6 Հոկտեմբեր, Կիր
Պատասխան – Ոմանք կարծեցին, թե զգեստի բորոտությունը ցեցի կերածն է: Սակայն այս մեկնությունն անհիմն է, քանզի ցեցի կերածը միայն բրդեղեն է լինում: Ուստի Մովսեսը չի խոսում ցեցի կերած զգեստների մասին:
Համապատասխան մեկնությունն այս է. բորոտած զգեստ ասելով՝ բորոտ մարդկանց հանդերձը պետք է հասկանալ, մանավանդ՝ շապիկները, քանզի երբ հոտած արյունախառն թարախ կամ ուրիշ խեժային ժանտ և կծու հյութ, որ բորոտի մարմնից էր արտադրվում ու տարածվում զգեստների վրա. Մովսեսի ասածի պես կարմիր, կանաչ, դեղին հետք էր թողնում, որ կծվության միջոցով «ուտում» էր զգեստը և մաշում այն: Եթե լվացվի այդ հանդերձը, կպատռվի, և վրայի հետքերը դժվարությամբ կանցնեն: Ուստի Մովսեսը հրամայում է, որ այդպիսի ապականված զգեստն այրվի ու չլինի, թե մեկը հագնի և բորոտությամբ վարակվի: Բորոտին բուժում չկա, եթե անգամ դեղ տաս, քանի այդ արյունախառն թարախով պատված զգեստը վրան է:
Այս կանոնը բժիշկները ևս գործածում են, երբ այդպիսի ախտակրի մոտ են գնում. նոր հանդերձ են հագցնում, որ հանկարծ չլինի, թե հին զգեստի ախտն անդարձ լինի: