6 Հոկտեմբեր, Կիր
Երեք տարի, մինչև Դավթի բարկությունը մեղմանում է: Թեպետ Դավիթը խիստ զայրացած էր Աբիսողոմի վրա, սակայն միգուցե Ամոնին ողբալու ժամանակ նրան էլ հարկադրված լինի ողբալու պատճառաբանությամբ, նրան պատժելու ձեռնամուխ չի լինում, և երեք տարի հետո, երբ Հովաբը տեսնում է, որ նրա բարկությունը մեղմացել է, որպեսզի նրան հաճելի երևա, փափագում է Աբիսողոմին մի հնարով Երուսաղեմ բերել:
Սակայն չհամարձակվելով ուղղակի Դավթին դիմելու և հրաման ստանալու` մի իմաստուն կին է ուղարկում, որպեսզի նրա միջոցով անհրաժեշտ արտոնությունը ստանա: Միաժամանակ կնոջը հրահանգում է, թե ինչպես պետք է համոզի թագավորին: Հիշյալ կինը, որպես վշտակիր արտասվելով, սգո հանդերձներով Դավթի մոտ է գնում և գետնամած աղաղակում է. «Փրկի՛ր ինձ, ո՜վ արքա, երկու որդի ունեի, դաշտում իրար հետ վիճելով` մեկը սպանեց մյուսին, այժմ ժողովուրդn ասում է. «Մե´զ տուր մյուսին, որ մահացածի փոխարեն սպանենք նրան»»: Դավիթը, նրա ողբին և աղաղակին նայելով, ասում է. «Տո՛ւն վերադարձիր, ես անհրաժեշտ կարգադրությունը կանեմ», և երբ կինն իր որդուն չսպանելու համար կրկին աղաչում է, Դավիթը երդվում է, որ նրա որդու մազին անգամ չեն դիպչի: Այս երդման պահին հիշյալ կինն ասում է, որ Աբիսողոմի համար է իր աղաչանքը:
Այն ժամանակ Դավիթը հարցնում է, թե արդյոք Հովաբն է ուղարկել նրան, և երբ դրական պատասխան է ստանում, կանչում է Հովաբին և ասում. «Խնդրանքդ ընդունեցի, գնա՛, բե՛ր Աբիսողոմին»: Հովաբը շնորհակալությամբ մեկնում է և գնալով Գեսուր` բերում Աբիսողոմին, որին Դավիթն առանց իր մոտ ընդունելու հրամայում է գնալ և իր տանը մնալ:
Այո՛, Դավիթը Աբիսողոմին Երուսաղեմ է վերադարձնում, սակայն, որպես խրատելու միջոց, միառժամանակ չի ցանկանում տեսնել նրան: Իսկ երբ Աբիսողոմը ցանկանում է տանից դուրս գալ և համարձակ շրջել, կանչում է Հովաբին, որպեսզի նրա միջոցով հորից հրաման ստանա, սակայն նա մերժում է գալ, ուստի Աբիսողոմը, որպեսզի ստիպի, ծառաներին հրամայում է այրել նրա գարու արտերը:
Արդարև, Հովաբը Աբիսողոմի տուն է գնում` գանգատվելու, թե ինչու են նրա ծառաները այրել իր արտը: Աբիսողոմը, ձևացնելով, որ բնավ տեղյակ չէ հիշյալ դեպքին, պատասխանում է. «Քեզ թագավորի մոտ ուղարկելու համար կանչեցի, եթե թագավորի դեմքը չպիտի տեսնեմ, ինչո՞ւ Գեսուրից եկա, ավելի լավ էր` այնտեղ մնայի, եթե որևէ հանցանք ունեմ, սպանի՛ր ինձ»:
Հովաբը ստիպված է լինում նրա աղաչանքը թագավորին հայտնելու, որը, արդեն իսկ նրա հանդեպ սեր ունենալով, իսկույն հրամայում է իր մոտ՝ արքունիք բերել: Աբիսողոմը գալով խոնարհությամբ և ամենամեծ հարգանքով ողջունում է իր թագավոր հորը, և նա էլ, ներելով նրա հանցանքը, գորովանքով համբուրում է նրան և արտոնում նախկինի պես իբրև արքայորդի արքունիք հաճախել: