Սավուղի «մեղա՜» ասելուց հետո Դավիթը նորից բնակվո՞ւմ է նրա երկրում:

Ո՛չ, չի բնակվում: Քանի որ ճիշտ չէ փորձածը վերստին փորձել: Ցանկանում է հեթանոսների երկիրը գնալ և զերծ մնալ Սավուղի հալածանքներից: Հիրավի, (տե՛ս հարց ԻԱ) Դավիթը չորս հարյուր մարդ ուներ, բայց հետո երկու հարյուր քաջ, մարտնչող և առյուծասիրտ մարդիկ ևս գալով՝ նրանց թիվը հասնում է վեց հարյուրի, ինչպես  հայտնի է (Ա Մնացորդաց ԺԲ):

Սակայն Սավուղի վարքին նայելով՝ իսրայելացիների երկրում հնարավոր չէր անվտանգ լինել, ուստի վերոհիշյալ վեց հարյուր մարդիկ,  ընտանիքներն ու ինչքը վերցրած, գնում են Գեթա՝ Անքուս թագավորի մոտ, ուր  մի անգամ արդեն գնացել էին: Կռապաշտների վերոհիշյալ թագավորը և Սավուղը մշտապես թշնամի էին: Սավուղն այլևս չէր կարող Դավթին վնաս հասցնել, ուստի Սավուղը դադարում է հալածել Դավթին:

Անքուս թագավորը, Դավթին այս անգամ շատ հավանելով, ցանկանում է իր թագավորանիստ քաղաքում մի վայր հատկացնել և նրան պատվով պահել, սակայն Դավիթը, պատճառաբանելով, որ իրեն պատշաճ չէ թագավորի գտնվելու վայրում նստել, խնդրում է, որ իրեն մի այլ վայր շնորհի, որտեղ իր ողջ ունեցածով գնա և բնակվի:

Նա էլ, որպեսզի Դավիթը իր իշխանության ներքո մնա և իսրայելացիների երկիր չգնա, Սիկիլակ քաղաքը, որպես կալվածք, նրան է տալիս, որն արդեն իսկ պատկանում էր իսրայելացիներին, սակայն կռապաշտներն այն գրավել էին, և որտեղ դարձյալ իսրայելացիներ էին ապրում: Թեև Դավիթը Սիկիլակում էր բնակվում, սակայն ժամանակ առ ժամանակ հայրենասիրությունից մղված գնում էր քաղաքներից և անապատներից հեռու տեղեր, որտեղ հեթանոսներից կամ կռապաշտներից շատերին կոտորելով և կողոպտելով վերադառնում  էր:

Թեպետ Դավթի գնացած վայրերը Անքուսի իշխանության ներքո չէին, այլ ուրիշ օտար ցեղերի վրա էր հարձակվում, սակայն նրանք ևս կռապաշտ էին, ուստի, երբ հիշյալ թագավորը հարցնում էր, թե այդ օրը որ կողմ են գնացել, Դավիթը, որպեսզի նրա սիրտը չցավեցնի, անորոշ պատասխանում էր.  «Այսօր իսրայելացիների հարավային կողմերն էինք գնացել»:

Արդարև, քանի որ նրա գնացած վայրերը իսրայելացիների հարավային կողմերում էին, Անքուսը չի իմանում, որ կռապաշտներին է կոտորում և կողոպտում, որովհետև կատարելապես  վստահում է Դավթին:

Այդ օրերին բոլոր կռապաշտները միավորվելով իսրայելացիների դեմ պատերազմի են դուրս գալիս և Ափեկ կոչվող վայրում բանակ դնում: Անքուսը ցանկանում է Դավթին էլ  հետը պատերազմ տանել, թեև Դավիթն առերես նրա հետ գնալու ցանկություն է հայտնում, սակայն ներքուստ` մեծապես սրտատանջվում, քանի որ եթե չգնա, թագավորի միտքն իր հանդեպ պիտի պղտորվի և այլևս չպիտի վստահի իրեն, իսկ եթե պատերազմ գնա, բացահայտորեն իր ազգին պիտի դավաճանի, այսպիսով, երկու սրի արանքում մնալով՝ խիստ նեղվում է:

Վերջապես ելքը Աստծու կամքին թողնելով՝ Անքուսի հետ կռապաշտների հավաքված վայրն է  գնում, որտեղ այլ ցեղերի մեծամեծներ, նրան տեսնելով, հարցնում են, թե ով է: Անքուս թագավորը, նրա ով լինելը և երկար ժամանակ իր մոտ մնալը հայտնելով, ավելացնում է, որ նրանից որևէ վատ արարք չի տեսել: Սակայն նրանք, դրան հավանություն չտալով, ասում են. «Նրան հե՛տ դարձրու, որպեսզի մեզ հետ պատերազմի չգնա»: Քանի որ վախենում էին, որ Սավուղին հաճոյանալու համար, գուցե իրենց հանդեպ թշնամություն անի, մանավանդ իրենց երկյուղը հայտնելով՝ հարցնում են. «Սա այն Դավիթը չէ՞, որի մասին իսրայելացիները երգում էին, թե Սավուղը հազար կոտորեց, Դավիթը՝ տասը հազար»:

Հիրավի, թեպետ Անքուսը Դավթից մատնություն չէր սպասում, սակայն նրա պատճառով ուրիշներին ընդդիմանալ չցանկանալով՝ մեղմ խոսքերով Դավթին ասում է. «Դու արդար և հաճելի ես ինձ համար, բայց քանի որ նրանք քո գալը չեն ցանկանում, խաղաղությամբ վերադարձի´ր քո տեղը»: Թեև Դավիթը, այս խոսքերը լսելով, սրտանց ուրախանում է, սակայն նա այլ տպավորություն չթողնելու և կասկած չհարուցելու համար չի ցանկանում վերադառնալ:

Անքուսը նորից է խոսում՝ ասելով. «Դու իմ առջև Աստծու հրեշտակի նման ես, սակայն քանի որ նրանք ասացին, որ մեզ հետ չգնաս պատերազմելու, ուրեմն վերցրո´ւ քո մարդկանց և շո´ւտ վերադարձիր»: Այն ժամանակ Դավիթը, Աստծուց շնորհակալ լինելով, մեծ ուրախությամբ վերադառնում է: Սակայն այս ուրախությունը, երկար չտևելով, տրտմության է վերածվում, քանի որ երրորդ օրը, երբ Սիկիլակ է հասնում, տեսնում է, որ թշնամին վերադառնալով ոչ միայն կողոպտել է, այլև այրել և ավերելուց հետո այնտեղի բոլոր մարդկանց գերեվարել:

Այս դեպքի պատճառով Դավիթն ու իր զորքը այնքան են ցավում և արտասվում, որ  այլևս ուժ և զորություն չեն ունենում: Թեև Դավիթը բոլորից ավելի էր վշտահար, սակայն զորքը, իրենց սրտերի կսկիծներից բորբոքված, ցանկանում է նրան քարկոծել՝ ասելով. «Ինչո՞ւ չհոգացիր քաղաքի ապահովության մասին»: Իսկ Դավիթը, ինչպես միշտ, այդպես էլ այս անգամ իր հավատով զորացած (Ա Թագ. 30:6), Աբիաթար քահանայի ձեռքով Աստծուն հարցնելուց հետո նրա հրամանով որոշում է հետապնդել թշնամուն:

Եվ քանի որ վեց հարյուր մարդ ուներ, երկու հարյուրին թողնում է, որ գույքն ու պաշարը պահպանեն, մանավանդ որ նրանք, խիստ հոգնած լինելով, քայլելու ունակ չէին, ուստի մնացածի հետ ճանապարհ է ընկնում և առաջին իջևանի մեջ մի եգիպտացու է գտնում, որը, երեք օրից ավելի քաղցած և ծարավ լինելով, կիսամահ տառապում էր:

Այս մարդուն գթալով՝ ուտելիք և ջուր տալուց հետո Դավիթը հարցնում է, թե ով է: Սա խոստովանում է, որ Սիկիլակը իրենք կողոպտել են, և ինքը, ամաղեկացի մի մարդու ծառա լինելով, իր տիրոջ հետ էր եկել, սակայն խիստ հոգնած լինելով, անկարող քայլելու՝ տերը ճամփի կեսին թողել, լքել է իրեն: Դավիթը պահանջում է, որ իրեն հայտնի ասպատակների տեղը, մարդը համաձայնում է մի պայմանով, որ երդվի իրեն չսպանել և տիրոջն էլ չհանձնել. Դավիթը երդվում է:

Այդ պահին Մանասեի ցեղից չորս քաջարի և հզոր մարդիկ են գալիս Դավթի մոտ, որոնք նաև հազարապետեր էին, և Սավուղից բաժանվելով՝ իրենց ընկերների հետ են գալիս, որոնց Դավիթը սիրով ընդունում է, և առանց ժամանակ կորցնելու շարժվում են թշնամի ասպատակների գտնվելու վայրը: Այնտեղ տեսնում են, որ բոլորը անվախ, անհոգ և ցրված, ուրախությամբ ուտելով և խմելով են զբաղված: Դավիթն իսկույն հարձակվում է և սկսում կոտորել նրանց:

Այդ օրը՝ առավոտից մինչ երեկո, և մինչև հաջորդ օրն ամենայն հաջողությամբ պատերազմում է, այնպես որ թշնամուց միայն չորս հարյուր հոգու է հաջողվում՝ իրենց ուղտերին նստելով խույս տալ, իսկ մնացածին կոտորելով, ամեն ինչ, ինչ Սիկիլակից կողոպտել և հափշտակել էին, նաև հիշյալ քաղաքներից հափշտակած կողոպուտն ու ավարը, որ պատրաստ նրանց մոտ էին, նույնպես հետ է վերցնում, ինչպես նաև բոլոր գերիներին լիովին ազատում: Դավթի՝ նրանց և իրենց անասունների հոտերը առջևը գցած և սրտի գոհունակությամբ վերադարձի ժամանակ ժողովուրդն անապատում, ցնծությամբ «այս ավարը Դավթինն է» ասելով,  սրտանց նրան փառքերի փառքին է բարձրացնում (Ա Թագ. 30:20):

Վերադարձին մի քանի շահամոլ անձինք չեն ցանկանում ավարից բաժին հանել վերոհիշյալ այն երկու հարյուր զորքին, որ Դավթի հրամանով պահապանում էր նրանց գույքը և պաշարները, սակայն նրանց բաժին տալը օրինավոր լինելով՝ Դավիթը հրամայում է չթերանալ այս եղբայրական պարտականությունը կատարելիս, և ստիպում է բոլորին բաժին հանել,  և  այն ժամանակից սկսված` Իսրայելի ժողովրդի և զորքի միջև այս պայմանն ու սովորությունը անդրժելիորեն և նվիրականորեն միշտ հաստատուն են մնում:

Դավիթը նույնպես հաջողությամբ Սիկիլակ վերադառնալուց հետո բերված ավարից առատությամբ, իբրև սիրո և աղոթքի արժանի լինելու նշան, ուղարկում է իր այն բարեկամներին, որոնք այլ քաղաքներում էին բնակվում, որպեսզի այդ ընծաներով իր բացակա սիրելիներն էլ ուրախացնի, և նրանք աղոթեն իր հաջողության համար:

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․