու համար Բեթղեհեմ գնալու հրաման է վերցրել իրենից: Սավուղը սա լսելուն պես, սաստիկ զայրանալով, սկսում է հայհոյել և վճռականորեն ասում է. «Քանի որ Հեսսեի որդին կենդանի է, քո թագավորությունդ չի կարող հաստատուն մնալ, հիմա մա´րդ ուղարկիր, բռնե´լ տուր նրան, քանի որ նա մահվան է արժանի»:
Մտապահի՛ր. Սավուղն այնքան էր թշնամացել Դավթին, որ նույնիսկ նրա անունը չցանկանալով հիշել` նրան Հեսսեի որդի է անվանում: Իրոք, Սավուղի այսպիսի անիրավ վարմունքի պատճառով Հովնաթանի սիրտը խորապես խոցվում է, սակայն և՛ հորը մեղանչելուց հեռու պահելու, և՛ Դավթին ազատելու համար գովելի եռանդով հարցնում է. «Ինչո՞ւ մահանա, ի՞նչ է արել»:
Այս խոսքերից Սավուղը, նորից բարկանալով, վերցնում է գեղարդը, որ Հովնաթանին հարվածելով սպանի, սակայն սա, իսկույն բարկանալով, հեռանում է և այնքան է վշտանում, որ այդ օրը կերակուր չի ճաշակում: Առավոտյան իր հետ վերցնելով մի պատանու` Դավթի թաքնված վայրն է գնում և ըստ վերոհիշյալ պայմանավորվածության՝ սկսում է նետեր արձակել: Պատանու` արձակված նետերը հավաքելու ժամանակ Հովնաթանը նրա հետևից բարձրաձայն գոչում է. «Նետը քո այն կողմում է, շտապի´ր, արագացրո´ւ և բնավ մի´ կանգնիր»:
Դավիթը, որ այնտեղ էր, այս խոսքը լսելով, հասկանում է, որ պետք է հեռանա, քանի որ հայտնի է դարձել, որ Սավուղը իր չարությամբ անդրդվելի է և համառ: Երբ պատանին, որը գործին տեղյակ չէր, Հովնաթանի հրամանով քաղաք է վերադառնում, Դավիթը թաքստոցից դուրս է գալիս և շնորհակալությամբ երեք անգամ խոնարհվում է Հովնաթանի առջև, և արտասվալից իրար եղբայրական համբույր են տալիս: Հովնաթանը, ինչպես նախապես Դավթին խնդրել էր, որ միշտ միմյանց հանդեպ սիրով մնան, այս անգամ էլ է նույնը հաստատում և Աստծուն վկայակոչելով` ասում, որ գնա խաղաղությամբ, և Տերը թող նրա հետ լինի: Դավիթը Սավուղի ձեռքից ազատվելու համար փախչում է, և Հովնաթանն էլ Գաբաա է վերադառնում: