22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Որպեսզի չասեն, թե մարդկանցից փառավորվելու համար է հրաշք գործում: Որովհետև չնայած հաճախ այդպես պատվիրում էր, սակայն նախանձները դարձյալ նրան մեղադրում էին: Ինչպես որ երբ հիշյալ կույրերը բժշկվելուց հետո հազիվ դուրս եկած՝ նրա մոտ մի համր դիվահարի բերեցին, որ բժշկի: Հենց որ Հիսուսը նրա դևը հանեց, նրա լեզուն բացվեց, և նա սկսեց խոսել, ու թեև ժողովուրդը զարմացած խոստովանում էր՝ ասելով, թե՝ «Այսպիսի բան Իսրայելի ազգի մեջ երբեք տեսնված չէ», փարիսեցիները նորից ասում են. «Նա դևերի իշխանի զորությամբ է դևերը հանում»:
Հետո Կափառնայումից մեկնելով՝ գալիս է Նազարեթ քաղաքը. առաքյալները ևս գնում են նրա հետևից: Եվ երբ շաբաթ օրը քարոզում է ժողովրդին, նայելով նրա գիտությանը, իմաստությանն ու գործած հրաշքներին՝ շատերը զարմանում են ու սկսում են իրար ասել. «Սա որտեղի՞ց այսքան իմաստություն ունի, և այդ ի՞նչ զորություն է, որ սրա ձեռքով է կատարվում»: Մանավանդ (ինչպես Թ. հարցում հիշատակվեց), քանի որ Հիսուսը Եգիպտոսից վերադառնալուց հետո մինչև երեսուն տարեկան հասակը Նազարեթում էր բնակվել, միմյանց հարցնում էին. «Մի՞թե սա հյուսնի և Մարիամի որդին չէ, և մի՞թե նրա ազգականները մեզ մոտ չեն»: Եվ այսպես նրանց անհավատության պատճառով Հիսուսն այնտեղ շատ հրաշքներ չգործեց, միայն մի քանի հիվանդների վրա ձեռքը դնելով բժշկեց մարդասիրաբար:
Քանի որ Նազարեթի բնակիչները չճանաչեցին իրենց բաժին աստվածային ողորմությունը, այս անգամ Հիսուսն այնտեղ երկար չի մնում և ուրիշ տեղեր է գնում քարոզելու, իրեն դիմող վատառողջ ու հիվանդ բոլոր մարդկանց բժշկում է, ու գթալով ժողովրդին, որ հովիվ չունեցող ոչխարի հոտի նման այստեղ ու այնտեղ ցրված տառապում էր, ելնում է լեռն ու ամբողջ գիշեր աղոթքով անցկացնում: Եվ երբ առավոտ է լինում, աշակերտներից տասներկուսին կանչելով՝ առաքյալ է անվանում նրանց: Դրանք են՝ առաջինը Սիմոնը, որին Պետրոս անվանեց, նրա եղբայր Անդրեասը, Հակոբոսն ու նրա եղբայր Հովհաննեսը, որ Զեբեդեոսի որդիներն էին, Փիլիպոսը, Բարդուղիմեոսը, Թովմասը, Մատթեոս մաքսավորը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Զեբեոսը, որ Թադեոս անվանվեց, Հակոբի որդի Հուդան, Սիմոն Կանանացին, որ կոչվեց Շմավոն Նախանձահույզ, և Հուդա Իսկարիովտացին, որ մատնեց Հիսուսին:
Անհրաժեշտ շնորհն ու զորությունն է պարգևում սրանց, որ գնան ժողովրդին քարոզելու և բոլոր հիվանդներին բժշկելու: Թեպետև Հիսուսը կարևոր շնորհն ու զորությունը տվեց առաքյալներին, բայց միևնույն ժամանակ իրենց պաշտոնի կիրառության մեջ ինչպես վարվելու մասին որոշ հրահանգներ ևս տալուց բացի, հայտնում է, թե տարբեր նեղություններ պիտի կրեն, թե իրենց ընդունողները վարձ պիտի ստանան, իսկ իրենց մերժողները, ընդհակառակը, դատաստանի օրը Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչներից ավելի մեծ պատժի պիտի արժանանան: Սա կանխապես հայտնեց նրանց, որպեսզի մարմնավոր նեղություններ պատահելիս աներկյուղ և ուրախությամբ կրկին համբերեն, որովհետև իրենց կրած նեղության փոխարեն ոչ միայն իրենք երկնային անվախճան ուրախության կարժանանան, այլև իրենց անվամբ մի բաժակ սառը ջուր տվողն անգամ իր վարձը չպիտի կորցնի:
Ապա առաքյալների հետ լեռից իջնելով՝ Հիսուսը մի հարթ վայր ընտրեց քարոզելու համար. ամբողջ Հրեաստանից, Տյուրոս և Սիդոն քաղաքների ծովեզերքից անհամար ժողովուրդ եռանդագին սիրով գալիս է նրա մոտ՝ քարոզությունը լսելու և բժշկվելու: Եվ նրանց բոլոր հիվանդներին բժշկելուց բացի ամենքին հոգևոր խրատներով է մխիթարում: Եվ ապա առաքյալներին նայելով՝ երանի է տալիս նրանց ու բոլոր առաքինի մարդկանց, որպեսզի ուրախ լինեն:
Որովհետև աշխարհիկ ունեցվածքը, զվարճությունն ու մեծությունը իրենց անվան փառքի համար թողնելով՝ նրանք բնական և պատահական ամեն չարիքի և նեղության համբերելու իրենց հոժարակամ հանձնառության համար շատ մեծ վարձ պիտի ունենան երկնքում: Հակառակ սրան՝ վա՜յ է տալիս այն մարդկանց, որոնք աշխարհիկ բարիքների, մեծության ու զբոսանքների են անձնատուր եղած. սրանց պատիժն էլ պետք է մեծ լինի հանդերձյալ աշխարհում:
Երբ առաքինիների վարձի և աշխարհասերների պատժի մասին կանխապես հայտնեց, որ զգաստանան, այնուհետև այնտեղ ներկա ժողովրդին սկսեց նորից քարոզել ու տեսակ-տեսակ հարցերի մասին խոսել և առաքինության հասնելու միջոցների մասին խրատներ ու պատվերներ տալ, որպեսզի ամեն կերպ կատարյալ լինեն, ինչպես որ վայել է իրեն ճշմարտապես հետևողներին:
Այնուհետև Հիսուսն առաքյալներին ուղարկում է, որ գնան և ժողովրդին քարոզեն: Եվ թեպետ, ինչպես վերևում հիշվեց, չափազանց շատ ժողովուրդ էր հավաքվել այնտեղ, որ լսել էր վերոիշյալ խրատներն ու պատվերները, այդուհանդերձ որոշում է գնալ և նրանց քաղաքներում նույնպես առանց հոգնության քարոզել՝ հօգուտ և ի բարօրություն ամենքի:
Երբ ժողովրդին այսպիսի խրատներ և հրահանգներ տալուց հետո Հիսուսը Կափառնայում եկավ, հեթանոսներից մի հարյուրապետ, որ հրեաներին շատ սիրով էր վերաբերվում և նույնիսկ նրանց ժողովարանն էր կառուցել տվել իր անձնական գումարով, հրեաների ծերերից մի քանիսին ուղարկում է Հիսուսի մոտ, որ բարեհաճի բժշկել իր մի պատվական ծառայի, որը ծանր հիվանդ էր, որովհետև լսել էր նրա անունը և գործած հրաշքների մասին ու կատարյալ հավատով հույս ուներ, որ եթե նա կամենա, կարող է իր ծառային բժշկել մինչև իսկ մեկ պարզ խոսքով:
Վերոհիշյալ ծերունիները, Հիսուսի մոտ գալով, աղաչում են նրան՝ ասելով. «Արժանի է նա, որ դու այս օգնությունը ցույց տաս իրեն, քանի որ սիրում է մեր ազգը, և մեր ժողովարանն էլ ինքն է կառուցել մեզ համար»: Ուստի Հիսուսը կամեցավ նրանց հետ գնալ, բայց հիշյալ հարյուրապետը, լսելով, որ նա անձամբ է գնում, մարդ է ուղարկում իմաց տալու, որ նեղություն չկրի: «Որովհետև,- ասում է,- ես արժանի չեմ քեզ տանս մեջ ընդունելու: Այդ պատճառով ես անձամբ քեզ մոտ գալու արժանի չհամարեցի իմ անձը: Միայն մի խոսքդ բավական է, որ իմ ծառան բժշկվի»:
Թեպետև հիշյալ հարյուրապետը այսպիսի խոնարհ խոսքերով պատգամավոր ուղարկեց Հիսուսի մոտ, բայց մտածելով, որ գուցե Հիսուսը նորից նեղություն կրի իր տուն գալու, անմիջապես ինքն էլ, նրան դիմավորելով, ասում է. «Տե՛ր, ես էլ իշխանության ստորադաս մի պաշտոնյա եմ և իմ ենթակայության ներքո զինվորներ ունեմ, որոնց եթե միայն հրամայում եմ գնալ, գնում են, հրամայում եմ գալ, գալիս են: Եվ եթե ծառայիս այսինչ գործը կատարելու հրաման տամ, անմիջապես կկատարի»: Այս խոսքերով նա խոստովանում է, որ Հիսուսն ամենակարող է ու ամենայնի իշխան: Այդ պատճառով Հիսուսը, զարմանալով նրա հավատի մեծության վրա, դառնում ու ժղովրդին ասում է. «Այսպիսի հավատ Իսրայելում անգամ չգտա»:
Հիրավի, հիշյալը, կռապաշտ ազգից լինելով, այսպես կատարյալ կերպով հավատաց, մինչդեռ իսրայելացիները նույն հավատը չունեցան: Դրա համար Հիսուսը վճռում է, որ մարդիկ, արևելքից և արևմուտքից գալով, արքայության մեջ Աբրահամի, Իսահակի և Հակոբի հետ պիտի բազմեն, բայց հրեաները դրսի խավարի մեջ պիտի լան և ատամ կրճտացնեն: Ապա հարյուրապետին ասում է. «Գնա՛, ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ համար»: Եվ նրա հիվանդն իսկույն բժշկվեց:
Հաջորդ օրը, երբ Կափառնայումից մեկնելով՝ Հիսուսն ուրիշ տեղ քարոզելու էր գնում, առաքյալները և ուրիշ շատ մարդիկ գնում էին նրա հետ: Նային քաղաքի դարպասին մոտեցած ժամանակ քաղաքի բնակիչները դուրս հանած տանում էին մի մեռյալի, որի մայրը որբևայրի կին էր և նրանից բացի ուրիշ զավակ չուներ: Հիսուսը նրան տեսնելուն պես գթաց նրան և «Մի՛ լար» ասելով՝ մոտեցավ դագաղին: Այդ պատճառով դագաղակիրները կանգնեցին: Այնժամ Հիսուսն ասաց մեռածին. «Պատանի՛, քեզ ասում եմ՝ արի՛»: Այս խոսքը նրա բերանից դուրս գալուն պես մեռյալն իսկույն ելնում ու նստում է և սկսում խոսել: Ժողովուրդը, այս տեսնելով, երկյուղածությամբ փառավորում է Աստծուն, որ ողորմեց Իսրայելի իր ժողովրդին:
Մինչ Հիսուսի գործած հրաշքների ականատեսները և դրանց մասին լսողները հիացմունքով զարմանալով զարմանում էին, այս հրաշագործությունն այն աստիճանի արձագանք է գտնում ժողովրդի բոլոր խավերի մեջ, որ ամբողջ Հրեաստանում և շրջակա երկրներում նրա անունը բոլորի խոսակցության առարկան է դառնում, և փառքը մեծանում է: Մանավանդ որ (ինչպես ԺԹ. հարցում հիշվեց) Հովհաննես Մկրտիչն այդ ժամանակ բանտարկված էր, և երբ նրա աշակերտները գնացին ու իրենց վարդապետին պատմեցին Հիսուսի հրաշագործությունները, նա, աշակերտներից երկուսին ուղարկելով Հիսուսի մոտ, հարցնում է. «Դո՞ւ ես, որ պիտի գաս, թե՞ ուրիշին սպասենք»: