Ամոնացիների դեմ պատերազմող Հովաբն իր զորքով ինչքա՞ն ժամանակ է այնտեղ մնում:

Մոտավորապես մեկ տարի: Քանի որ երբ Հովաբը ավերում է ամոնացիների երկիրը (տե՛ս Լ հարցը), նրանց թագավորը զորքով ապաստանում է Ռաբաթ քաղաքում: Այս քաղաքը շատ ամուր լինելուց բացի` անթիվ զորք և առատ ջուր ուներ. այնպես որ, շրջափակված լինելով  ջրով լի խրամով,  շատ դժվար էր այն գրավել: Ինչպես նաև Սուրբ գիրքն է ջրերի քաղաք անունով կոչում այն, որի պատճառով էլ Հովաբը հարկադրված է լինում այդքան երկար ժամանակ մնալու այնտեղ (Բ Թագ. 12:27, 28):

Սակայն երբ նա, օրըստօրե քաղաքի պարսպին ավելի մոտենալով, պաշարում է գրավելիք կենտրոնը, Դավթին լուր է ուղարկում, որ անձամբ գա, որպեսզի քաղաքը գրավելու փառքն ու պատիվը Դավթինը լինեն: Այն ժամանակ Դավիթը բազմահազարանոց զորքով անձամբ գնալով, տիրում է քաղաքին և վերցնում քաղաքի թագավորի ոսկյա և գոհարազարդ թագը: Սրանից բացի, բազում ավար և կողոպուտ ձեռք գցելուց զատ, նրա բնակիչներին մի ընդարձակ կալատեղում պառկեցնելով` երկաթյա քերիչներով և սղոցներով չարաչար տանջանքներով սպանում է: Դավիթն այս ձևով պատժում է ամոնացիների քաղաքների ամբարիշտ բնակիչներին և ապա ուրախությամբ և հաղթական բանակով վերադառնում Երուսաղեմ:

Արդ, մի՛ կարծիր, որ Դավիթը այս պարագայում  անիրավություն կամ էլ անգթություն է գործում: Իրոք, հիշյալ պատիժը անսովոր երևույթ էր, սակայն նրանք նույնպես Դավթի մարդկանց ոչ սովորական անարգանք հասցնելուց բացի` նրա դեմ էին գրգռել նաև Ասորեստանը և հարձակման հրահրել, որի համար էլ հարկ էր սաստկագույն պատժով կորստյան մատնելու այդ անզգամներին, որպեսզի ուրիշները խրատվելով այդպիսի ապօրեն և անարդար վարմունքից հեռու մնան:

Թեև Դավիթը, թշնամուն պատժելով, ուրախանում է, սակայն մարմնական ուրախությունը մարդու համար երբեք տևական չէ, ուստի նրա ուրախությունը տրտմության է փոխվում  իր անդրանիկ որդի Ամոնի մի չար արաքի պատճառով:

Որովհետև հիշյալ արքայորդի Ամոնը, սիրահարվում է Աբիսողոմի` Թամար անունով գեղեցկուհի քրոջը, սակայն հասկանալով, որ այսպիսի չար և անարժան արարքը հայտնապես իր հանդեպ բոլորի զզվանքն է հարուցելու, չի համարձակվում իր պիղծ նպատակն իրագործել, և զգալիորեն հալվում ու մաշվում է:

Նաև այս տխուր դրությունը տեսնելով` Դավթի եղբորորդի Հոնադաբը, որը նրա ընկերն   ու անչափ գիտուն մեկն էր, պատճառը հարցնելուց հետո իրողությանը տեղեկանալով` նրան մի չար խորհուրդ է տալիս` ասելով. «Հիվա՛նդ ձևացիր, երբ հայրդ քեզ այցելության գա, խնդրի´ր, որ Թամարին քեզ մոտ ուղարկի,  որպեսզի կերակուր պատրաստելով` կերակրի քեզ»: Սույն վատ խորհուրդը Ամոնին հաճելի է թվում:

Արդարև, ըստ սույն խորհրդի` հիվանդ ձևանալով, երբ Դավիթը լսում է և Ամոնին տեսության գալիս, նրանից աղաչանքներով խնդրում է, որ Թամարին իր մոտ ուղարկի: Նա էլ Թամարին լուր է ուղարկում, որ կերակուր պատրաստելու համար հիվանդ եղբոր տուն գնա: Աղջիկը գալով, նրա ցանկությամբ և նրա ներկայությամբ կերակուր է պատրաստում, սակայն Ամոնը չի ցանկանում ուտել, և իր մոտ գտնվող մարդկանց դուրս հանելով` Թամարին խնդրում է, որ կերակուրը  ներքին սենյակ տանի, և աղջիկն այն տանելով` անամոթ Ամոնը ձեռնարկում է իրագործել իր պիղծ մտադրությունը:

Սակայն Թամարը, որ  պարկեշտ և կույս աղջիկ էր, սկսում է աղաչել, որ իր հանդեպ  այդպիսի չար արարք չգործի, սակայն անօգուտ. բռնությամբ իր կամքը կատարելուց հետո նրա սերն իսկույն ատելության է փոխվում, այնպես որ իսկույն անարգանքով նրան տանից հանել է տալիս, քանի որ այդպիսի անպարկեշտ և ապօրինի սիրո վախճանը սովորաբար այդպիսի թշնամության է հանգում:

Հասկացի´ր. Ամոն արքայորդին, նախապես ապօրինաբար սիրահարվելով, և ինչքան էլ հանցանքը ծանր էր, բայց երբ իր չար կիրքը հագեցնելուց հետո աղջկան տանից դուրս է վռնդում, նրա հանցանքն ու չարությունը, առավել ևս սաստկանալով, ծանրանում են։ Ինչպես որ պարկեշտ Թամարը, թեև իր կուսությունը կորցնելու համար սաստիկ ցավ է զգում, սակայն Ամոնի տանից անարգանքով վռնդվելու համար առավել ևս սգալով, չափազանց մեծ կսկիծով և գլխին մոխիր ցանելով, իր կուսության նշան համարվող ծաղկանախշ հանդերձը պատռում է, և երկու ձեռքը գլխին դրած, մահվան չափ տխուր-տրտում և արտասվելով` Աբիսողոմի տուն է գնում:

Աբրսողոմը եղելությունն իմանալու պես քրոջը պատվիրում է, որ ոչ մեկին չպատմի: Իրոք, նա սրա համար Ամոնի դեմ անչափ բարկանում է, սակայն մտածելով, որ Դավիթը անպատճառ կպատժի նրան, ինքն ընդհանրապես ձայն չի հանում: Այո՛, Դավիթը, լսելով Ամոնի արած չարության մասին, խիստ բարկանում է, սակայն նրա սիրտը չվշտացնելու համար նույնիսկ չի հանդիմանում, քանի որ որպես անդրանիկ որդի, բնականաբար, շատ էր սիրում նրան: Երբ երեք տարի անցնելուց հետո Աբիսողոմը տեսնում է, որ Դավիթը ներողամիտ է, մտադրվում է պատեհ ժամանակ Ամոնին սպանել:

Որոշ ժամանակ անց Աբիսողոմը ոչխարները խուզելու պիտի գնար, և Դավթին խնջույքի է հրավիրում: Երբ սա հրաժարվում է, Աբիսողոմը խնդրում է, որ եթե նա չի գալու, գոնե իր եղբայր Ամոնը գա: Թեև Դավիթը սրան էլ համաձայն չէր, սակայն շատ պնդելուց հետո Ամոնին և մյուս արքայորդիներին ուղարկում է: Աբիսողոմը թագավորական ընթրիք է պատրաստում նրանց համար, և արդեն իսկ իր ծառաներին պատվիրել էր, որ երբ խնջույքին Ամոնը զվարթանա, հարվածեն և սպանեն նրան, որն էլ ծառաները իսկույն կատարում են: Այս տխուր և արյունահեղ տեսարանից հուզված` մյուս արքայորդիները, իսկույն հեծնելով իրենց ջորիները, աճապարանքով սկսում են փախչել:

Երբ Դավիթը ստանում է սույն աղետալի միջադեպի լուրը, կարծելով, որ բոլոր արքայորդիներն են մեռել, իսկույն հանդերձը պատռելով` գետնին է ընկնում,  նաև նրա բոլոր ծառաներն են պատռում իրենց հանդերձները: Սակայն վերոհիշյալ Հոնադաբը, որը գործին սկզբից իսկ տեղյակ էր, շտապում է հայտնելու, որ միայն Ամոնն է մեռել, և ահա  նույն ժամանակ Դավթի մյուս որդիները գալով  բարձրաձայն արտասվում են: Դավիթը  և նրա բոլոր պալատականները անչափ շատ են արտասվում: Աբիսողոմը ապաստանում է Հորդանան գետի մյուս ափին գտնվող Գեսուրի թագավոր Թողմելեմի մոտ, որն իր մոր հայրն էր:

Հիրավի, Ամոնի հանդեպ Աբիսողոմի բարկությունը հայտնի էր, սակայն նա ամբողջ երեք տարի խիստ զգուշանում էր թշնամանքի որևէ արարքից, և կարծում էին, որ նրա զայրույթն անցել է: Այդ է պատճառը, որ Դավիթն Ամոնին վստահորեն խնջույքի է ուղարկում. Ամոնն էլ, ճիշտ նույն կարծիքն ունենալով, առանց զգուշավորության և աներկյուղ  գնում է:

Սակայն Աբիսողոմի բարկությունը այդ ժամանակահատվածում ոչ միայն չի նվազում, այլև Թամարի ամենօրյա լացն ու ողբը տեսնելով` ավելի է սաստկանում և բորբոքվում: Մանավանդ Ամոնի արարքը անչափ ծանր և զզվելի լինելով` Դավիթը մինչև իսկ չի ցանկանում հանդիմանել նրան, և Ամոնն էլ զղջալու փոխարեն, իբրև անմեղ, համարձակ շրջում է:

Արդարև, եթե Դավիթը մեծ կամ փոքր որևէ պատիժ կարգադրեր Ամոնի այդ անզգամ վարքի և արարքի համար, թերևս Աբիսողոմը նրա կյանքի հանդեպ ոտնձգության չաներ: Քանի որ եթե դատավորը  չի շտապում՝ ըստ օրենքի  պատժելու այն մարդուն, որը ուրիշին վնաս է հասցնում և վտանգավոր է, տուժածը պատեհ և հարմար առիթ գտնելուն պես ինքն է շտապում՝ իր կրած զրկանքների և կորստյան համար վրեժխնդիր լինելու իր հակառակորդից:

Դու Աստծու արդարությո´ւնը տես. այսպիսով, ոչ միայն Ամոնն է  ստանում իրեն արժանի պատիժը, այլև (Լ հարցի մեջ հիշատակված վճռին համապատասխան) սուրը, հենց Դավթի տանից դուրս գալով, սպանում է նրա որդուն, որով էլ կատարվում է Նաթան մարգարեի կանխասացությունը, և Դավիթը դառնորեն արտասվում է: Մի´ մտածիր, թե այդչափ լացով վճռված պատիժը լիովին կատարվում է, այլ նա մի օր էլ նույն Աբիսողոմի համար է ողբալու  և արտասվելու:

Խրա´տ ընդունիր Ամոնի թշվառ վիճակից և մի՛ հետևիր կրքերիդ. եթե ցանկության հուրը սիրտդ ընկնի, առիթից փախի´ր, որ չայրվես: Նամանավանդ մտքիցդ մի՛ հանիր Աստծու երկյուղը և մարդկային ամոթը: Շնանալու մեղքի ցանկությունը միառժամանակ հաճելի է թվում, սակայն դրան հետևող անարգությա´ն և վնասների´ մասին խորհիր, քանի որ մարմնի հաճույքը շուտ է անցնում, իսկ զղջումն ու պատիժը հավիտենական են:

Երբեք մի՛ լսիր այն մարդուն, որ քեզ չար խորհուրդ է տալիս. եթե այնպիսի մեկը նույնիսկ բարեկամ լինի, դու նրան թշնամի´ համարիր, եթե գիտուն է, հիմա´ր համարիր, քանի որ ճշմարիտ բարեկամ և իմաստուն մարդը նա է, ով իր բարեկամին հեռու է պահում հանցանքից, ինչպես վերոհիշյալ Հոնաթաբը, թեև Ամոնի բարեկամն էր և գիտուն մեկը (Բ Թագ. 13:3), սակայն նրան մեղք գործելուց զգուշացնելու փոխարեն, ընդհակառակը, նրան մեղանչելու գրգռելով` թշնամություն և հիմարություն է գործում, ասես կրակի վրա յուղ է լցնում:

Արդարև, Ամոնը երկար ժամանակ էր մտորում այդ չար դիտավորության մասին, սակայն ինչ-ինչ նկատառումներով չէր համարձակվում իրագործելու այն, ուստի երբ հիշյալ անձի սադրանքով նենգության դաս է ստանում, իրականացնում է մտադրված չարությունը, և հաստատում է բոլորին վերաբերող առածը՝ մարդն իր ընկերոջից է հրահրվում: Հոնադաբը, խելացի լինելով, կարող էր հավատարմությամբ խրատել և արգելել Ամոնին` չարություն գործելու, սակայն սրտում Աստծու երկյուղը չլինելու պատճառով  ընկերոջը չար խրատ  է տալիս և մահվան պատճառ դառնում:

Այսպիսի գիտունը ոչ միայն իրեն է վնասում, այլև իր ընկերոջը: Եթե գիտելիքը լծորդված չէ առաքինությանը, մարդու համար մեծ վտանգ է: Ճշմարտապես գիտունը նա է, ով, Աստծու երկյուղը ոչ մի վայրկյան սրտից չհանելով, բոլորի համար առաքինության օրինակ է: Այն մարդը, որն իր գիտությունը, միայն աշխարհիկ գործերում գործադրելով, հոգևոր շավիղներից հեռու է մնում, նմանվում է ջորու, որը գրքերով է բեռնավորված (ըստ առածի` գիտուն մոլագարը ջորի է` գրքերով բարձված):


 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․