Ո՞վ է հաջորդում Եզեկիային:

Նրա Մանասե որդին: Սա տասներկու տարեկան էր, երբ թագավոր է դառնում, և թագավորում է հիսունհինգ տարի: Սակայն կռապաշտ լինելով` վերակառուցում է Եզեկիայի քանդած կուռքերի սեղանները և նորից անտառներ տնկելով` կուռքեր պաշտում և ժողովրդին էլ խրախուսում: Սրանից բացի, երկնքի աստղերի անուններով կուռքեր կառուցել տալով, երկրպագում էր դրանք` որպես աստվածներ: Մանասեն մինչև անգամ տաճարում շատ կուռքեր է դնում և, Աստծու համար պատրաստվածը կուռքերին հատկացնելով, իր որդիներին, ի պատիվ նրանց, կրակի միջով է անցկացնում` ասես նրանց ընծայելով, և զոհեր է մատուցում:

Այս ամբարիշտ արքան, թողնելով Աստծու մարգարեներին, պատվում էր կախարդներին և հավատում նրանց, թեև ճշմարիտ մարգարեները Աստծու հրամանով շատ են խրատում և հորդորում, սակայն լսելու փոխարեն շատերին սպանում է, մանավանդ Եսայի մարգարեին սպանում է՝ սղոցով երկու մասի բաժանելով, մինչ նա Աստծու հրամանն էր հաղորդում թագավորին: Նա այնքան է չարանում, որ իր անզգամությամբ գերազանցում է Աստծու հրամանների դեմ գնացող Իսրայելի և Հուդայի բոլոր թագավորներին:

Այս է պատճառը, որ Աստված բարկանալով ասորիների թագավորի ձեռքով պատժում է նրան, որ զղջա և ապաշխարի: Ասորեստանի թագավորի կարգադրությամբ զորքերի հրամանատարները, գալով Երուսաղեմ, կարողանում են բռնել Մանասե թագավորին և Բաբելոն են տանում՝ կապկպված, նրա ձեռքերն ու ոտքերը շղթաներ  անցկացնելով, ինչպես նաև պարանոցը  շղթայելով`բանտարկում:

Դու Մանասեի թշվառությո՛ւնը տես. նա, որ Հուդայի թագավոր լինելու ժամանակ Աստծուն ուրանալով, մարգարեներին սպանել է տալիս, սակայն, երբ բանտարկվում է, ոչ միայն զղջում է իր արածների համար, այլև սրտամորմոք հառաչանքներով սկսում է արտասվել և, ուղիղ սրտով Աստծու անհուն ողորմությունը հուսալով, պաղատանքներով աղոթքներ է ուղղում առ Աստված (Բ Մնաց. 33:12): Ու քանի որ Աստված ողորմած և բարեգութ է, ընդունելով նրա աղոթքները, նրան ազատում է դառնաղետ գերության վիճակից: Քանի որ Աստված Բաբելոնի արքայի սրտում գութ է դնում առ Մանասե թագավոր, և նա, ազատելով նրան, Երուսաղեմ է ուղարկում: Երբ նա վերստին բազմում է իր գահին, իր զղջումի համաձայն` մինչ  մահ հնազանդ և հավատարիմ է լինում Աստծուն, Երուսաղեմից և Հուդայից վերացնում է բոլոր կուռքերը և կուռքերին վերաբերող իրերը, որոնք  նախկինում ինքն էր պատրաստել:

Դրանից բացի, մաքրել տալով տաճարը, հրամայում է ըստ օրենքի սովորական զոհեր մատուցել Աստծուն: Նաև կարգադրում է, որ ժողովուրդը ոչ միայն հրաժարվի կուռքերից, այլև կատարելապես հնազանդվի Աստծուն և միայն Նրան ծառայի: Երուսաղեմի և մանավանդ Սիոնի պարիսպը դարձյալ կառուցելով` ամրացնում է և հզոր քաղաքներում զորք և զորավարներ  տեղակայում: Ապա երբ Մանասեն մահանում է, նրան, մի յուրահատուկ շուքով, թաղում են իր պարտեզում:

Մանասեի պատմությունը մեծ հույս և մխիթարություն է մեղավորներին, թե ինչպես նրա նման կատարելապես զղջան և ապաշխարեն` օրինակ ունենալով նրա աղոթքն ու պաղատանքը, որը Մեծ պահքի ժամանակ կարդացվում է Սուրբ Եկեղեցում (Տե´ր ամենակալ, Աստված Աբրահամի և Հակոբի... (Ժամագիրք)):

Մանասեին հաջորդում է նրա Ամոն որդին, որը, հետևելով հոր սկզբնական չար վարքին, նորից վերականգնում է նրա վերացրած կուռքերը և երկրպագում դրանք: Ամոնը հակված էր հոր վատ օրինակին, սակայն նրա նման զղջալով ուղղվելու և ապաշխարելու ժամանակ չի ունենում, քանի որ նրա ծառաները միավորվելով հենց իր պալատում սպանում են նրան: Թեև ժողովուրդը,  դա իմանալով, վրեժխնդիր է լինում` պատժելով այդ մարդկանց, սակայն թշվառ Ամոնը միայն երկու տարի թագավորելուց հետո իր անօրեն վարքի մեջ էլ մահանում է:

Այստեղ հարկ է նկատել, թե ինչպես մեղավորները, Մանասե թագավորի կյանքի օրինակն աչքի առջև ունենալով, կարող են մեծապես մխիթարվել և ամեն պարագայում Աստծու անսահման ողորմությանը և գթությանն ապավինելու համարձակություն ունենալ, նույն ձևով էլ նաև Ամոնի վիճակի և նրա թշվառ վախճանի մասին խորհելով` պարտավոր են երկնչել, որ միգուցե նրա նման զղջալու ժամանակ չգտնելով` մեղքի մեջ մահանան:

 
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․