Աստծու հրամանով Հովհաննես Մկրտչի հորը՝ Զաքարիա քահանային, Գաբրիել հրեշտակի կողմից որդու ծննդյան ավետիսը տրվելու օրից: Զաքարիան և նրա կինը՝ Եղիսաբեթը, որ Ահարոնի ցեղից էր, երկուսն էլ արդար էին և ըստ ամենայնի բարեպաշտ ու երկյուղած կյանք էին վարում աստվածային պատվիրանների համաձայն: Եղիսաբեթն ամուլ էր, նրանք զավակ չունեին, և երկուսն էլ արդեն ծեր էին:
Աստծու կամքով Փրկչի գալստյան ժամանակը մոտեցել էր: Երբ Զաքարիա քահանան օրենքի համաձայն տաճարում խունկ էր ծխում, Գաբրիել հրեշտակը երևաց նրան: Քանի որ հրեշտակի ներկայությունից նա սաստիկ վախեցավ, հրեշտակը շտապեց հանգստացնել նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր, աղոթքդ ընդունվեց. կինդ՝ Եղիսաբեթը, մի որդի կծնի քեզ համար, որի անունը Հովհաննես կդնես: Օղի կամ գինի չպիտի խմի, մոր արգանդից սկսած՝ Աստծու շնորհով պիտի մեծանա: Աստծու առջև մեծ է լինելու, նրա ծննդով մարդիկ պիտի ուրախանան: Աստվածային փառքին նախանձախնդիր՝ Եղիա մարգարեի նման եռանդով քարոզելու է ժողովրդին, նրան իր չար ճանապարհից դարձնելով՝ պիտի պատրաստի Քրիստոսին հնազանդվելու»:
Այստեղ կատարվեց Հովհաննեսի մասին Մաղաքիա մարգարեի բերանով արված կանխասացությունը, որ Սուրբ Գրքում կարդում ենք իբրև երկնային վճիռ և պատգամ: Որքան էլ որ Զաքարիան ի սրտե ուրախանում է ավետված լուրից, բայց իր և կնոջ ծերությանը նայելով՝ տարակուսանքով հարցնում է հրեշտակին, թե ինչպե՛ս իմանա, որ դա հնարավոր է: Հրեշտակը պատասխանում է. «Իմ խոսքին չհավատալուդ համար պիտի համրանաս, մինչև որ ասածներս կատարվեն»: Իրոք, Զաքարիայի լեզուն իսկույն բռնվում է: Ժողովուրդը, որ դրսում սպասում էր, զարմանում է տաճարում նրա սովորականից ավելի երկար մնալու վրա, իսկ երբ նա դուրս եկավ ու սկսեց նշանացի խոսել, որովհետև խոսել չէր կարող, հասկացան, որ տեսիլք է տեսել