Սողոմոնը միշտ հնազանդվո՞ւմ է Աստծու հրամանին:

Ո՛չ, չի հնազանդվում: Որովհետև ինչպես փարավոնի աղջկան էր կնության վերցրել, նմանապես այլ հեթանոս թագավորների հետ խնամիանալով` իր կռապաշտ կանանց այնքան էր սիրում, որ ծեր հասակում, անսալով նրանց` թույլ է տալիս կուռքերի համար տներ կառուցել, դրանք պաշտել, և այսպիսով, Աստծուն անհնազանդ է լինում: Ճշմարիտ է` Սողոմոնը չէր հավատում կուռքերի, սակայն իր կանանց սիրտը չկոտրելու համար ծնրադրելով կուռքերի առջև` մեծապես մեղանչում է Աստծու օրենքների սրբության, արդարության և ճշմարտության հանդեպ:

Ուստի Աստված բարկանալով  ուղղակի հայտարարում է. «Դու, կանանցդ համակրելով, Իմ հրամանները չես պահում. թագավորությունդ վերցնելով` ծառայիդ պիտի տամ»: Սակայն որքան էլ Աստված կամենում էր Սողոմոնի թագավորությունը նրա ծառային տալ, հանուն Դավթի սիրո` նրա օրոք սպառնալիք չի գործադրում, այլ Սողոմոնի որդի Ռոբովամի օրոք է կատարում: Նույն ձևով և՛ ի պատիվ Դավթի, և՛ Երուսաղեմը ընտրելու և Իր անվանը հատկացնելու համար ամբողջ թագավորությունը չի ջնջում, այլ կամենում է մի մասը նրա որդուն թողնել (Գ Թագ. 11:13):

Դու Աստծու արդարությո´ւնը տես: Քանի դեռ Սողոմոնը հնազանդ էր Աստծու օրենքներին, բոլոր հեթանոս ազգերը հնազանդվում էին նրա իշխանությանը, սակայն, երբ նա աստվածային իշխանությանը չի հնազանդվում, կռապաշտները նույնպես բացահայտորեն սկսում են չհնազանդվել նրա հրամաններին: Օրինակ` եդովմացիների կռապաշտ թագավորը, որի անունը Ադեր էր, Սողոմոնի իշխանության հանդեպ թշնամանալով, մեծ նեղություններ է պատճառում նրան:

Դավիթը նախկինում` Եդովմի երկրին տիրելուց հետո, այնտեղ բերդ է կառուցում և մշտապես զորք  պահում, որպեսզի նրանք հնազանդ մնան իր իշխանությանը (Բ Թագ. 8:14, Ա Մնաց. 18: 13), սակայն նրանց մի կերպ հաջողվում է կոտորել Դավթի զորքը: Ուստի նրա հրամանով Հովաբը գնում և վեց ամիս այնտեղ է մնում, ու նրանց արու մարդկանց կոտորելիս հիշյալ Ադերը, որը եդովմացիների թագավորի որդին էր և դեռ փոքր էր, հոր ծառաներից մեկի հետ կարողանում է փախչել և ապաստանել Եգիպտոսի թագավորի մոտ: Թագավորը սույն արքայազուն մանկանը թոշակ է սահմանում և տուն-տեղ նվիրում, որ հանգիստ ապրի: Սրանից բացի, երբ Ադերը մեծանում է, ամուսնանում է փարավոնի քենու հետ և, այսպիսով, որպես փարավոնի փեսա` Եգիպտոսում բարձր դիրք  զբաղեցնում:

Թեև Ադերը  հանգիստ կյանք էր վարում Եգիպտոսում, երբ լսում է Դավթի և Հովաբի մահվան մասին, փարավոնի թույլտվությամբ վերադառնում է հայրենիք` Եդովմ, և որպես հոր ժառանգորդ` թագավորում է այնտեղ և երկար տարիներ ակամա հարկատու և հնազանդ լինում  Սողոմոնին: Սակայն երբ սա, Աստծուն բարկացնելով, կորցնում է նախկին փառքն ու շքեղությունը, Ադերը, իսկույն գլուխ բարձրացնելով և առանց ակնածելու նրա զորությունից, դուրս է թափում սրտում կուտակված թշնամության ու ատելության թույնը:

Նաև Դամասկոսի թագավորը` Ռազոն, որը հարկատու էր Սողոմոնին և նրա իշխանության հպատակն էր, այդ պահին ապստամբելով նրա դեմ և միավորվելով հիշյալ Ադերի հետ, Սողոմոնին շատ մեծ չարիք և նեղություն է պատճառում:

Սողոմոնը Երուսաղեմի և Սիոնի միջև  ձորակը լցնել տալու ժամանակ (տե´ս ԼԵ հարցը) եփրեմի ցեղից Հերոբովամ անունով ճարպիկ մի մարդու` աշխատողներին  վերակացու էր կարգել, որոնք, քար և հող կրելով, չարաչար նեղվում էին սույն  բեռնակրությունից: Հերոբովամը, որ սրանց ցեղակիցն էր, տեսնելով նրանց չարչարանքները, բարկանում է, սակայն միառժամանակ համբերում և իր գործին հետամուտ լինելով` շարունակում է պաշտոնավարել:

Մի օր, երբ Հերոբովամը դուրս էր եկել Երուսաղեմից, նրան է հանդիպում Աքիրա մարգարեն և ճանապարհից շեղելով` դաշտ տանում, և երբ երկուսով դաշտում մենակ են մնում Աքիրան, իր հագած նոր զգեստները պատռելով, տասներկու մասի է բաժանում, որոնցից տասը Հերոբովանին տալով` ասում է. «Կուռքեր երկրպագելու պատճառով Սողոմոնը բարկացրել է Աստծուն, Որը, նրա թագավորությունը բաժանելով, տասը մասը քեզ կտա, և որպեսզի Դավթի ճրագը չմարի, և Երուսաղեմը ամբողջությամբ չմերկանա իր փառքից, երկուսը կթողնի նրա որդուն, և եթե դու Աստծու պատվիրանները պահես այնպես, ինչպես Դավիթն էր պահում, Աստված հետդ կլինի, և թագավորություննդ էլ հաստատ կմնա»: Հերոբովամը, սույն խոսքերը լսելով, երբ թագավորությունը ձեռք բերելու համար քայլեր է ձեռնարկում, Սողոմոնը, նրա քայլերը չհավանելով, ցանկանում է սպանել, այն ժամանակ Հերոբովամը վախից փախչում է Եգիպտոս և մինչև Սողոմոնի մահը մնում այնտեղ:

Հարկ է նկատել, որ մինչ այդ ժամը ոչ մեկը չէր համարձակվում ընդդիմանալ Սողոմոնի կամքին, և թերևս այս է պատճառը, որ վերոհիշյալ ապստամբների խլրտումներն ու թշնամանքը ծանր են թվում Սողոմոնին և խոցում են սիրտը, սակայն անկարող է լինում պատժելու ապստամբներին: Քանի որ Աստված, բարկացած լինելով նրա վրա, թշնամիներին թույլ է տալիս, որ նեղություն և անհանգստություն պատճառեն նրան, որպեսզի նրանց միջոցով զգաստանա և առ Աստված վերադառնա և Նրա սուրբ սերն ու երկյուղը լիովին չհանի իր մտքից:

Դրանից բացի` ինչպես որ նրա իմաստությունը հռչակված էր ամբողջ աշխարհում, և մարդիկ փափագում  էին նրան տեսնել և նրա խոսքը լսել, այդպես էլ  նրա սխալների և հանցանքների մասին լսելով ու պատիժը տեսնելով` երկնչում են, որ Աստծուն բարկացնելով` Նրա բարկության սարսափելի հետևանքը, պատիժն ու պատուհասը չկրեն: Իրոք, Սողոմոնը աստվածային իրավունքին և օրենքներին հակառակ գործելու համար զղջում է (ինչպես պարզվում է ծերության ժամանակ գրած «Ժողովող» գրքից), սակայն նրա պատմությունը ողջ աշխարհում, ընդհանրապես բոլոր մարդկանց համար զարմանքի և խրատվելու նյութ է լինում, ուստի մարդիկ, քանի դեռ կենդանի են, պետք է երկյուղով և զգուշությամբ ապրեն, որպեսզի չսխալվեն, ու իրենց ողջ կարողությամբ խույս տան անզգամ կանանց չար հրապուրանքներից:

Սողոմոնը քառասուն տարի թագավորում է Երուսաղեմում և տակավին վաթսուն տարեկան չդարձած վախճանվելով` թաղվում է Սիոնում: Ահա այսպես սույն հողագնդից հեռանում է այն տաղանդավոր և անզուգական մարդը, որը միևնույն ժամանակ ահարկու և սիրելի էր ազգերին և ժողովրդներին, ինչպես նաև շատ թագակիր իշխանավորների, և որն իր բովանդակ կյանքով լուսավոր և պայծառորեն ցույց էր տվել, որ մարդկային կյանքն անհաստատ է, և ամեն ինչ ունայն է առանց Աստծու հատուկ պաշտպանության, ուստի միայն երկյուղն ու պատվիրանապահությունն առ Աստված կարող  են երջանկացնել մարդուն:

 

 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․